Պեր Նոյել | |
---|---|
Տեսակ | Ժողովրդական բանահյուսության ձմեռային կերպարներ և գեղարվեստական անձ |
Santa Claus in France Վիքիպահեստում |
Պեր Նոյել (ֆր.՝ Père Noël, Ծննդյան պապիկ), բանահյուսական կերպար Ֆրանսիայում և ֆրանսախոս այլ երկրներում, ով Ծննդյան տոնի գիշերը երեխաներին նվերներ է բաժանում[1]։
Ձմեռային բանահյուսական կերպարների արմատները գալիս են դարերի խորքից։ Հեթանոսական հնագույն պաշտամունքին միահյուսվել է նախնիներին հին հռոմեական պաշտամունքը, որին էլ փոխարինելու է եկել քրիստոնեական ավանդույթը. այն ձևավորվել է Հին և Նոր կտակարանների հիմքի վրա։ Այդպիսի պաշտամունք է սուրբ Նիկողայոսի պաշտամունքը, որի հիշատակը նշվում է դեկտեմբերի 6-ին. արդյունքում նրա կերպարը վերափոխվել է գերմանա-հոլանդական Սինտերկլաասի (հոլ.՝ ), ապա` Սանտա Կլաուսի կերպարին[2]։
Հավանաբար հենց այդ նույն ժամանակ ժամանակակից Պեր Նոյելի նախատիպն առաջին անգամ հատնվել է ժամանակակից Ֆրանսիայի տարածքում` Լոթարինգիայի հարևանությամբ, որտեղ, լեգենդի համաձայն, նա այցելել է խելոք, հնազանդ երեխաներին և նրանց նվերներ պարգևել։ Նա երբեմն շրջել է իր անտագոնիստ Պեր Ֆուետարի հետ, ով զինված է եղել մտրակներով և պատժել չար, անհնազանդ երեխաներին[3]։
Ֆրանսերենի բառապաշարի պատմական հիմքի համաձայն (ֆր.՝ Base historique du vocabulaire français)` պահպանված գրավոր տեքստերում Պեր Նոյելի անունն առաջին անգամ հիշատակվել է «Հումորային ամսագիր լուրջ մարդկանց համար» (ֆր.՝ La Revue comique à l'usage des gens sérieux) ամսագրի` 1848 թվականի դեկտեմբերի 23-ի համարում[4]։
—Ո՞վ է այդտեղ։
— 1848 թվականի ծերուկ Պեր Նոյելը։ —Խաբեբա։ —Ոչ մի խաբեություն։ Ես իսկապես Պեր Նոյելն եմ, ով ձեզ հյուր է եկել։ Բացե'ք դուռը, ես մեռնում եմ ցրտից։ —Այդ դեպքում նե'րս մտեք։ Սակայն ճիշտն ասած, ես Ձեզ չէի սպասում։ Ինչու՞ Դուք սովորականի պես ծխնելույզով չմտաք։- La Revue comique à l'usage des gens sérieux[5]
|
Այնուհետև այս խոսակցությանը հաջորդում է հումորային երկար երկխոսություն 19-րդ դարի կեսերի քաղաքական թեմաներով։ Այս պատմությունն ավարտվում է հետևյալ կերպ.
—Բարի ճանապարհ, Պեր Նոյել, մինչ հաջորդ տարի, եթե իհարկե, այս աշխարհում կլինենք։ - La Revue comique à l'usage des gens sérieux[5]
|
Հումորային ամսագրում առաջին անգամ հիշատակվելուց մի քանի տարի անց Պեր Նոյելի անունը վերադառնում է։ Հաջորդ անգամ այն կերպավորվել է գրող Ժորժ Սանդի ստեղծագործություններում` «Իմ կյանքի պատմությունը» բազմահատոր երկում, որը լույս է տեսել 1855 թվականին։
Ես չեմ մոռացել իմ բացարձակ հավատն առ այն, որ փոքրիկ, բարի, սպիտակամորուս Պեր Նոյելը իջնում է ծխնելույզով։ Նա պետք է հայտնվի կեսգիշերին և նվերով գուլպան թողնի, որը մենք պետք է հայտնաբերեինք արթնանալիս։ - Ժորժ Սանդ, «Իմ կյանքի պատմությունը»[6]
|
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մարշալի պլանի ու Կոկա-Կոլայի հետ Նոր աշխարհից Ֆրանսիա է ներթափանցել ժամանակակից Պեր Նոյելը, որը պատճենվել է ամերիկյան Սանտա Կլաուսից. նա առույգ, սպիտակամորուս ծերուկ է` կարմիր-սպիտակ կիսամուշտակով, համանման գլխարկով, սև ճտքավոր կոշիկներով ու կարմիր գոտիով։ Նա չեղարկեց Ձմեռ պապի մասին մինչ այդ եղած պատկերացումները` ակտիվորեն տարածում գտնելով առևտրում ու գովազդներում[7]։
Այդ երևույթը դուր չեկավ կաթոլիկ եկեղեցու` ուղղափառ տրամադրվածություն ունեցող հոգևորականներին. նրանք Պեր Նոյելին համարում էին հեթանոսական կերպար և հնարավորինս պայքարում նրա դեմ։ Այսպես, 1951 թվականի Ծննդյան տոների նախօրեին` դեկտեմբերի 24-ին, Ժակ Նուրիս անունով 34-ամյա հոգևորականը Դիժոնի քաղաքային եկեղեցու ցանկապատին է դեմ տվել Պեր Նոյելին հիշեցնող խրտվիլակ և մի քանի հարյուր երեխաների աչքի առաջ այրել այն[8][9]։ Դիժոնի եկեղեցին Պեր Նոյելին անվանել է «հերետիկոս և բռնակալ»` այդ առիթով գրելով. «Դա ոչ թե ատրակցիոն էր, այլ խորհրդանշական դրսևորում [...]: Սուտը չի կարող երեխայի մեջ հոգևոր զգացմունքներ առաջացնել և դառնալ նրան դաստիարակելու միջոց։ Քրիստոնյաներիս համար Ծննդյան տոնը պետք է մնա որպես Փրկչի ծննդի տոն»։ Եպիսկոպոսությունը սատարել է դիժոնյան նախաձեռնությունը և տարածել հայտարարություն, որում մասնավորապես ասվում էր. «Պեր Նոյելն ու տոնածառը թույլատրվում են հասարակական դպրոցում այն դեպքում, երբ դրանք համարվում են հեթանոսական ծեսերի ժառանգություն, որոնք կապված են բնության պաշտամունքի հետ և որևէ առնչություն չունեն քրիստոնեությանը։ Նույն ժամանակ աշխարհիկ բնույթի պատճառաբանությամբ շատ դպրոցներ հապճեպորեն հրաժարվում են մսուրի գաղափարից»։ Դիժոնի քաղաքապետարանը իր անհամաձայնությունն է արտահայտել հոգևորականների գործողություններին. նա Պեր Նոյելի կերպարով ֆիգուր է տեղադրել քաղաքապետարանի տանիքին[9][10]։
Չնայած եկեղեցու անհամաձայնությանը` Պեր Նոյելի կերպարը ավելի ու ավելի լայն տարածում է գտել Ֆրանսիայում։
1962 թվականին Ֆրանսիայի` փոստի և հեռահաղորդակցության նախարար Ժակ Մարետը Ֆրանսիայի փոստի գլխավոր բաժանմունքում` Փարիզում, բացել է Պեր Նոյելի քարտուղարություն, որը պատասխանատու է երեխաների` Պեր Նոյելին ուղարկված նամակների պատասխանների համար։ Պեր Նոյելի առաջին քարտուղարը դարձել է մանկաբույժ և հոգեվելուծաբան Ֆրանսուազա Դոլտոն` նախարար Մարետի քույրը[11]։ 1967 թվականին բյուջեի գծով պետական քարտուղար, Լիբուռնի քաղաքապետ Ռոբեր Բուլենի ջանքերով Պեր Նոյելի քարտուղարությունը տեղափոխվել է այդ քաղաքի փոստային բաժանմունք, որը լիազորված էր բացելու Պեր Նոյելին ուղարկված բոլոր նամակները[12]։ Փոստային այս բաժանմունքին մեծ հաջողություն է ուղեկցել։ 2007 թվականին Պեր Նոյելին ուղարկվել է 1.6 միլիոն նամակ, 130 երկրից հաղորդագրություն, որից 1.43 միլիոնը` թղթային նամակներ և 181.200 հաղորդագրություն էլեկտրոնային փոստով (www.laposte.fr/pere-noel): Քարտուղարության աշխատակիցերի թիվը եղել է մոտ 30, ովքեր Ծննդյան տոներին ընդառաջ վարձակալվում են ութշաբաթյա պայմանագրով[13]։ Այդ ժամանակից ի վեր ստացվող նամաների թիվը կայունացել է[14]։ 2012 թվականին Պեր Նոյելի անունով ստացվել է 1.700.000 նամակ և 200.000 էլեկտրոնային հաղորդագրություն ավելի քան 120 երկրից։ Ամեն երեխա կարող է մտածել ցանկացած հասցե և ուղարկել նամակ. կարևորն այն է, որ նշվի այն մասին, որ նամակն ուղղված է Պեր Նոյելին, և այն կհասնի Լիբուռն և կմշակվի։ 2014 թվականին Պեր Նոյելի փոստային ծառայության պատմությունը նկարագրվել է Վալերի Ինես դե լյա Վիլլի և Անտոըան Ժորժեի գիտական գրքում[15]։
Կանադայի ֆրանսախոս Քվեբեկ նահանգում գործում է Պեր Նոյելի փոստ։ Այն նույնիսկ ունի առանձին փոստային ցուցիչ` H0H 0H0, որը հիշեցնում է ամերիկյան Սանտա Կլաուսի ծիծաղը` հո-հո-հո (Ho-ho-ho): Այս ծառայությունը ձևավորվել է 1974 թվականին Մոնրեալի փոստային բաժանմունքում։ Հենց այդ թվականին են ծառայողները որոշել պատասխանել Պեր Նոյելին ուղղված նամակներին (մինչ այդ դրանք ուղարկման ենթակա չեն եղել), որպեսզի չհիասթափեցնեն դրանք ուղարկողներին` երեխաներին։ Սակայն այդ նամակների թիվը տարեցտարի աճում էր, այնպես որ փոստային բաժանմունքի աշխատակիցները չէին հասցնում պատասխանել դրանց։ 1983 թվականին թողարկվել է պաշտոնական ծրագիր նման հաղորդագրությունները մշակելու համար։ Ամեն տարի կանադական Պեր Նոյելի անունով ստացվում է մոտ մեկ միլիոն նամակ, և դրանք ուղարկողներից յուրաքանչյուրը պետք է ստանա պատասխան[16]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պեր Նոյել կատեգորիայում։ |