Պոլին Մառուա | |
Կուսակցություն՝ | Parti Québécois? |
---|---|
Ծննդյան օր՝ | մարտի 29, 1949[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | Քվեբեկ քաղաք, Կանադա |
Ամուսին ՝ | Claude Blanchet? |
Պարգևներ՝ | |
Պոլին Մառուա ( ֆր.՝ Pauline Marois, արտասանվում է [ pɔlin maʁwa ]․ մարտի 29, 1949[1][2][3][…], Քվեբեկ քաղաք, Կանադա), կանադացի կին քաղաքական գործիչ, Քվեբեկյան կուսակցության՝ Parti Québécois-ի առաջնորդ, Քվեբեկի 30-րդ վարչապետ[5]․ կանադական այդ մարզի պատմության մեջ առաջին կին վարչապետը[6]։
Պոլին Մառուան ծնվել է Քվեբեկում՝ Մարի-Պոլի և Գրեգորի Մառուայի ընտանիքում[7]։ Նա ստացել է սոցիալական աշխատանքի ոլորտում բակալավրի աստիճան Լավալի համալսարանից և մագիստրական աստիճան՝ Մոնրեալի առևտրային ուսմունքների բարձրագույն դպրոցից՝։ Մի քանի հասարակական կազմակերպությունների աշխատակցելուց հետո դարձել է այն ժամանակվա ֆինանսների նախարար Ժակ Պարիզոյի մամլո կցորդը՝ պրես ատաշեն։ Մառուան այնուհետև եղել է կանանց գործերի նախարար Լիզ Պայետի աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև որոշ ժամանակ դասավանդել է Օտտավայում գործող Քվեբեկի համալսարանում, որի պատվավոր դոկտորն է դարձել 2019 թվականին
[8]։
1981 թվականին Մառուան առաջին անգամ ընտրվել է Քվեբեկի Ազգային ժողովի պատգամավոր։ Կարճ ժամանակ անց դարձել է կանանց հարցերով նախարարության ղեկավար Ռենե Լևեկի կառավարությունում, իսկ 1983 թվականին նշանակվել է աշխատանքի և աշխատավարձերի երաշխավորման նախարար և Օտտավայի տարածաշրջանի համար պատասխանատու նախարար։
2005 թվականի հունիսին, երբ Բեռնար Լանդրին անակնկալ կերպով հրաժարական է տվել, Մառուան առաջադրել է իր թեկնածությունը Քվեբեկյան կուսակցության՝ Parti Québécois-ի ղեկավարի պաշտոնի համար, բայց ընտրության արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Անդրե Բուակլերին (համապատասխանաբար 30,6% և 53,7% ձայներ)։
2007 թվականի մարտի 26-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում Parti Québécois-ը գրավեց միայն երրորդ տեղը՝ զիջելով իշխող Քվեբեկի լիբերալ կուսակցությանը և ընդդիմադիր Քվեբեկի դեմոկրատական գործողությանը։ Նման հիասթափեցնող արդյունքից հետո Անդրե Բուակլերը 2007 թվականի մայիսի 8-ին հայտարարեց կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին։ Մառուան համարվում էր նրան փոխարինելու հիմնական թեկնածուն, հատկապես այն բանից հետո, երբ առաջնորդ Ժիլ Դյուսեպը լքեց ընտրական մրցավազքը[9]։ 2007 թվականի մայիսի 11-ին Մառուան հայտարարեց, որ կրկին առաջադրվելու է կուսակցության ղեկավարի պաշտոնի համար[10] և 2007 թվականի հունիսի 27-ին ընտրվեց այդ պաշտոնում։
2012 թվականի սեպտեմբերի 4-ին Մաուուայի գլխավորությամբ Քվեբեկյան կուսակցությունը՝ Parti Québécois-ը հաղթանակ տարավ նահանգային ընդհանուր ընտրություններում, և Պոլինը դարձավ առաջին կին վարչապետը Քվեբեկի պատմության մեջ[6][11]։
Մառուայի օրոք սկսվեց արշավ՝ բացահայտելու կոռուպցիան Կանադայի մի շարք խոշոր քաղաքների բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ մի քանի քաղաքապետերի շրջանում։ Միևնույն ժամանակ՝ դպրոցների բյուջեները կրճատելու նրա առաջարկը վրդովմունք առաջացրեց, քանի որ իր նախընտրական ծրագրում խոստացել էր ձեռք չտալ դրանց։ Նրա ղեկավարման շրջանը համընկավ նաև Քվեբեկի համալսարաններում ուսման վարձերի բարձրացման հետ, որոնք ավանդաբար ավելի ցածր էին, քան Կանադայի այլ նահանգներում։
Մառուան հրաժարվեց դատապարտել իր կուսակից Լուիզ Մայոյին, ով հայտարարել էր, որ կոշերային արտադրանքի հավելյալ բարձր գները օգտագործվում են «Պաղեստինի գաղութացման» համար միջոցներ հավաքելու նպատակով։
Կուսակցության ժողովրդականությունը մեծացնելու նպատակով Մառուան քարոզարշավ նախաձեռնեց՝ առաջ քաշելով «Քվեբեկի արժեքների խարտիան», որն արգելում է կրել այնպիսի իրեր, որոնք կարող են ցույց տալ անձի կրոնական պատկանելությունը դպրոցում և հանրային ծառայության մեջ։ Հասարակական զայրույթը հանգեցրեց քաղաքական ճգնաժամի ու արտահերթ ընտրությունների, որտեղ հաղթեց Քվեբեկի լիբերալ կուսակցությունը։
Մառուային վարչապետի պաշտոնում հաջորդեց Քվեբեկի լիբերալ կուսակցության առաջնորդ Ֆիլիպ Կույարը[12]։
Պոլին Մառուան ամուսնացած է Կլոդ Բլանշեի հետ, ով նախկինում եղել է Համընդհանուր ֆինանսավորման ընկերության՝ Universal Finance Society-ի ղեկավարը։ Նրանք ունեն չորս զավակ՝ Քեթրինը, Ֆելիքսը, Ֆրանսուա-Քրիստոֆը և Ժան-Սեբաստիանը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոլին Մառուա կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլին Մառուա» հոդվածին։ |
|