Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և թանգարան |
Տեղագրություն | Իսպանիա |
Հասցե | Carrer de Fora la Muralla |
Վարչական միավոր | Լա Պերա[1] |
Երկիր | Իսպանիա[1] |
Կառուցված | 1056 |
Ճարտարապետական ոճ | late Gothic? |
Ընթացիկ վիճակ | Bien de interés cultural 8 de noviembre de 1988 RI-51-0006021[2] |
Ընթացիկ սեփականատեր | Government of Spain? |
Կայք | Պաշտոնական կայք |
Castle of Púbol Վիքիպահեստում |
Պուբոլի ամրոց կամ Գալա-Դալի ամրոց (իսպ.՝ Castillo de Púbol կամ Castillo Gala-Dalí, կատ.՝ Castell de Púbol կամ Castell Gala-Dalí), 11-րդ դարի ամրոց Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի Ժիրոնա պրովինցիայի Բաշ Էմպորդա կոմարկայի Պուբոլ գյուղում։ Միջնադարում եղել է Պուբոլ բարոնության կենտրոնը, 1970-ական թվականներին այնտեղ բնակվել են Սալվադոր Դալին (1982 թվականին ստացել է մարքիզ դե Պուբոլ տիտղոս) ու իր կինը՝ Գալան։
Պուբոլի ամրոցը տեղակայված է Լա Պերա մունիցիպալիտետի կենտրոնական մասի ամենաբարձր վայրում։ Պուբոլի ամրոցի ճարտարապետական համալիրը ներառում է ամրացված պալատը, որ շուրջը փռված է պարսպով շրջապատված այգին, Սուրբ Պետրոս Պուբոլցու թեմական գործող եկեղեցին (կատ.՝ L'església de Sant Pere de Púbol) ու այլ կառույցներ, որ հայտնի են որպես «Դեսյատին»։ Շուրջը խիտ տեղակայված են գյուղական տները, որ պաշտպանված են պարսպի մանցորդներով[3][4]։
Իր ներկայիս տեսքի հիմնական բնութագրական գծերը՝ եռահարկ կառուցվածքն ու հիմնական կառույցների երեք թևով տեղակայումը նեղ ու բարձր ներքին բակի (պատիո) շուրջը, ամրոցը ձեռք է բերել Պուբոլի բարոնության ծաղկման ժամանակաշրջանում՝ 14-րդ դարի երկրորդ կեսին և 15-րդ դարի սկզբին[5]։
Ներքին բակում պահպանվել են գոթիկայի ու Վերածննդի դարաշրջանների օրիգինալ տարրեր։ Դրանցից ամենանշանակալին գլխավոր ճակատամասն է, որտեղ աչքի են ընկնում դարպասների՝ սեպաձև խոշոր քարերից կառուցված կիսաշրջանաձև կամարն ու առաջին հարկի օրիգինալ գոթական պատուհանները։ Ամրոցի տարբեր կառույցներում պահպանվել են մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ ճարտարապետական տարրեր, ինչպիսիք են գոթական պատուհաններն ու Վերածննդի դարաշրջանի պատուհանները, բարձրաքանդակներն ու շքամուտքերը, որ զարդարված են խորհրդանշաններով[6]։
Սուրբ Պետրոս Պուբոլցու եկեղեցին, որ ունի մեկ նավ ու զանգակատուն, կառուցված է գոթական ոճով 1327 և 1341 թվականների միջև, սակայն որոշ կառույցներ ավելացվել են ավելի ուշ, օրինակ՝ երկու մատուռներից մեկը, որ նվիրված է Մարիամ Աստվածածնին, զարդարվել է քանդակներով 15-րդ դարում, իսկ մյուսը՝ 1631 թվականին։ 17-րդ դարում ավելացվել է դասը, 18-րդ դարում՝ ավանդատունը։ Եկեղեցու ճակատամասի մեջտեղում գտնվում են գլխավոր մուտքն ու ուշ գոթական շրջանի վարդակ պատուհանը։ Մինչ 1936 թվականը եկեղեցում է գտնվել Սուրբ Պետրոս Պուբոլցու նկարը՝ ստեղծված կատալոնցի գեղանկարիչ Բեռնատ Մարտորելի կողմից մոտավորապես 1437 թվականին, սակայն ներկայում այն պահվում է Գիրոնայի Արվեստի թանգարանում[6]
Սուրբ Պետրոսից ու այլ անձանցից բացի նկարում պատկերված են Պուբոլ ամրոցի տերերից մեկը՝ Բերնատ դե Կորբերան (կատ.՝ Bernat de Corbera), նրա կին Մարգարիդա դե Կամպլոնգը (կատ.՝ Margarida de Campllong) և նրանց որդին՝ Ֆրանսեսկ դե Կորբերա ի դե Կամպլոնգը (կատ.՝ Francesc de Corbera i de Campllong), ում դուստրը դարձել է Պուբոլի առաջին բարոնուհին[7]։
Պուբոլ ամրոցի մասին առաջին անգամ հիշատակվում է 1065 թվականի մի փաստաթղթում, համաձայն որի՝ ամրոցի տերը՝ Գաուֆրեդ Բաստոնսը (կատ.՝ Gaufred Bastons), իր Պուբոլ և Սերվիա (կատ.՝ Castell de Cervià) ամրոցները հանձնել է Բարսելոնայի կոմսությանը։ 14-րդ դարի կեսերին ամրոցն անցնում է Առնո դե Լիերսին (կատ.՝ Arnau de Llers): Հետագայում այն պատկանել է Սերվիա ընտանիքին, իսկ 1370 թվականին արդեն եղել է Ժիսպեր դե Կամպլոնգի (կատ.՝ Gisper de Campllong) սեփականությունը։
15-րդ դարի երկրորդ կեսին՝ ամրոցի հերթական տիրոջ՝ Ֆրանսեսկ դե Կորբերա ի դե Կամպլոնգի մահից հետո, Պուբոլն անցել է նրա դստերը՝ Իզաբելա դե Կորբերա ի Ալբերտին (կատ.՝ Isabel de Corbera y Albert): Ամուսնացած լինելով Ֆրանսիսկո դե Մունտանյանս-Հորտայի (իսպ.՝ Fransisco de Muntanyans-Horta) հետ՝ Իզաբելան ստացել է Պուբոլի բարոնուհու տիտղոս։ Առաջին ամուսնու մահից հետո Իզաբելան ամուսնանում է Բերենգե-Ժուան դե Ռեկեսենսի (իսպ.՝ Berenguer-Juan de Requesens) հետ։ Նրանց որդին՝ Ֆրանսեսկ դե Ռեկեսենս-Կամպլոնգը (կատ.՝ Francesc de Requesens-Campllong), ժառանգել է մոր տիտղոսը և դարձել Պուբոլի առաջին բարոնը[8]։ Մինչ 17-րդ դարի սկիզբն ամրոցը եղել է Ռեկեսենս ընտանիքի սեփականությունը։ Հետագայում ամրոցը պատկանել է Օմս (կատ.՝ Oms), Տորմո (կատ.՝ Tormo), Բատլե ի դե Միքել (կատ.՝ Batlle y de Miquel) ընտանիքներին, ապա դե Բլոնդել դե լ'Էստան (կատ.՝ de Blondel de l'Estany) մարքիզներին։
1969 թվականին Սավադոր Դալին իր կնոջը՝ Գալային, խոստանում է նվիրել ամրոց։ Էմպորդայի ու Ֆոշայի ամրոցները գնելու անհաջող փորձերից հետո Դալին ձեռք է բերում Պուբոլը, որ այն ժամանակ գտնվում էր բավական վատ վիճակում. պատերին կային մեծ ճեղքեր, կտուրներն ավերված էին, իսկ այգին՝ լքված։ Այդ ամենն ամրոցին տալիս էր ռոմանտիկ ու խորհրդավոր տեսք, ինչը բարձր է գնահատում Դալին և ամեն ինչ անում, որ այդ էֆեկտը չկորչի վերակառուցման ընթացքում։ Վերակառուցման աշխատանքները ղեկավարել է Էմիլ Պինիոն՝ Սալվադոր Դալիի ընկերը։ Ամրոցի հենարանային կառույցները ամրացվում են, սակայն թողնվում է ճակատամասին եղած խորը ճեղքը։ Ըստ Դալիի՝ ժամանակի այդ հետքը արժանի է, որ պահպանվի։ Ավերված շինությունների տեղում կառուցվում են բարձր սրահներ, որոնք հակադրվում են ամրոցի մյուս՝ փոքր ու խուցային շինություններին։ Ամրոցը հնարավոր է լինում փրկել՝ չծածկելով ու չվերանորոգելով ավերածությունների մի զգալի մասը։
Ամրոցի ինտերիերը, որի հիմնական տարրերից են պատերի զարդանկարները (այդ թվում նաև տեսողական պատրանքներ ստեղծող զանազան խաբուսակները), բարոկկո ոճի կտորները, անտիկվարիատը, ռոմանտիկական խորհրդանշաններ և այլն, ամբողջովին ստեղծվել է Սալվադոր Դալիի կողմից։ Այգում տեղադրվել են բարակոտն փղերի արձաններ, որոնց գավակներին թառել են ագռավներ, ինչպես նաև կառուցվել է շատրվան, որ զարդարված է կոմպոզիտոր Վագների՝ գունավոր խեցուց պատրաստված կիսանդրիներով[9]։
«Գալան բռնեց իմ ձեռքն ու հանկարծ ասաց ինձ. «Եվս մեկ անգամ շնորհակալություն ամեն ինչի համար։ Ես ընդունում եմ Պուբոլ ամրոցը, բայց մի պայմանով. առանց իմ գրավոր հրավերի դու այնտեղ չես հայտնվի»։ Այդ պայմանը բավարարում էր իմ մազոխիստական հակումներին ու լիովին հիացրեց ինձ։ Գալան վերածվեց անմատչելի բերդի, ինչպիսին եղել էր միշտ։ Կիպ մոտիկությունն ու հատկապես ընտանեվարությունն ունակ են մարելու ցանկացած կիրք։ Զգացմունքների զսպվածությունն ու հեռավորությունը, ինչպես ցույց է տալիս ասպետական սիրո նյարդային ծեսը, ուժեղացնում են կիրքը»։
Բնօրինակ տեքստ (կատ.)«Gala em va agafar la mà i de sobte em digué: «Gràcies un cop més. Accepto el castell de Púbol, però amb una sola condició: que només vindràs a visitar-me al castell per invitació escrita». Aquesta condició afalagà sobretot els meus sentiments masoquistes i m'entusiasmà, Gala esdevenia el castell inexpugnable que no havia deixat mai de ser. La intimitat i, sobretot, les familiaritats fan minvar totes les passions. El rigor sentimental i les distàncies, com ho demostra el cerimonial neuròtic de l'amor cortès, augmenten la passió.»
1971-1980 թվականներին Գալան ամրոցում անցկացրել է ամառները։ Նա մահացել է ամրոցում 1982 թվականի հունիսի 10-ին և թաղվել այնտեղ[11]՝ Դալիի հանձնարարությամբ «Դեսյատինի» շենքում կառուցված կրիպտեում։
Նույն թվականի հունիսի 24-ին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I]-ը Սալվադոր Դալիին շնորհում է մարքիզ դե Պուբոլ տիտղոս։
Կնոջ մահից հետո Դալին երկու տարի ամրոցում վարում է մեկուսի կյանք։ 1984 թվականին ամրոցում տեղի է ունենում մեծ հրդեհ, որ բռնկվել էր նրա ննջարանում[12] չպարզված հանգամանքներում։ Դա կարող էր լինել ինքնասպանության փորձ Դալիի կողմից կամ սպասավորների անուշադրության հետևանք[13]։ Արդյունքում Դալին ստանում է այրվածքներ և հազիվ է փրկվում է մահից[14] իր ընկերոջ՝ Ռոբերտ Դեշարնի շնորհիվ[15]։ Հիվանդանոցում բուժվելուց հետո Դալին տեղափոխվում է Ֆիգերասում գտնվող իր տուն-թատրոնի Գալատեայի աշտարակ, որտեղ ապրում է մինչև մահ։
«Գալա-Դալի ամրոց» տուն-թանգարանը բացվել է 1996 թվականին և հովանավորվում է «Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամի կողմից։ Թանգարանն այցելությունների համար բաց է մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Ամրոցում անցկացվել են վերակառուցման աշխատանքներ, և վերանորոգվել են կահույքը, ցուցանմուշներն ու զանազան մանրուքներ, որոնք բավականին վնասվել էին այն տարիներին, երբ շինությունը եղել է փակի տակ։ Թանգարանի վերակառուցմամբ շինության սեփականատիրոջ իրավունքով զբաղվել է Պետական ժառանգության պահպանության հարցերով գլխավոր վարչությունը։
Վերակառուցման ժամանակ զգալիորեն փոխվել է շինության ձեղնահարկը, որտեղ ներկայում տեղավորված է Գալայի զգեստապահարանի մշտական ցուցադրությունը։ Ամրոցի ներքին հարկում գործում է տուն-թանգարանի խանութը, իսկ մյուս շենքերը թողնված են այնպիսին, ինչպիսին եղել են Սալվադոր Դալիի ու Գալայի օրոք[9]։