Պինդ վառելանյութը այն պինդ մարմնային վիճակում գտնվող նյութերն երբ, որոնք օգտագործվում են որպես վառելանյութ՝ էներգիա ստանալու կամ ուղղակի տաքացման համար։
Պինդ վառելանյութի հիմնական տեսակներն են՝ հանածո ածուխները, տորֆը, այրվող թերթաքարերը և փայտանյութը։ Հանածո ածուխները, տորֆը և թերթաքարերը օգտագործվում են ոչ միայն որպես պինդ վառելանյութ, այլ նաև արհեստական եղանակով հեղուկ և գազային վառելանյութ ստանալու համար։
Վառելանյութ | C-ի տոկոսային պարունակությունը | H-ի տոկոսային պարունակությունը | O-ի և այլ էլեմենտների տոկոսային պարունակությունը | Ջերմարար ունակությունը կկալ/կգ-ով |
---|---|---|---|---|
Փայտանյութ | 50 | 6 | 44 | 4500 |
Տորֆ | 59 | 6 | 35 | 5400 |
Գորշ ածուխ | 69 | 5.5 | 25.5 | 6700 |
Քարածուխ | 82 | 4.3 | 13.7 | 8400 |
Անտրացիտ | 95 | 2.2 | 2.8 | 8100 |
Այրվող թերթաքարեր (օրգանական մասը) | 75 | 9 | 16 | 8100 |
Նավթ (այն պինդ վառելանյութ չէ) | 85.5 | 14.2 | 0.3 | 10500 |
Հանածո ածուխներն առաջացել են երկրաբանական վաղուց անցած դարաշրջանների բուսականության քայքայման հետևանքով։ Որքան ավելի հին է ածուխը, այնքան ավելի ուժեղ է ընթացել բույսերի օրգանիզմների բաղադրությունը կազմող օրգանական նյութերի քայքայման պրոցեսը և նույնքան ավելի է ածխածնի պարունակությունը նրա մեջ։
Հանածո ածուխներից առավել հնագույնը անտրացիտն է։ Նա ածուխների մեջ ամենապինդն է և ունի փայլ։ Ամենից ջահելը՝ գորշ ածուխն է։ Նրա մեջ երբեմն կարելի է նկատել դեռևս չքայքայված բուսական մնացորդներ։ Ըստ տարիքի և ածխածնի պարունակության, քարածուխը գրավում է միջանկյալ դրություն։ Նա առավել մեծ քանակությամբ է արդյունահանվում և ծախսվում։ Նրա տեսակներից մի քանիսը գործադրվում են կոքսի արտադրության համար, որը կարելի է դիտել որպես արհեստական եղանակով ստացված պինդ վառելանյութերի մի տեսակ։ Գորշ ածուխը, որպես ածխածնով ամենից ավելի աղքատը, սովորաբար հեռավոր տարածություններ չի փոխադրվում, այլ սպառվում է տեղում։
Վառելանյութի կարևոր տեսակ է նաև տորֆը։ Տորֆը գոյանում է ճահիճների հատակին, ճահճային մահացող բույսերի քայքայումից։ Այդ բույսերի մնացորդները կարելի է հեշտությամբ զզնել տորֆի մեջ։ Ածխածնի պարունակությունը նրա մեջ համեմատաբար մեծ չէ, ուստի այն առավելապես օգտագործվում է որպես տեղական վառելանյութ։
Այրվող թերթաքարերը օրգանական նստվածքային գոյացումներ են, որոնք պարունակում են կենդանիների և բույսերի հանքային մնացորդներ և անօրգանական ծագում ունեցաղ նստվածքներ։ Այդ պատճառով էլ թերթաքարերը այրվելիս մոխիր շատ են առաջացնում։
Փայտանյութը որպես արդյունաբերական վառելանյութ գնալով ավելի քիչ գործադրություն է գտնում։ Ավելի հարմար է այն օգտագործել որպես շինանյութ և քիմիական վերամշակման օգնությամբ ստացվող զանազան արժեքավոր արտադրանքներ՝ սպիրտ, քացախաթթու, ացետոն, արհեստական մանրաթել ստանալու համար և այլն։
Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։