Պոլինա Ժեմչուժինա | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | փետրվարի 28 (մարտի 12), 1897 |
Ծննդավայր | Պոլոգի (քաղաք, Ուկրաինա), Ալեքսանդրովսկի գավառ, Ալեքսանդովսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | մայիսի 1, 1970[1] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Թաղված | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ամուսին | Վյաչեսլավ Մոլոտով |
Պարգևներ | |
Պոլինա Սեմյոնովնա Ժեմչուժինա (ի ծնե անունը՝ Պերլ Սոլոմոնովնա Կարպովսկայա, փետրվարի 28 (մարտի 12), 1897, Պոլոգի (քաղաք, Ուկրաինա), Ալեքսանդրովսկի գավառ, Ալեքսանդովսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 1970[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, ԽՍՀՄ ձկնային արդյունաբերության ժողովրդական կոմիսար (1939)։
Խորհրդային պետական գործիչ Վյաչեսլավ Մոլոտովի կինը[2]։ 1949 թվականին ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով և աքսորվել՝ այնտեղ մնալով մինչև 1953 թվականը։
Ծնվել է Ռուսական կայսրության Եկատերինոսլավի նահանգի Ալեքսանդրովսկի գավառի Պոլոգի գյուղում (ներկայումս Ուկրաինայի Զապորոժիեի մարզ), հրեական ընտանիքում։ Հայրը՝ Սոլոմոն Կարպովսկին, մասնագիտությամբ դերձակ է եղել։ 1910 թվականից աշխատել է Եկատերինոսլավի ծխախոտի գործարանում որպես ծխախոտագործ։ 1917 թվականին էլ դեղատանն աշխատել է որպես գանձապահ։
1918 թվականին Պերլ Կարպովսկիի քույրն ու եղբայրն արտագաղթել են Ենթամանդատային Պաղեստին։ Ավելի ուշ, նրա եղբայրը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և հայտնի լինելով Սեմ Կարպ անունով, ծառայություններ է մատուցել խորհրդային կառավարությանը, բանակցություններ վարել ռազմանավերի գնման ուղղությամբ։ Նաև նա եղել է «Car Export and Import Corporation»-ի նախագահ, որի միջոցով ԽՍՀՄ-ն ամերիկյան արտադրողներին գնում էր ռազմական նշանակության նյութեր[3]։ Քույրը Ժեմչուժինայի հետ նամակագրության մեջ էր մինչև 1939 թվականը։
1918 թվականին Պերլ Կարպովսկայան անդամակցել է Կոմունիստական կուսակցությանը և մտել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շարքերը, որտեղ եղել է 12-րդ բանակի զորամասերում քաղաշխատակից։ Զորամասերում զբաղեցրել է ակումբի պետի պաշտոնը։ 1919 թվականին ընդհատակյա ծառայության նպատակով ուղարկվել է Կիև։ Ավելի ուշ, Խարկովում առաջին անգամ փաստաթղթեր է ստացել Պոլինա Սեմյոնովնա Ժեմչուժինա անունով՝ Ուկրաինայում գաղտնի աշխատանք կատարելու համար։ Ն. Մեկլերն իր «Դենիկինի ընդհատակում» գրքում (1932) գրում է[4].
Պոլինա Սեմյոնովնա Ժեմչուժինա՝ երիտասարդ, զվարթ կին, զինվորական հոսպիտալներից մեկի գթության քույր։ Նա <…> «ատում էր» բոլշևիկներին և մադամ Բրունզելի հետ միասին մշակում ռազմավարական պլաններ «լատիշների, հրեաների, չինացիների և արտակարգների» վճռական ջախջախման համար, որոնք կործանել են Ռուսաստանը[5]։
1919-1920 թվականներին եղել է Ուկրաինայի կոմունիստական բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեի կանանց շրջանում աշխատանքի հրահանգիչ։ 1920-1921 թվականներին եղել է Զապորոժյեի քաղաքային կոմիտեի կանանց բաժնի վարիչ։ 1921-1922 թվականներին էլ եղել է Մոսկվայում Կոմունիստական բանվորական կուսակցության Ռոգոժսկո-Սիմոնովսկի շրջանային կոմիտեի հրահանգիչ։
1921 թվականին ամուսնացել է Վյաչեսլավ Մոլոտովի հետ։ Եղել է Իոսիֆ Ստալինի կնոջ Նադեժդա Ալիլուևայի մտերիմ ընկերուհին։
Կրթությունն ստացել է Մոսկվայի երկրորդ պետական համալսարանի աշխատավորական ֆակուլտետում (1923 թվականին) և Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում (1925 թվական)։ 1925-1926 թվականներին սովորել է նաև Գեորգի Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։
1927-1929 թվականներին եղել է կուսակցական բջջի ղեկավար։ 1929-1930 թվականներին աշխատել է ՌԿ(բ)կ Զամոսկովորեցկու շրջկոմում որպես հրահանգիչ։ 1930-1932 թվականներին եղել է «Նովայա զարյա» օծանելիքի ֆաբրիկայի տնօրեն։ 1932-1936 թվականներին էլ եղել է «Ժիրկոստ տրեստ» օծանելիքի գործարանի կառավարիչ։ Այնուհետ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ պարենային արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատում։ 1936 թվականի հուլիսից եղել է օծանելիքա-կոսմետիկական, սինթետիկ և օճառի արտադրության գլխավոր վարչության ղեկավար, 1937 թվականի նոյեմբերից՝ ժողովրդական կոմիսարի տեղակալ։
1939 թվականի հունվարի 19-ին ժողկոմխորհից առանձնացվել է և որպես ինքնուրույն գերատեսչություն է դարձել Ձկնային արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատը, որի ղեկավար է դարձել Պոլինա Ժեմչուժինան։
Ստալինն ինքն է Պոլինա Սեմյոնովնային նշանակել ձկնային արդյունաբերության ժողովրդական կոմիսար։ Ես դեմ էի։ Նա տնտեսական հարցերով միակ կին ժողովրդական կոմիսարն էր[6]։։
Վյաչեսլավ Մոլոտով
1939 թվականի մարտից ԽՍՀՄ ԿԿ անդամության թեկնածու։ 1939 թվականի նոյեմբերին ազատվել է Ձկնային արդյունաբերության ժողովրդական կոմիսարի պաշտոնից և տեղափոխվել ՌԽՖՍՀ թեթև արդյունաբերության ժողկոմխորի տեքստիլ-գալանտերային արդյունաբերության կոմիտեի ղեկավար։ 1941 թվականի փետրվարին, XVIII կուսակցական С марта 1939 года — кандидат в члены ЦК ВКП(б). В ноябре 1939 года сняհամաժողովի ժամանակ, հեռացվել է ԽՄՍԿԿ ԿԿ անդամության թեկնածուների կազմից։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ և դրանից հետո (1942 թվականից) ակտիվորեն աշխատել է Հրեական հակաֆաշիստական կոմիտեում։ 1948 թվականի մայիսին Ժեմչուժինան ուղարկվել է ՌԽֆՍՀ թեթև արդյունաբերության նախարարության ռեզերվ։
Հայրենական մեծ պատերազմից հետո «ընկել է Ստալինի աչքից»։
1948 թվականին Հոկտեմբերյան մեծ սոցիալիստական հեղափոխության 31-րդ տարելիցի կապակցությամբ ընդունելության ժամանակ, որը արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովը Մոսկվայում կազմակերպել էր օտարերկրյա դիվանագետների համար, Ժեմչուժինան խոսել է Իսրայելի դեսպան Գոլդա Մեիրի հետ և իդիշով ասել (Ժեմչուժինան մանկուց տիրապետում էր այս լեզվին). «Ես հրեա աղջիկ եմ»։ Այնուհետ նա դրական է արտահայտվել դեսպան Մեիրի կողմից Մոսկվայի երգչախմբային սինագոգ այցելության վերաբերյալ, որտեղ, չնայած ակնհայտ վտանգին, դեսպան Մեիրի պատվին կազմակերպվել է դիմավորման հանդիսավոր արարողություն։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Մոսկվայի բազմաթիվ հրեաներ։ Ժեմչուժինան, լինելով համոզված կոմունիստ, խիստ հետաքրքրված է եղել իսրայելական կիբուցներով և երկար հարցուփորձ է արել Գոլդա Մեիրի դստերը՝ Սառա Մեիրին և նրա ընկերուհուն՝ Յաել Նամիրին, որոնք մեծացել էին կիբուցում։ Ժեմչուժինային հետաքրքրում էր կիբուցներում կյանքը, դրանց կառավարման համակարգը։ Նա նրանց հետ խոսում էր իդիշով և, ըստ Գ. Կոստրիչենկոյի, ուրախացել է, երբ Գոլդա Մեիրի դուստրը նրան պատասխանել է նույն լեզվով։ Երբ Սառան բացատրել է, որ Ռեվիվիմ կիբուցում ամեն ինչ ընդհանուր է և մասնավոր սեփական չկա, Մոլոտովի կինը մտահոգվել է. «Դա սխալ է։ Մարդիկ չեն սիրում կիսվել ուրիշների հետ։ Նույնիսկ Ստալինն է դրան դեմ։ Դուք պետք է ծանոթանաք այն բանի հետ, թե ինչ է նա մտածում և գրում»,- ասել է Պոլինա Ժեմչուժինան։ Մինչ մյուս հյուրերի մոտ վերադառնալը, նա գրկել է Սառային և արցունքն աչքերին ասել. «Ձեզ ամենայն բարիք. իսկ հրաժեշտին, բարեկեցություն մաղթելով Իսրայելի ժողովրդին, եթե ձեզ համար ամեն ինչ լավ կլինի, լավ կլինի նաև աշխարհի մյուս հրեաների համար»[7]։
Պետք է նշել է, որ պատմաբանների վկայությամբ, Ժեմչուժինան և Մեիրը շատ հաճախ շփվել են նաև ոչ հրեական թեմաներով։ Ընտանեկան շրջապատում Մոլոտովը հաճախ կնոջ հետ կիսվում էր այն թեմաներով, որոնք քննարկվում էին Կենտկոմի փակ դռների հետևում։ Իսկ Ժեմչուժինան այդ մասին պատմում էր Գոլդա Մեիրին։ Եվ երբ պարզ դարձավ, որ գաղտնի հարցերը, որոնք քննարկվում էին Քաղբյուրոյում, հայտնի են դառնում իսրայելական դեսպանին, արձագանքը երկար սպասեցնել չտվեց։
1948 թվականի դեկտեմբերի 29-ին Պոլինա Ժեմչուժինան հեռացվել է կուսակցությունից, իսկ 1949 թվականի հունվարի 29-ին ձերբակալվել ու մեղադրվել նրանում, որ «մի քանի տարի շարունակ հանցավոր կապի մեջ է եղել հրեա ազգայնականների հետ»։ Երկու ամիս անց ամուսինը՝ Վյաչեսլավ Մոլոտովն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և կորցրել իր ազդեցության մեծ մասը։
Ձերբակալվել են նաև նրա մի շարք բարեկամներ. եղբայրը՝ Ա.Ս. Կարպովսկին և քույրը՝ Ռ. Ս. Լեշնյավսկայան, զարմիկները՝ ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարության N 339 գործարանի տնօրեն Ի. Ի. Շթեյնբերգը և ԽՍՀՄ Ձկնային արդյունաբերության նախարարության անտառտնտեսության գլխավոր վարչության ղեկավարի կադրերի գծով օգնական Ս. Մ. Գոլովանևսկին։ Կալանավորված Լեշնյավսկայան և Կարպովսկին, «չդիմանալով նրանց նկատմամբ կիրառված ռեժիմին»[9], բանտում մահացան։
1949 թվականի դեկտեմբերի 29-ին ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին կից հատուկ խորհրդակցական մարմինը Ժեմչուժինային 5 տարով աքսորեց Կոստանայի մարզ (ներկայիս՝ Հյուսիսային Ղազախստան)։ 1953 թվականի հունվարին, նոր բաց դատական գործընթացի նախապատրաստման ժամանակ, ձերբակալվել է աքսորում և տեղափոխվել Մոսկվա։ Գործում պահպանվել են նրա խոսքերը. «Ինչպես կառավարությունն է որոշել, այդպես էլ կլինի»[10]։
Ստալինի մահից հետո, թաղման հաջորդ օրը, 1953 թվականի մարտի 10-ին[11] ազատ է արձակվել Լավրենտի Բերիայի հրամանով և գործով անցնող մյուս անձանց հետ միասին արդարացվել։ Վերականգնվել է կուսակցության շարքերում՝ զուգահեռաբար աքսորի մեջ գտնվելու տարիները հաշվարկվելով որպես կուսակցական ստաժ։ Մնացել է որպես հավատարիմ ստալինիստ։ 1960-ական թվականների կեսերին Մոլոտովների ընտանիքին այցելած Սվետլանա Ալիլուևան ևս հիշում է[12].
Պոլինան ինձ ասում էր. «Քո հայրը հանճար է։ Նա մեր երկրում ոչնչացրել է հինգերորդ շարասյունը և, երբ սկսվեց պատերազմը, կուսակցությունն ու ժողովուրդը միասնական էին։ Հիմա չկա հեղափոխական ոգին, ամենուր օպորտունիզմ է»։ Նրա աղջիկն ու փեսան լռում էին՝ գլուխները կախելով ափսեների վրա։ Դա ուրիշ սերունդ էր, և նրանք ամոթ էին զգում...
Մահացել է 1970 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչեի գերեզմանատանը, իսկ 1986 թվականին նրա կողքը թաղվել է նաև ամուսինը։ Այնուհետ 1989 թվականին այնտեղ թաղվել է նաև նրանց միակ դուստրը՝ Սվետլանա Վյաչեսլավովնա Մոլոտովա-Նիկոնովան (1929-1989 թվականներ)։ Երբեմն կենսագիրները հայտնում են նաև Պոլինայի երկրորդ դստեր՝ Ռիտա Արոնովնա Ժեմչուժինայի մասին, որն ունեցել է իբր առաջին ամուսնուց[13]։ Իրականում դա Պոլինայի զարմիկի՝ Արոն Կարպովսկու դուստրն է, որին նա որդեգրել է 1938 թվականին՝ ծնողների ձերբակալությունից հետո[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլինա Ժեմչուժինա» հոդվածին։ |
|