Պյոտր Երշով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22 (մարտի 6), 1815[1] |
Ծննդավայր | Ershovo, Ishimsky Uyezd, Տոբոլսկի գուբերնիա, Siberian Governorate-General, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 18 (30), 1869 (54 տարեկան) |
Վախճանի վայր | Տոբոլսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Zavalnoye cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, մանկագիր, արձակագիր, դրամատուրգ և ուսուցիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան |
![]() |
Պյոտր Պավլովիչ Երշով (ռուս.՝ Пётр Па́влович Ершо́в, փետրվարի 22 (մարտի 6), 1815[1], Ershovo, Ishimsky Uyezd, Տոբոլսկի գուբերնիա, Siberian Governorate-General, Ռուսական կայսրություն - օգոստոսի 18 (30), 1869, Տոբոլսկ, Արևմտասիբիրական գեներալ-նահանգապետություն, Ռուսական կայսրություն), ռուս բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հեղինակել է «Կուզիկ-Քուռկիկ» չափածո հեքիաթը, որը դարձել է ռուսական գրականության դասական նմուշ։
Պյոտր Երշովը ծնվել է պետական պաշտոնյա Պավել Ալեքսեևիչ Երշովի (1784-1834) ընտանիքում։ Հայրը ծառայության հետ կապված գործերով հաճախ է տեղափոխվել։ Երշովներն անցել են մի շարք կազակական բնակավայրեր, այցելել այնպիսի վայրեր, որտեղ դեռ թարմ էին Երմակի ու Պուգաչյովի ժամանակների ավանդույթները։ 1824 թվականն ծնողները Պյոտրին ու նրա եղբայր Նիկոլային տարել են Տոբոլսկի գիմնազիա։ Տղաներն ապրել են Պիլենկովների՝ մոր ազգականների առևտրական ընտանիքում, իսկ երբ գիմնազիան ավարտել են, հայրը տեղափոխվել է Պետերբուրգ, որտեղ եղբայրներն ընդունվել են Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան։ 1831-1835 թվականներին Պյոտրը սովորել է համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետում։
Ուսանողական տարիներին Երշովը մտերմացել է ռուս բանասիրության պրոֆեսոր Պյոտր Պլետնյովի հետ, ծանոթացել Վասիլի Ժուկովսկու և Ալեքսանդր Պուշկինի հետ։ 19-ամյա ուսանողը նրանց դատին է հանձնել իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Կուզիկ-Քուռկիկ» հեքիաթը, որը կարդալով՝ Պուշկինը, սկսնակ բանաստեղծին գովաբանելով, ասել է.«Այժմ ստեղծագործության այս ոճը կարող ես և ինձ թողնել»։ Պլետնյովը դասախոսություններից մեկի ժամանակ համալսարանի ամբիոնում կարդացել է հատված «Կուզիկ-Քուռկիկ» հեքիաթից և ուսանողներին ասել հեքիաթի հեղինակի անունը՝ նրանց համակուրսեցի Պյոտր Երշովը, որ նստած էր լսարանում։
«Կուզիկ-Քուռկիկ» հեքիաթից մեկ այլ հատված մայիսին հայտնվել է «Библиотека для чтения» ամսագրում (1834, հ. 3), իսկ 1834 թվականի հոկտեմբերին Երշովի հեքիաթը տպագրվելվել է առանձին հրատարակությամբ։ Հաջողությունն ուղեկցում էր երիտասարդ բանաստեղծին. նույն թվականի դեկտեմբերին «Սիբիրյան կազակ» ստեղծագործության առաջին մասը հավանության է արժանացել տպագրության համար, իսկ այնուհետև նաև այդ «հին եղելության» երկրորդ մասը[2]։
Համալսարանում ուսումնառության մոտալուտ ավարտը կապված էր խնդիրների հետ։ Չկարողանալով ստանալ ցանկալի պաշտոն՝ ստիպված էր բաժանվել իր փոքրաթիվ ընկերներից, կտրվել գրական միջավայրից։ Հակասական զգացմունքներ են առաջացել նաև Պետերբուրգի հետ հրաժեշտից, որին կապվել էր, սակայն միևնույն ժամանակ նա ցանկանում էր մասնակցել Սիբիրի ուսումնասիրությանը[2]։
1836 թվականի ամռանը վերադառնալով ծննդավայր՝ Երշովը՝ որպես ուսուցիչ, աշխատել է Տոբոլսկի գիմնազիայում։ 1844 թվականից եղել է տեսուչ, իսկ 1857 թվականից՝ գիմնազիայի և Տոբոլսկի նահանգի ուսումնարանների վարչության տնօրեն։ Նրա աշակերտներից մեկն ապագա քիմիկոս Դմիտրի Մենդելեևն էր։ Երշովի խորթ աղջիկը դարձել է Մենդելեևի կինը։
Երշովը եղել է գիմնազիայի սիրողական թատրոնի ստեղծման նախաձեռնող։ Թատրոնում զբաղվել է ռեժիսուրայով։ Թատրոնի համար գրել է մի քանի պիեսներ՝ «Գյուղական տոն», «Սուվորովն ու կայարանի տեսուչը» (1835), «Յակուտ աստվածները» կատակերգական օպերան, «Գանգագուշակ»։
Իր բանաստեղծությունները տպագրել է Սենկովսկու «Библиотека для чтения» և Պյոտր Պլետնյովի «Սովրեմեննիկ» ամսագրերում։
Պյոտր Երշովը մահացել է 1869 թվականի օգոստոսի 30-ին։ Թաղված է Տոբոլսկի Զավալնի գերեզմանոցում։
Երշովին ճանաչում է բերել նրա «Կուզիկ-Քուռկիկ» հեքիաթը, որը նա գրել էր դեռևս ուսանողական նստարանին և 1834 թվականին հատվածներով տպագրել «Библиотека для чтения» ամսագրի 3-րդ հատորում` Սենկովսկու գովաբանական կարծիքի հետ միասին։
Որոշ ժամանակ համարվել է, որ հեքիաթի առաջին չորս բանաստեղծությունները սևագրել է Ալեքսանդր Պուշկինը՝ կարդալով այն ձեռագիր վիճակում[3]։ Երշովի հեքիաթն առանձին գրքով տպագրվել է 1834 թվականին և հեղինակի կենդանության օրոք ունեցել է յոթ տպագրություն, ընդ որում՝ դրանցից չորրորդը (1856 թվականի հրատարակություն) հեղինակի կողմից մեծապես վերանայվել է, և այսօրվա հեղինակային ավարտուն տեքստն է։
«Կուզիկ-Քուռկիկը» ժողովրդական ստեղծագործություն է, որը գրեթե բառ առ բառ, ըստ հեղինակի, վերցված է պատմողներից, որոնցից նա լսել է։ Երշովը միայն այն բերել է կանոնավոր տեսքի և ավելացրել վայրերը։ Ինքնատիպ ոճը, ժողովրդական հումորը, հաջող կերպարները հեքիաթը դարձրել են լայնորեն հայտնի և սիրված ժողովրդի կողմից։
Վիսարիոն Բելինսկին հեքիաթում տեսել է կեղծումներ՝ «գրված բավականին լավ բանաստեղծություններով», բայց որոնցում «կան ռուսերեն բառեր, բայց ոչ ռուսական ոգի»[4]։
Բացի «Կուզիկ-Քուռկիկը», Երշովը գրել է մի քանի տասնյակ բանաստեղծություններ։ Կան տեղեկություններ, որ նա կեղծանուններով հրատարակել է բանաստեղծություններ, պատմվածքներ և դրամատիկական ստեղծագործություններ[5]։
1834 թվականին Պյոտր Երշովը գրել, իսկ 1835 թվականին հրատարակել է «Սիբիրյան կազակ» բալլադը. հին եղելություն է սիբիրցի երիտասարդ կազակի մասին, որն ստիպված էր թողնել կնոջն ու ատամանի հրամանով «գնալ ղրղզական պատերազմ»։ Բալլադի երկրորդ մասի սկզբնական տարբերակը «Կազակուհու երգը» վերնագրով լույս է տեսել որպես առանձին բանաստեղծություն։ 1842 թվականին բալլադի առաջին մասը՝ վերամշակված ու երաժշտությունով, դարձել է Սիբիրյան կազակների 2-րդ գնդի շարային երգը։ Երգն ընդգրկվել է բազմաթիվ երգիչների, մասնավորապես Նադեժդա Բաբկինայի երգացանկում։
Երշովն աշխատել է նաև դրամատիկական և արձակ ժանրերում։ Նա հեղինակել է «Սուվորովն ու կայարանի տեսուչը» «դրամատիկական անեկդոտը», կյանքի ուշ շրջանում (1850-ական թվականների վերջին) գրել է «Աշնանային երեկոներ» վիպակների մեծ շարքը, որոնց միավորում է սյուժետային մեկ գիծ՝ այդ վիպակները պատմող կերպարների հանդիպումը։ Այդպիսի կոմպոզիցիաներն ավելի շատ բնորոշ են 1830-ական թվականներին (Ա. Պոգորելսկու «Նմանակը, կամ Իմ երեկոները Փոքր Ռուսիայում», Նիկոլայ Գոգոլի «Երեկոները Դիկանկայի մերձակա խուտորում»), որոնց շնորհիվ ձևավորվել է Երշով-գրականագետը, և իրենց ժամանակի համար դրանք արդեն եղել են ժամանակավրեպ։ «Панин бугор» վիպակի հերոսներից մեկը՝ տիպիկ ռոմանտիկ սիրահար, կրում էր Ստալին ազգանունը։ Հավանաբար դա պատճառներից մեկն է եղել, որ այդ ստեղծագործությունը հետմահու առաջին անգամ հրատարակվել է միայն 1984 թվականին։
Համարվում է, որ Երշովի ստեղծագործություններն ընկած են «հայր Պրուտկովի» պիեսների հիմքում։ Մասնավորապես, Վլադիմիր Միխայլովիչ Ժեմչուժնիկովը 1883 թվականի փետրվարի 6 (18)-ին Մենթոնից (Ֆրանսիա) Ալեքսանդր Նիկոլաևիչ Պիպինին գրել է Տոբոլսկում Պ. Պ. Երշովի հետ ծանոթության մասին, որտեղ նա Տոբոլսկի նահանգապետ Վ. Ա. Արցիմովիչի մոտ ծառայում էր որպես հատուկ հանձնարարություններով պաշտոնյա.
«Մենք բավական մտերմացանք։ Նա շատ էր սիրում Պրուտկովին, նա ինձ ծանոթացրեց նաև իր նախկին կատակներին և ինձ տվեց Գանգագուշակին, այսինքն՝ Գանգագետի չափածո հատվածներ՝ խնդրով օգտագործել դրանք ինչ-որ տեղ, որովհետև «զգում է իրեն ծանրացած ու հոգնած»։ Ես խոստացա օգտվել դրանցից Պրուտկովի համար և հետագայում՝ պատերազմի ավարտից և իմ՝ Սանկտ Պետերբուրգ վերադառնալուց հետո, նրա տեսարանը ոչ մեծ լրացումներով ներառեցի Գանգագուշակ օպերետի երկրորդ գործողությունում, որ գրվել է իմ ու բր. Ալեքսեյի կողմից ու տպագրվել Սովրեմեննիկում 1860 թվականին հայր Պրուտկովի անունից, որպեսզի չփչացնենք Կոսմա Պրուտկովի՝ արդեն առանց այն էլ լիովին ձանձրացրած կերպարը[6]։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Мы довольно сошлись. Он очень полюбил Пруткова, знакомил меня также с прежними своими шутками и передал мне свою стихотворную сцену Черепослов, сиречь Френолог, прося поместить её куда-либо, потому что ‘сознаёт себя отяжелевшим и устаревшим’. Я обещал воспользоваться ею для Пруткова и впоследствии, по окончании войны и по возвращении моём в СПб., вставил его сцену, с небольшими дополнениями, во 2-ое действие оперетты Черепослов, написанной мною с бр. Алексеем и напечатанной в Современнике 1860 г. — от имени отца Пруткова, дабы не портить уже вполне очертившегося образа самого Косьмы Пруткова».
Ըստ մեկ այլ տվյալների[7]՝ Երշովին են պատկանում միայն Չիժովի պիեսի քառյակները։ 1837 թվականի մարտի 5-ին Ե. Պ. Գրեբյոնկային (արձակագիր, բանաստեղծ, Երշովի պետերբուրգցի ընկերը) ուղղված նամակում գրել է.
Մենք Չիժովի հետ սարքում ենք Գանգագուշակ վոդեվիլը, որում Գալը կստանա հիանալի «արձագանք»։ ....Կուղարկեմ դրանք քեզ առաջին ներկայացումից հետո։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Мы с Чижовым стряпаем водевиль Черепослов, в котором Галь получит шишку пречудесную. Куплетцы — заяденье! Вот ужо пришлю их к тебе после первого представления.
Նույն թվականին Վ. Ա. Տրեբորնին գրված նամակում Երշովը վոդևիլը նշում է որպես Չիժովի ստեղծած.
Նաև իմ ընկեր Չ-ժովը պատրաստում է այդ ժամանակ Գանգագուշակ վոդևիլը, որտեղ Գալին հիանալի ձեռնանշան կտրվի։ Իսկ նրա քառյակները՝ այո, և Պիտերում էլ լսել կուզենան։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Ещё приятель мой Ч-жов готовит тогда же водевильчик Черепослов, где Галю пречудесная шишка будет поставлена. А куплетцы в нём — что ну, да на, и в Питере послушать захочется.
Երշովի ոչ բանաստեղծական ժառանգության քիչ հայտնիությունը պայմանավորված է նաև նրանով, որ մինչ օրս այն հրատարակվել է միայն սիբիրյան հրատարակչությունների կողմից (Օմսկ, Նովոսիբիրսկ և այլն)։
Պ. Պ. Երշովի պատվին Տոբոլսկում անվանվել է փողոց, ինչպես նաև կանգնեցվել է արձան։
1960 թվականին Տյումենի մարզի Իշիմյան շրջանի Բեզրուկովո գյուղը վերանվանվել է Երշովո գյուղի։ Երշովի անունն են կրում նաև Տյումենի մարզի Իշիմ գյուղի փողոցներից մեկը, Իշիմի պետական մանկավարժական ինստիտուտը։ Իշիմում գործում է Պ. Պ. Երշովի մշակույթի կենտրոնը՝ երկրում գործող միակ էքսպոզիցիայով, որը ժամանակագրական կերպով պատմում է բանաստեղծի ու մանկավարժի կյանքի ու ստեղծագործությունների մասին։
Նեֆտեյուգանսկի Հոբելյանների հրապարակում կանգնեցվել է Պ. Պ. Երշովի կիսանդրին։
Իշիմում 2015 թվականի հունիսի 13-ին Սիբիրի հեքիաթասացի 200-ամյակի առթիվ բացվել է Երշովի երկրորդ արձանը Տյումենում (քանդակագործ՝ Ս. Գ. Պոլեգաև, մեկենաս՝ Ս. Պ. Կոզուբենկո)։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Երշով» հոդվածին։ |
|