Պոլիակրիլատներ, ակրիլաթթվի և մեթակրիլաթթվի էսթերների պոլիմերները՝ (—CH2-CR՝—(COOR)-)n, որտեղ R'=H կամ CH3, իսկ R-ը ալիֆատիկ, կարբոցիկլային, հետերոցիկլային կամ այլ ռադիկալ է։ Տեխնիկական լայն կիրառում ունեն R= CH3, C2H5, С4Н9, C6Н11 պարունակող պոլիակրիլատներ․, որոնք անգույն, ջերմապլաստիկ, ֆիզիոլոգորեն պասսիվ պոլիմերներ են, լավ են լուծվում օրգանական լուծիչներում։ Օգտագործվում են օրգանական ապակու, թաղանների, լաքերի, ներկերի, սոսինձների արտադրությունում, բժշկության մեջ՝ ատամնախոռոչները լցնելու, արհեստական ծնոտներ, ատամներ, պրոթեզներ, ոսպնյակներ պատրաստելու համար։ Պոլիակրիլատների լուծույթները սեփական մոնոմերում, իներտ օրգանական լուծիչներում և նրանց խառնուրդներում պոլիակրիլային սոսինձներ են, որոնք օգտագործվում են պոլիմերները իրար, մետաղի, փայտի, թղթի և ապակու հետ սոսնձելու, չգործված կտորեղենի, թղթյա տարաների արտադրության համար, հրատարակչական գործում և այլուր։ Պոլիակրիլային լաքերը լավ կպչում են մետաղներին, կայուն են լույսի, մթնոլորտի, ջրի նկատմամբ և կարող են օգտագործվել -50-ից մինչև 150-170°С ջերմաստիճաններում։ Օգտագործվում են մետաղական կառուցվածքները կոռոզիայից պաշտպանելու, լուսարձակող ծածկույթներ ստանալու, ավտոմեքենաները և սարքերը ներկապատելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 352)։
|