Ջեյմս Ալլեն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1864[1] |
Ծննդավայր | Լեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 24, 1912[1] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Իլֆրակոմբ, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ինչպես է մարդը մտածում |
James Allen (author) Վիքիպահեստում |
Ջեյմս Ալլեն (անգլ.՝ James Allen, նոյեմբերի 28, 1864[1], Լեսթեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 24, 1912[1], Իլֆրակոմբ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի փիլիսոփա գրող, որը հայտնի էր իր ոգեշնչող գրքերով և բանաստեղծություններով և որպես ինքնակրթությամբ զբաղվող ստեղծագործողների շարժման նախաձեռնող։ Նրա ամենահայտնի աշխատությունը «Ինչպես է մարդը մտածում» գիրքն է, որը մեծաքանակ վաճառքի է հանվել 1903 թվականին՝ հրապարակվելուց հետո։ Այն ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ինքնակրթության միջոցով զարգացող հեղինակների համար։
Ծնվել է Անգլիայի Լեսթեր քաղաքում, աշխատավորի ընտանիքում։ Նա երկու եղբայներից ավագն էր։ Մայրը գրել, կարդալ չգիտեր։ Հայրը՝ Ուիլիամը, հյուսն էր։ 1879 թվականին կենտրոնական Անգլիայի տեքստիլ առևտրի սնանկացման պատճառով Ալլենի հայրը միայնակ մեկնել է Ամերիկա՝ աշխատանք գտնելու և ընտանիքի համար նոր տուն կառուցելու նպատակով։ Ժամանելուց երկու օր անց, Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում նա իր մահկանացուն էր կնքել, ըստ ենթադրության՝ կողոպուտի և սպանության արդյունքում։ Տասնհինգ տարեկանում, ընտանիքում առկա կենցաղային խնդիրների պատճառով, Ալլենը ստիպված էր թողնել դպրոցը և աշխատանք գտնել։
1890-ականներին Ալլենն աշխատում էր որպես մասնավոր քարտուղար և գրավաճառ բրիտանական մի քանի արտադրական ընկերություններում։ 1893 թվականին Ալլենը տեղափոխվում է Լոնդոն, իսկ այնուհետև՝ Հարավային Ուելս՝ վաստակելով ապրուստը լրագրությամբ և զեկույցներ գրելով։ Հարավային Ուելսում նա հանդիպում է Լուիզա Օրամին (Լիլի Լ. Ալլեն), որի հետ ամուսնանում է 1895 թվականին։ 1898 թվականին Ալլենը գտնում է մի զբաղմունք, որի միջոցով նա՝ որպես «Ոսկե դարի հերոս» ամսագրի գրող, կարող էր դրսևորել իր հոգևոր և սոցիալական հետաքրքրությունները։ Այդ ժամանակ Ալլենը թևակոխում է ստեղծագործական մի ժամանակաշրջան, և այնուհետև հրատարակում է իր առաջին գրքերը՝ «Աղքատությունից մինչև իշխանություն» (1901)։ 1902 թվականին Ալլենը սկսում է հրատարակել իր սեփական հոգևոր ամսագիրը՝ «Բանականության լույսը», որը հետագայում վերանվանվում է որպես «Դարաշրջան»։
1903 թվականին Ալլենը հրատարակել է իր երրորդ և ամենահայտնի` «Ինչպես է մարդը մտածում» գիրքը։ Մեծապես հիմնված լինելով Աստվածաշնչի Առակաց գրքի 23:7 հատվածի վրա՝ «Ինչպես մարդը մտածում է իր սրտում, նա էլ այդպիսին է», այս փոքրիկ աշխատությունն ի վերջո, ընթերցվում է ամբողջ աշխարհում և Ալլենին հետմահու հանրաճանաչություն է բերում՝՝ որպես ժամանակակից մտքի ոգեշնչման աղբյուր հանդիսացող առաջատար գործիչներից մեկը։
Գրքի փոքր լսարանը հնարավորություն ընձեռեց Ալլենին թողնել իր քարտուղարի աշխատանքը և հետամուտ լինել գրելուն և խմբագրման կարիերային։ 1903 թվականին Ալլենների ընտանիքը տեղափոխվում է Իլֆրակոմբ քաղաք, որտեղ Ալլենն անցկացնում է իր կյանքի մնացած մասը։ Շարունակելով հրատարակել «Դարաշրջանը», ամեն տարի նա գրում էր ավելի քան մեկ գիրք, մինչև իր մահը՝ 1912 թվականը։ Այնտեղ ստեղծագործում է ինը տարի՝ ստեղծելով 19 աշխատություն։
1912 թվականին, Ալլենի մահից հետո նրա կինը շարունակում է հրատարակել ամսագիրը «Դարաշրջան» անվամբ։ Լիլի Ալլենը ամփոփեց ամուսնու գրական առաքելությունը՝ նրա հետմահու հրատարակված ձեռագրերից մեկի՝ «Երջանկության և հաջողության հիմնաքարերը» աշխատության նախաբանում, գրելով «Նա երբեք չի գրել տեսություններ կամ չի գրել հանուն գրելու. սակայն նա գրել է այն ժամանակ, երբ ասելիք է ունեցել, և երբ նա ապրել է այդ ամենն իր կյանքում, և իմացել է, որ դա լավ է։ Այսպիսով նա գրել է փաստեր, որոնք նա ապացուցել է գործնականում»[2]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ալլեն» հոդվածին։ |
|