Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան |
Մասնագիտություն | ուղղափառ քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս և արքեպիսկոպոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Pargev Martirosyan Վիքիպահեստում |
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (մարտի 20, 1954, Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, Արցախի հերոս[1]։
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը (ավազանի անունը՝ Գուրգեն) ծնվել է 1954 թվականին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ Արմատներով Հյուսիսային Արցախի հայտնի Չարդախլի գյուղից է: 1966 թվականին Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 132 մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրատեխնիկական ֆակուլտետում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ (այժմ՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան), որն ավարտել է 1976 թվականին[2]։ Նրա ավարտաճարը «Բարոյականության և արվեստի խնդիրը Մ. Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպում» թեմայով արժանացել է առաջին տեղի և ոսկե մեդալի ավարտաճառների համամիութենական մրցույթում:
Ինստիտուտն ավարտելուց հետո ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Խորհրդային Հայաստանի Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ գյուղում, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 թվականներին աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980 թվականին ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983 թվականին ձեռնադրվել է սարկավագ։ 1984-1985 թթ. աշխատել է Էջմիածնի գանձատան փոխտնօրեն, այնուհետև՝ տնօրեն: 1985 թվականի սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1986 թ. նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ և ջատագովական աստվածաբանության դասախոս (մինչև 1989 թ.)՝ հեռակայելով ուսումն ասպիրանտուրայում: 1987 թվականին Լենինգրադի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրան ավարտելով ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան և նշանակվել Ս. Հռիփսիմե վանքի վանահայր՝ շարունակելով դասախոսել ճեմարանում։ 1987 թվականի ապրիլին ստացել է Վարդապետի, իսկ 1988 թվականին՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան։ 1988 թվականի նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը Վազգեն Ա կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ 1999 թվականի մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ։
1999-2009 թթ. Պարգև արք. Մարտիրոսյանը եղել է Համաշխարհային եկեղեցիների խորհրդի Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «կլոր սեղանի» նախագահ:
2021թ. հունվարի 21-ին ազատվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել է հատուկ հանձարարություններով հայրապետական նվիրակ։
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 5 գրքի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է, 4 գրքերի թարգմանիչ, «Միստիկ երկիր առան» (2019 թ.) և «Աղոթք Հայաստանի համար» (2024 թ.) ֆիլմերի համահեղինակ:
2004 թվականից Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագահը[2]։
2008-ից հանդիսանում է Վ. Բրյուսովի համալսարանի շրջանավարտների միության նախագահ:
1991 թ. Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ է:
2000 թվականից Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հայկական հեռուստատեսությամբ վարում էր «Հոգևոր անվտանգություն» հաղորդաշարը։ 2003 թվականից վարում է նմանատիպ հեռուստահաղորդում Արցախի հանրային հեռուստատեսությամբ՝ «Հոգևոր զրույց» անվամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան» հոդվածին։ |
|