Պորչինսկու ժայռային մողես |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Darevskia porschinskii
|
Հատուկ պահպանություն |
|
|
Պորչինսկու ժայռային մողես (լատին․՝ Darevskia porschinskii), Քուռի ժայռային մողես, Պորչինսկու դարեվսկիա, Քուռի գարեվսկիա, իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա ցեղի տեսակ։ Հայաստանում հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերում։ Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ վայրերում, շինությունների պատերի ճեղքերում, թփուտային, նոսրանտառային, անտառային ու տափաստանային բուսականությամբ ցածրադիր վայրերում։
Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է. երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,5-6,7 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է, ինքնահատվող։ Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով։ Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են։
Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, ձիթապտղագույն ու շագանակագույն երանգները։ Մեջքի երկայնքով ձգվում է սև, տձև, երկայնակի ձգված բծերից բաղկացած, գրեթե ողջ մեջքով տարածված լայն նախշ, որը կարող է աննկատ դառնալ մարմնի հետևի հատվածում։ Կողմնային գրեթե սև զոլերը ձևավորված են միաձուլված օղանման խալերից, որոնցից 1-4 երկայնակի շարքերն ունեն բաց գույնի սպիտակավուն կենտրոնական խալ և մուգ, գրեթե սև եզրագիծ։ Վերևի շարքի խալերի եզրագիծը կտրտված է, ինչը կողմնային գոլերի վերին եզրին տալիս է ատամնաձև տեսք։ Եզրային շարքի սպիտակ գծերը միավորվելով ձևավորում են սպիտակ երկայնակի գիծ։
Կողմնային գծի կրծքային հատվածում կան կապույտ խալեր։ Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով։ Զուգավորման շրջանում արուների վահանիկներն ունենում են վառ դեղին գունավորում, իսկ եզրայինները կրում են վառ կապույտ խալեր։
Կարող է հանդիպել համտեղ հայկական, Դալի, Ռոստոմբեկովի ու Ռադդեի ժայռային մողեսների հետ, որոնցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնա¬ հատկություններով։
Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով, նաև մանր մողեսներով։ Առանձնասեռ է. զուգավորումը տեղի է ունենում մայիս-հունիսին։ Հունիսի վերջ-հուլիսի սկզբին էգը դնում է 2-5 ձու (12 x 6 մմ)։ Ձագերը ծնվում են օգոստոսի կեսերից սեպտեմբերի սկիզբը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|