Ջիմի Քարթերի միջադեպը ջրային ճագարի հետ (մամուլը անվանել է այն «մարդասպան ճագարի հարձակում») տեղի է ունեցել 1979 թվականի ապրիլի 20-ին ձկնորսության ժամանակ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի նավով զբոսանքի ժամանակ։
Գտնվելով իր հայրենի՝ Ջորջիա նահանգի Փլեյնս քաղաքում, Քարթերը միայնակ գնացել է նավով ձուկ որսալու։ Ըստ նրա պատմության՝ ջրային ճագարը ջրի մեջ է հայտնվել որսկան շների պատճառով, նա «ջրից դուրս էր ցատկում և նավակի հետևից լողում։ Երբ նա շատ մոտ լողաց, ես թիակով ջուր ցողեցի նրա վրա»[1]։
Չնայած այն հանգամանքին, որ միջադեպը նկարահանվել է Սպիտակ տան լուսանկարչի կողմից[2], երբ Քարթերը վերադարձել է գրասենյակ, նախագահի աշխատակազմի աշխատակիցները չեն հավատացել պատմությանը. նրանք պնդում էին, որ ճագարները լողալ չգիտեն և երբեք չեն հարձակվում մարդկանց վրա[3][4][5][6]։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոդի Փաուելը հիշատակել է 1979 թվականի օգոստոսի 28-ի միջադեպը Ասսոշեյթեդ պրեսի թղթակից Բրուքս Ջեքսոնի հետ զրույցում։ Հաջորդ օրը լրագրողը պատմությունը փոխանցել է լրատվական գործակալություններին[7][8][9]։ «Նախագահի վրա ճագար է հարձակվել» վերնագրով պատմությունը հայտնվել է Վաշինգտոն Փոստ թերթի առաջնորդող հոդվածում, թեև Սպիտակ տան կողմից լուսանկարներ տրամադրելուց հրաժարվելը թերթին ստիպել է ծաղրանկարային պարոդիա տեղադրել «Ծնոտներ» ֆիլմի փոփոխված պաստառի տեսքով, որի վրա գրված է «Paws» (անգլ. թարգմանաբար՝ «թաթեր»)՝ «Jaws»-ի (անգլ. թարգմանաբար՝ «ծնոտներ»)[10] փոխարեն։ Սպիտակ տունը հրաժարվել է մամուլին տրամադրել միջադեպի լուսանկարները, քանի դեռ նախագահ Ռեյգանի վարչակազմի ազդեցության տակ տեղի չի ունեցել միջադեպի նկատմամբ հետաքրքրության վերածնունդ։
Միջադեպը ծառայել է Քարթերի քաղաքական և գաղափարական հակառակորդներին, ովքեր փորձում էին նրա իշխանությունը ներկայացնել որպես անօգնական և թույլ[11]։ Երգիչ Թոմ Փաքսթոնը միջադեպին ծաղրերգությամբ է արձագանքել իր «I Don’t Want a Bunny Wunny» երգում, որը թողարկվել է 1980 թվականի «The Paxton Report» ալբոմում[12]։
Դեպքից 31 տարի անց CNN-ի թղթակից Հովարդ Քուրցին տված հարցազրույցում Քարթերն ասել է, որ ճագարը վազել է ափով, և նրան հետապնդել են որսկան շները, ուստի նա ցատկել է ջուրը և լողացել դեպի նավակը․ «Երբ նա գրեթե տեղ հասավ, սս թիակով մի փոքր ջուր ցողեցի նրա վրա», ինչից հետո կենդանին շրջվել է հակառակ ուղղությամբ և լքել լճակը։ Քարթերը նաև ասել է, որ ինքը չգիտի, թե կոնկրետ ինչ է ասել Փաուելը Ջեքսոնին, բայց ամեն դեպքում Փաուելն ասել է դա բարում այն բանից հետո, երբ բավականաչափ ալկոհոլ է խմել։ Այդ հարցազրույցի պահին Փաուելն արդեն մահացել էր, բայց իր կյանքի ընթացքում նա գրել և հրատարակել էր «Պատմության մյուս կողմը» գիրքը, որում նա պնդել է, որ այս խոսակցությունը տեղի չի ունեցել բարում կամ ալկոհոլ օգտագործելու գործընթացում, այլ մի բաժակ թեյի շուրջ[1]։
Լրատվամիջոցներն իրադարձությունն օգտագործել են որպես փոխաբերություն, երբ ցանկանում էին բացասաբար պատկերել Քարթերին[13]։ Հաջորդ ընտրություններում Քարթերը պարտվել է Ռոնալդ Ռեյգանին, իսկ հանրապետականները մեծամասնություն են ստացել Սենատում, որը նրանք չունեին 1954 թվականից ի վեր։
Այս իրադարձությունը և դրա վրա արձագանքները ներկայացվել են մի քանի xkcd կոմիքսներում[14] և SNL-ի սկետչում[15]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Քարթերի միջադեպը ճագարի հետ» հոդվածին։ |
|