Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պոռնկավարություն (նաև՝ Անառակների ժամանակաշրջան, Անբարոյականների կառավարում, Պոռնիկների կառավարում, իտալ.՝ pornocrazia romana, governo delle prostitute, Սև դար լատին․՝ saeculum obscurum), պապության պատմության մի ժամանակաշրջան (10-րդ դարի առաջին կեսը), որը սկսվել է Սերգիուս III-ի գահակալեցումից 904 թվականին և շարունակվել է 60 տարի՝ մինչև Հովհաննես XII պապի մահը 963 թվականին (այլ տվյալներով շարունակվել է 30 տարի, այսինքն մինչև Հովհաննես XI պապի մահը)։
Այդ ժամանակաշրջանում պապերը գտնվել են Թեոֆիլակտների արիստոկրատական զորեղ ընտանիքի ուժգին ազդեցության ներքո, մասնավորապես՝ հռոմեական կոնսուլ և կոմիտ, կոմս Տուսկուլում Թեոֆիլակտի, նրա կնոջ՝ Թեոդորայի և դստեր՝ Մարոզիայի, այնուհետև՝ վերջինիս որդու՝ Սպոլետոյի դուքս Ալբերիք II-ի։ «...այդ հարուստ, ազդեցիկ ու իշխանատենչ կանայք պապական գահին բազմեցրել են իրենց մտերիմներին, սիրեկաններին, բարեկամներին։ Իրենց դուր չեկած պապերին առանց այլևայլության գահընկեց են արել, հեռացրել ճամփից»[1]։
Մինչև անգամ կաթոլիկ եկեղեցու պաշտոնական պատմագրությունն է ընդունում, որ վերոնշյալ մի քանի տասնամյակի ընթացքում փոփոխվել են բազմաթիվ պապեր, որոնք նշանակվել ու վերահսկվել են Թոեֆիլակտների կողմից և աչքի են ընկել բարքերի անկումով։
«Պոռնոկրատիա» (գերմ.՝ Pornokratie, հուն․՝ πορνοκρατία, «պոռնիկների իշխանություն»), հետերոկրատիա («սիրեկանների իշխանություն») և «պոռնկավարություն» (գերմ.՝ Hurenregiment) եզրույթները հնարել ու գործածության մեջ են դրել գերմանացի բողոքական աստվածաբանները 19-րդ դարում[2]։