Պոլ և Վիրժինի ֆր.՝ Paul et Virginie | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սիրավեպ, գեղարվեստական գրականություն[1] և պատմվածք[1] |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ |
Երկիր | Ֆրանսիա |
Բնագիր լեզու | ֆրանսերեն[1] |
Տեսարան | Մավրիկյան կղզի, Եվրոպա[1] և Ֆրանսիա[1] |
Կերպարներ | Paul?, Virginie?, Madame de la Tour?, Marguerite?, Domingue?, Bertrand-François Mahé de La Bourdonnais? և Մարիամ Աստվածածին |
Հրատարակվել է | 1787 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/stpierre/paulvirg/paulvirg.html, github.com/MiMoText/roman18/blob/master/XML-TEI/files/Bernardin_Paul.xml և github.com/MiMoText/roman18/blob/master/plain/files/Bernardin_Paul.txt |
Paul et Virginie |
«Պոլ և Վիրժինի» (այլ թարգմանությամբ՝ «Պոլ և Վիրգինիա»[2]), ֆրանսիացի գրող Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռի վեպը, որ առաջին անգամ հրատարակվել է 1788 թվականին (1784-1787) փիլիսոփայական եռհատորյակից հետո։ Վեպը, որում պատկերված է երկու երիտասարդների հովվերգական սերը[2], գրականության մեջ սենտիմենտալիզմի վառ օրինակ է։ Ժամանակին այն վայելել է մեծ ժողովրդականություն, և նույնիսկ երեխաներին անվանել են նրա հերոսների անուններով[3]։ Հայերեն առաջին անգամ թարգմանվել է 1830 թվականին[2]։
Վեպի գործողությունները ծավալվում են Իլ դը Ֆրանս կղզում (ներկայում՝ Մավրիկիոս)։ Պոլը (հասարակ բրետանուհի Մարգարիտայի որդին) և Վիրժինին (նորմանդացի ազնվական տիկին դը Լատուրի դուստրը) դաստիարակվում են միասին, նրանց մայրերն ընկերուհիներ են և ապրում են հարևանությամբ։ Այն հովիտը, որտեղ գտնվում են իրենց տները, Պոլը վերածում է դրախտային անկյան, ընդ որում՝ այդ գեղեցիկ այգու յուրաքանչյուր անկյուն ունի իր անվանումը։ Երեխաները չգիտեն ոչ կարդալ, ոչ էլ գրել, սակայն ապրում են այն սկզբունքով, թե «լավագույն գիրքը» Ավետարանն է։ Վիրժինին սիրահարվում է Պոլին, սակայն մայրը դեմ է նրանց ամուսնությանը։ Այդ ժամանակ դը Լատուրի մորաքույրը նամակ է ուղարկում, որում Վիրժինիին հրավիրում է իր մոտ։ Վիրժինին Պոլին երդվում է, որ հավերժ կսիրի նրան ու մեկնում է Եվրոպա։ Ֆրանսիայում նրան տեղավորում են վանքին կից գիշերօթիկ դպրոց։ Տուն վերադառնալու ճանապարհին Վիրժինին զոհվում է․ Իլ դը Ֆրանսի մոտ «Սեն Ժերան» նավը խորտակվում է, առաքինի Վիրժինին հրաժարվում է զգեստը հանել և մահանում է փոքրիկ սրբապատկերը (Պոլի նվերը) ձեռքին։ Վշտահար Պոլը մահանում է երկու ամիս անց, իսկ ևս մեկ ամիս անց մահանում է տիկին դը Լատուրը։
Վեպը կրել է առաջին հերթին հեղինակի մոտ ընկերոջ՝ Ժան-Ժակ Ռուսոյի, ինչպես նաև «Տելեմաքոսի արկածները» վեպի հեղինակ Ֆրանսուա Ֆենելոնի ազդեցությունը։ Դրանից բացի, հեղինակն իր ստեղծագործությունը կոչել է պաստորալ․ Պոլն ու Վիրժինին համեմատվում են Դափնիսի և Քլեոի (Լոնգոսի համանուն վեպի հերոսները), Օնորե դ’Յուրֆեի «Աստրեա» վեպի հերոսներ Աստրեյի ու Սելադոնի, ինչպես նաև Տրիստանի և Իզոլդայի հետ։ Նաև նկատելի է հեղինակի ձգտումը՝ կարեկցանքով ներկայացնել սևամորթներին․ դրանում իր դերն ունի աբոլիցիոնիզմի ազդեցությունը։
Չնայած որոշակի պարզունակությանը՝ «Պոլ և Վիրժինի» վեպն աչքի է ընկնում ոճի բարձր վարպետությամբ։ Վեպը հետագայում բավական պահանջված էկզոտիկ բնության պոետիկայի գրական ռոմանտիզմի առաջին նմուշն է։ Խորհրդային գրականագետ Կոնստանտին Դերժավինը նշել է, որ «Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռը գրական բնանկարի բացառիկ վարպետ է, որը նրա մոտ լի է վառ կերպարներով ու ձայների մի ամբողջ աշխարհով։ Բեռնարդենը եղել է բացառիկ նկարիչ-կոլորիստ, որը հայտնաբերել է գույների խոսքային գունապնակ, որն անտեսանելի էր նրա ուսուցիչ Ռուսոյին»[4]։ Հովվերգությունը վեպում սկզբում թվում է շինծում․ «Էկզոտիկ բնանկարի վեհությունն ու հզորությունը, բնության ուժերի փառահեղությունն ու աղետալի բնույթը․․․․ թույլ են տալիս խոսել նախնական ճեղքվածքի մասին, որ բաժանում է բնությանն ու մարդուն, բնության ու մարդու աններդաշնակության, աղետալի սկզբի ներխուժումը մարդկային ճակատագրի մեջ»[5]։
Վեպի ֆրանսերեն հրատարակության լույս տեսնելուց կարճ ժամանակ անց գիրքը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն, ռուսերեն[6], լեհերեն և իսպաներեն։ Դրա հիման վրա գրվել են թատերական աշխատանքներ[7]։
Ա․ Բելովան գրել է․
«19-րդ դարի առաջին կեսի գավառային ազնվական քույրերի համար, որ ապրում են գյուղական դաստակերտում, միասին դաստիարակում են իրենց երեխաներին և նրանց մանկուց սովորեցնում են ազգակցական մոտ շփմանը, կարող էին գրավիչ թվալ ֆրանսիական սենտիմենտալիզմի որոշ գաղափարներ, այդ թվում նաև Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռի վեպում արտացոլում գտածները, և հատկապես՝ խաղաղ գյուղական հովվերգությունը, կյանքը բնության գրկում՝ «քաղաքակրթությունից» ու բարձրաշխարհիկ հանրությունից հեռու, մոր հատուկ ազդեցությունը երեխայի անհատականության ձևավորման, մարդասիրության և առաքինի նվիրվածության վրա»[8]։
Կոնստանտին Բատյուշկովը բարձր է գնահատել Բեռնարդենի վեպը՝ գրելով, թե 1814 թվականին, երբ ինքը ապրել է Փարիզում և հիվանդացել է, ուղարկել գրադարանից գիրք բերելու․ «Բերեցին «Paul et Virginie», որը ես կարդացել եմ արդեն մի քանի անգամ, կարդացել եմ ու լացել, և ինչպիսի արցունքներ։ Ամենահաճելի, ամենամաքուր։ Պատերազմական աղմուկից, թնդանթոթների ու թնդյուններից հետո, ավերածությունների սարսափելի տեսարանից և վերջապես նոր Բաբելոնի ամբողջ շքեղությունից ու թովչանքից հետո, որ ես հասցրել էի վայելել մինչև կշտանալս, այդ գրքի ընթերցանությունը թեթևացրեց իմ սիրտը և հաշտեցրեց աշխարհի հետ»[9]։
1920 թվականին Ժան Կոկտոն և Ռեյմոն Ռադիգեն հատուկ Էրիկ Սատիի համար գրել են «Պոլ և Վիրժինի» կատակերգական օպերայի լիբրետոն։ Սակայն օպերայի երաժշտությունը կոմպոզիտորն այդպես էլ չի գրել[10]։ Լիբրետոյի տեքստը հրապարակվել է միայն 1973 թվականին[11]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ և Վիրժինի» հոդվածին։ |
|