cuisine of Kerala? | |
---|---|
Ենթատեսակ | բրնձով ուտեստ |
Առաջացման երկիր | Շրի Լանկա և Հնդկաստան |
Puttu Վիքիպահեստում |
Պուտտու (մալայալամ՝ പുട്ട്, ա.-փենջ.` ਪੁੱਟੂ, սինգ․՝ පිට්ටු, թամիլերեն՝ பிட்டு), հնդկական Կերալա, Թամիլ Նադու, Կառնատակա շրջանների և Շրի Լանկայի ավանդական ուտեստ, որը մատուցվում է նախաճաշին[1]։ Ուտեստի puttu կամ pittu անվանումը թամիլերենից թարգմանաբար նշանակում է «օրաբաժին»։ Ուտեստն իրենից ներկայացնում է գոլորշիով շոգեխաշված և կոկոսի քերուկով պատված բրնձի գլան։ Պուտտուն հատկապես տարածված է հնդկական Կերալա նահանգում և Շրի Լանկայում․ այն մատուցում են եղեգնի շաքարով, սիսեռային կարիով կամ բանաններով։ Հյուսիսային Կանադայում այն մատուցվում է գհիի[2], պայայի մսային ապուրի կամ ոչխարի մսից կարիի հետ[3]։ Կերալում կերակրատեսակը ստացել է ազգայինի կարգավիճակ։
Պուտտուն պատրաստվում է կոշտ աղացած բրնձով, կոկոսի քերուկով և ջրով[4]։ Հաճախ բրինձը համեմում են զիրայով և այլ համեմունքներով։ Շրի Լանկայում ուտեստը սովորաբար պատրաստում են ցորենի կամ կարմիր բրնձի ալյուրով՝ առանց զիրայի։ Հյուսիսային Կարնատակիում խառնուրդին ավելացնում են անուշահոտ գառան մսով կամ ծովախեցգետիններով ու կոկոսի քերուկով մասալա։
Պուտտուն պատրաստվում է բրնձի շոգեխաշման միջոցով։ Բրինձը շոգեխաշելուց առաջ նրա վրա կոկոսի հետ ավելացվում է բրնձի ջուր և համեմունքներ, մինչև ստացվի փափուկ, առաձգական զանգված[5]։
Ուտեստի պատրաստման համար օգտագործվում է հատուկ մետաղյա շոգեխաշիչ՝ պուտտու կուտտին (puttu kutti), որը բաժանված է երկու մասի։ Ներքևի մասում լցվում է ջուր, իսկ վերևում՝ շերտերով տեղավորվում է բրնձե զանգվածը, կոկոսի քերուկը և շոգեխաշվում[6]։
Շոգեխաշիչի մյուս տեսակները իրենց մեջ ներառում են ներքևի մետաղյա մաս և բամբուկից կամ կոկոսի կեղևից պատրաստված բաժիններ բրնձի համար։ Ավանդական պուտտու կուտտին պատրաստվել է կոկոսի կեղևից, որի վրա ամրացրել են բամբուկի ձողեր։
Պուտտուն պատրաստում են նաև ցանցավոր կափարիչով ինքնատիպ խորը թավաներում, շուտեփուկներում, իսկ Մալայան կղզեխմբիում՝ բամբուկի սնամեջ ցողունների վրա։
Հաճախ պուտտին մատուցվում է ջրալի կերակրատեսակներով, օրինակ՝ զանազան կարիների հետ և ոսպով բլիթներով՝ պապադամներով[7]։ Սովորաբար այն մատուցվում է նաև բանանի, մանգոյի, ջեքֆրուտի և պլանտանի հետ։ Կերալայի որոշ շրջաններում այն մատուցվում է քաղցր սև սուրճի հետ։ Թամիլնադիում պուտտուն մատուցում են կոկոսի քերուկով, պալմայի կամ եղեգնի շաքարով, կոկոսի կաթով և սամբալ կծու սոուսով։
Գոյություն ունեն պուտտուն ցորենի կամ եգիպտացորենի ալյուրով և տապիոկայով պատրաստելու տարբերակներ[8]։ Կոկոսի քերուկի շերտը նույնպես փոխարինվում է կարիով[9] կամ բանաններով[10]։ Պուտտուն միշտ չէ, որ պատրաստվում է գլանաձև։ Շրջանաձև պատրաստված ուտեստը կոչվում է մանիպուտտու։
Հարավարևելյան Ասիայի շրջաններում պուտտուն սովորաբար պատրաստվում է բամբուկի սնամեջ ցողունի մեջ։ Ինդոնեզիայում այս ուտեստը կոչվում է «կուե պուտտու», մալայերենով՝ «պուտտու բամբու», իսկ թագալերենով՝ «պուտո բումբոնգ»։ Այս շրջաններում պուտտուն ընդունված է պատրաստել բրնձի ալյուրով՝ արմավենու շաքարի միջուկով բամբուկե խողովակներում կարկանդակները շոգեխաշելով և զարդարել պանդանայի տերևներով[11]։ Այս տարբերակը մատուցվում է կոկոսի թարմ կտորներով։ Ինդոնեզիայում «կուե պուտտուն» հաճախ վաճառում են փողոցներում «կլեպոն» բրնձային թխվածքի հետ միասին, որն իրենից ներկայացնում է նույն կուե պուտտուն կլոր կառուցվածքով։
Մավրիկիոսում պուտտուն նույնպես հայտնի է, այն վաճառում են փողոցային վաճառականները, այնտեղ այն թեթև նախուտեստ է համարվում։ Կերակրատեսակի բաղադրությունը նույնն է՝ բրնձի ալյուր, շաքար և կոկոսի չոր քերուկ։ Այն պատրաստվում է մետաղյա շոգեխաշիչների մեջ։