Պովիլաս Վանագաս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սառցի վրա պարող և figure skating choreographer |
Երկիր՝ | Լիտվա և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 23, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր՝ | Շյաուլյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 180 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 73 կիլոգրամ[1] |
Պովիլաս Վանագաս (լիտ.՝ Povilas Vanagas, հուլիսի 23, 1970, Շյաուլյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի գեղասահորդ, Լիտվայի բազմակի չեմպիոն (1992-2002, 2005, 2006), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2000, 2006), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2000) պարեր սառույցի վրա մարզաձևում։ Իր մշտական պարընկերուհու՝ Մարգարիտա Դրոբյազկոյի հետ միասին մասնակցել է հինգ Ձմեռային օլիմպիական խաղերի (1992, 1994, 1998, 2002, 2006)։ Լիլեհամերում (1994) և Նագանոյում (1998) անցկացված Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ Պովիլաս Վանագասը եղել է Լիտվայի հավաքականի դրոշակակիրը[2]։
Պովիլաս Վանագասը ծնվել է 1970 թվականի հուլիսի 23-ին Լիտվական ԽՍՀ Շյաուլյայ քաղաքում, Լիտվայում հայտնի գեղասահորդ և մարզիչ Լիլիա Վանագենեի ընտանիքում։ Պովիլաս Վանագասը գեղասահքով զբաղվել սկսել է Կաունասի բաց սահադաշտում 1974 թվականին մոր ղեկավարությամբ։ 18 տարեկանում նա սկսել է զբաղվել տղամարդու առանձին գեղասահքով։ Մարզվել է ԲԿՄԱ մարզական միությունում՝ Գենադի Ակերմանի խմբում, որտեղ նրա պարընկերն է դարձել Մարգարիտա Դրոբյազկոն։ ԽՍՀՄ անկումից հետո նրանք որոշել են ելույթ ունենալ Լիտվայի դրոշի ներքո և 1991-1992 մրցաշրջանում ներկայացրել են երկիրը միջազգային բոլոր խոշոր մրցություններում։ Երկար տարիներ որպես խորեոգրաֆ ու մարզիչ նրանց օգնել է Ելենա Մասլենիկովան։ 1990-ական թվականների կեսերին նրանք շուրջ երկու տարի բնակվել են Մեծ Բրիտանիայում, որտեղ մարզվել են Ջեյն Տորվիլի ու Քրիստոֆեր Դինի գլխավորությամբ[3], իսկ 1999 թվականից հետո նրանց հետ աշխատել է Ելենա Չայկովսկայան։
Մարգարիտա Դրոբյազկոյի ու Պովիլաս Վանագասի մարզական կարիերայում ամենահաջողակը եղել է 2000 թվականը, երբ նրանք հաղթել են Գրան պրիի Skate Canada էտապում և բրոնզե մեդալների են արժանացե Գրան պրիի եզրափակչում, Եվրոպայի առաջնությունում ու աշխարհի առաջնությունում։ 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերում լիտվացի գեղասահորդները մոտ էին մեդալի նվաճմանը, սակայն օրիգինալ պարի կատարումից հետո զբաղեցրել են հինգերորդ տեղը։ Կամավոր ծրագրում նրանցից առաջ են անցնում Իտալիան ու Կանադան ներկայացնող զույգերը, որոնք ընկել էին պարի ժամանակ, սակայն դատավորների կողմից չեն պատժվել այդ սխալի համար։ Լիտվայի գեղասահքի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Չմշկասահորդների միջազգային միությանը (ԻՍՈՒ), սակայն նրանց պահանջը չի բավարարվել։
Նագանոյում անցկացված 2002 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Մարգարիտա Դրոբյազկոն ու Պովիլաս Վանագասը կրկին բողոքարկել են դատավորների վիճելի որոշումը։ Օրիգինալ պարից հետո նրանք երրորդն էին, սակայն անսխալ կատարած կամավոր ծրագրից հետո դարձել են չորրորդը՝ դատավորական մեկ ձայնով պարտվելով Իսրայելը ներկայացնող Հալիտ Խաիթ-Սերգեյ Սախնովսկի զույգին։ Լիտվայի գեղասահքի ֆեդերացիան կրկին բողոք է ներկայացրել. նրանց ներկայացրած հանրագիրը ստորագրել էին ավելի քան քսան մարզիկներ, մարզիչներ, խորեոգրաֆներ ու դատավորներ, որոնց թվում էին Տատյանա Նավկան, Ռոման Կոստոմարովը, ինչպես նաև նրանց մարզիչ Ալեքսանդր Ժուլինը[4]։ Առաջնության արդյունքները չեն վերանայվել, սակայն, ռուս հայտնի լրագրող Ելենա Վայցեխովսկայայի կարծիքով, հենց այդ սկանդալն է եղել վերջին կաթիլը, որ ԻՍՈՒ-ի նախագահ Օտտավիո Չինկվանտային ստիպել է առաջ քաշել գեղասահքում դատավորության նոր համակարգի ներդրման անհրաժեշտության հարցը[5]։
Հայտարարելով իրենց մարզական կարիերան ավարտելու մասին՝ Մարգարիտա Դրոբյազկոն ու Պովիլաս Վանագասը բաց են թողել երեք մրցաշրջան, սակայն 2005 թվականին որոշել են կրկին վերադառնալ մեծ սպորտ և մասնակցել Օլիմպիական խաղերին։ Հաղթելով Կարլ Շեֆերի հիշատակին նվիրված մրցությունում՝ նրանք որակավորվեցին մասնակցելու 2006 թվականին Թուրինում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին։ Լիոնում անցկացված Եվրոպայի առաջնությունում նրանք նվաճեցին բրոնզե մեդալ։ Սակայն Օլիմպիական խաղերի ժամանակ նրանք զբաղեցրին միայն յոթերորդ տեղը։
2005-2006 մրցաշրջանից հետո Մարգարիտա Դրոբյազկոն ու Պովիլաս Վանագասը վերջնականապես թողել են սպորտը և կենտրոնացել սառցային շոուներում մասնակցության վրա։ Նրանք հանդես են գալիս նաև որպես «Բոցավառվող սառույց» («Liepsnojantis ledas») շոուի կազմակերպիչներ, որ ամեն տարի անցկացվում է Լիտվայում Սուրբ ծննդյան մոտակա օրերին։ Նրանք մասնակցում են նաև Իլյա Ավերբուխի «Մեծ քաղաքի կրակները» (2010) ու «Գանձերի կղզու գաղտնիքը» (2012) ներկայացումներին, ինչպես նաև Առաջին ալիքի նախագծերին։
(Մարգարիտա Դրոբյազկոյի հետ)
Առաջնություն/Մրցաշրջան | 91-92 | 92-93 | 93-94 | 94-95 | 95-96 | 96-97 | 97-98 | 98-99 | 99-00 | 00-01 | 01-02 | 04-05 | 05-06 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 16 | 12 | 8 | 5 | 7 | ||||||||
Աշխարհի առաջնություններ | 17 | 13 | 9 | 12 | 8 | 10 | 8 | 6 | 3 | 5 | 4 | 4 | |
Եվրոպայի առաջնություններ | 15 | 11 | 11 | 11 | 6 | 8 | 6 | 5 | 3 | 4 | 4 | 3 | |
Լիտվայի առաջնություններ | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 |
Գրան պրիի եզրափակիչներ | 3 | 3 | 3 | 3 | |||||||||
Skate America | 2 | 3 | |||||||||||
Skate Canada | 2 | 8 | 4 | 4 | 2 | 1 | |||||||
Trophee Lalique | 4 | 3 | 3 | 3 | |||||||||
NHK Trophy | 6 | 5 | 4 | 2 | 3 | 2 | 2 | ||||||
Nations Cup | 2 | 5 | 5 | 2 | |||||||||
Կարլ Շեֆերի հիշատակին նվիրված առաջնություն | 1 | ||||||||||||
Nebelhorn Trophy | 2 | 3 | 2 | ||||||||||
Skate Israel | 1 | 1 | |||||||||||
Ձմեռային Ունիվերսիադաներ | 2 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պովիլաս Վանագաս» հոդվածին։ |
|