Ջերարդ Լևոնի Գաֆէսճեան | |
---|---|
Ծնվել է | 1925, ապրիլի 26 |
Ծննդավայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | 2013, սեպտեմբերի 15 |
Մահվան վայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | հայ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոռնելի համալսարան և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ |
Մասնագիտություն | բարերար, գործարար |
Ջերարդ Լևոնի Գաֆէսճեան (ապրիլի 26, 1925, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 15, 2013[1], ԱՄՆ), գործարար և բարեգործ, հիմնադրել է «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը (ԳԸՀ), «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամը (ԳԹՀ) և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։
Ջերարդ Լևոնի Գաֆէսճեանը ծնվել է 1925 թվականին, Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Ծնողները Միացյալ Նահագներ են ներգաղթել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։
Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում տեղակայված ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի կազմում՝ ծառայելով «Կորսեր III» զբոսանավի վրա, որը կառուցվել էր 1895 թվականին՝ ավելի ուշ վերածվելով գեոդեզիական հետազոտություններ կատարող ռազմանավի։ Ծառայել է նաև «Անդրես» ամերիկյան ռազմանավի վրա։ Պատերազմից վերադառնալուն պես ամուսնացել է բուժքույր Քլեո Թոմասի հետ, որին հանդիպել էր պատերազմի ժամանակ։
Գաֆէսճեանը ստացել է տնտեսագիտության և իրավաբանության բակալավրի աստիճան։ Սովորել է Հանթեր քոլեջում, ապա Սուրբ Հովհաննես համալսարանի Իրավագիտական բարձրագույն դպրոցում։ Եղել է Նյու Յորքի փաստաբանների ասոցիացիայի անդամ։
1952 թվականին սկսել է մասնագիտական գործունեությունն աշխարհի առաջատար իրավաբանական տեղեկատվության ընկերություններից մեկում՝ West Publishing-ում, որպես իրավական հարցերով խմբագիր։ Ընկերության 100-ամյա պատմության մեջ նա դարձել է առաջին աշխատակիցը, ով մասնաճյուղից տեղափոխվել է Մինեսոտա՝ գլխավոր գրասենյակ, որտեղ ստանձնել է նույն ընկերության մի շարք ղեկավար պաշտոններ՝ ի վերջո դառնալով West Publishing ընկերության գործադիր փոխնախագահ և տնօրենների խորհրդի անդամ։
Հիմնադրել և հաջողությամբ իրականացրել է «Արևմտյան արվեստը և իրավունքը» (West Art and the Law) ամենամյա ցուցահանդեսը։ Այդ նախաձեռնության համար արժանացել է «Գործարարությունը և արվեստը» պարգևի։
1996 թվականի հունիսին սկսել է անձնական ներդրումների կառավարումն ու բարեգործական գործունեությունը։ Գաֆէսճեանի բարեգործական ջանքերի հիմնական առաքելությունը հայության բարեկեցությանն աջակցելն է եղել։
Վաշինգտոնում եղել է Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, զգալի նվիրատվություն է կատարել թանգարանին ու ցեղասպանության զոհերի հուշակոթողի կառուցմանը։
1996 թվականին Գաֆէսճեանը հիմնադրել է «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը։ ԳԸՀ-ի նպատակն է նպաստել հայ ազգի նկրտումներին՝ ցեղասպանության թողած ողբերգական հուշերի բեռը թեթևացնելու գործում։ «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամը նախաձեռնել է նաև մի շարք նախագծեր, որոնց նպատակն է ստեղծել աշխատատեղեր և ապահովել կայուն տնտեսական ակտիվություն՝ վերականգնվող էներգետիկայի, ԶԼՄ-ների, ֆինանսական ծառայությունների, անշարժ գույքի զարգացման, համակարգչային ծրագրերի և հեռահաղորդակցության ոլորտներում ծրագրերի զարգացման և իրականացման համար։
Ջերարդ Գաֆէսճեանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկի՝ Կասկադի վերանորոգումն է եղել, որտեղ 2009 թվականին բացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որ կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը։ Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Գաֆէսճեանը նպատակ ուներ արվեստի միջոցով նոր լույս տարածելու հայերի կյանքում[2]։
|