Ջոզեֆ Կոլոմբո անգլ.՝ Joseph Colombo | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1923[1] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 22, 1978[1] (54 տարեկան) |
Մահվան վայր | ԱՄՆ |
Գերեզման | Սուրբ Հովհաննեսի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | New Utrecht High School? |
Մասնագիտություն | գանգստեր |
Ջոզեֆ Էնտոնի «Ջո» Կոլոմբո կրտսեր (անգլ.՝ Joseph Colombo, հունիսի 16, 1923[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 22, 1978[1], ԱՄՆ), ամերիկացի քրեական գործիչ, Կոլոմբոյի մաֆիոզ ընտանիքի ղեկավարը, այսպես կոչված «հինգ ընտանիքներ»-ից մեկը, որը գտնվում է Նյու Յորքում[2]։ «Ընտանիք»-ը հիմնադրվել է Ջուզեպպե Պրոֆաչիի կողմից։ Սակայն վերանվանվել է «Կոլոմբոյի ընտանիք» անմիջապես այն բանից հետո, երբ Ջոզեֆ Կոլոմբոն «Ընտանիք»-ի բոլոր գործերն իր ձեռքն է վերցրել[2]։ Նա եղել է իր «Ընտանիք»-ի Բրուքլինյան ղեկավարը, հայտնի է նաև որպես իտալական ծագում ունեցող ամերիկացիների քաղաքացիական իրավունքների լիգայի հիմնադիր։
Ծնվել է մաֆիոզ Էնտոնի Կոլոմբոյի ընտանիքում, որը ծագումով եղել է իտալացի։ Եղել է Պրոֆաչի ընտանիքի անդամներից։ 1938 թվականին գանգստերական պատերազմներից մեկի ժամանակ Էնտոնի Կոլոմբոյին գտել են մեքենայի մեջ խեղդամահ արված՝ սիրուհու հետ[3]։ Ջոզեֆը երկու տարի սովորել է Նյու Ուտրեխտի բարձրագույն դպրոցում, սակայն հետո թողել է ուսումը և ծառայության անցել ԱՄՆ առափնյա պահակախմբում, որտեղից 1945 թվականին ազատվել է աշխատանքից, քանի որ նրա մոտ նևրոզ են ախտորոշել։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Կոլոմբոն ամբողջ կյանքում աշխատել է. տասը տարի եղել է բեռնակիր, վեց տարի վաճառող՝ մսի խանութում, կյանքի վերջին տարիներին իբր անշարժ գույքի գործակալ է եղել։ Ընդ որում՝ Բրուքլինում՝ Բեյ-Ռիջում համեմատաբար համեստ տուն է ունեցել և հինգհարկանի բնակատեղի՝ Բլումինգ-Գրովում[4]։
Մաֆիայում Ջոզեֆ Կոլոմբոն հայտնվել է 1950-ական թվականներին, ճիշտ այնպես, ինչպես իր հայրն է ժամանակին միացել Պրոֆաչիի ընտանիքին, որտեղ շուտով հեղինակություն է ձեռք բերել և դարձել Ջուզեպպե Պրոֆաչիի համախոհներից մեկը։ 1961 թվականին նա այդ կարգավիճակում հայտնի է եղել Պրոֆաչիի մրցակցի կողմից առևանգված Ջո Գալոյի կազմած թիմի մեջ, որը պատերազմ է սկսել նախկին ղեկավարի դեմ։ Պրոֆաչիի մահից հետո, 1962 թվականին շարունակել է ամրապնդել իր դիրքերը «Ընտանիքում»։ 1964 թվականին ընտրվել է որպես դրա ղեկավար՝ դառնալով այդ ժամանակ «ընտանիք»-ի ամենաերիտասարդ ղեկավարը հինգ ընտանիքների պատմության մեջ։ Նա նաև դարձել է Նյու Յորքի «ընտանիք»-ում առաջին ղեկավարը, որը ծնվել է ԱՄՆ-ի տարածքում։
Ի տարբերություն 20-րդ դարի մյուս մաֆիոզների՝ նա չի վախեցել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ անմիջական շփումից։ Օրինակ, երբ նրան մի անգամ կանչել են իր խմբավորման անդամներից մեկի սպանության հարցով, Կոլոմբոն առանց փաստաբանի է գնացել։ Ալբերտ Սիդմանի (Նյու Յորքի ոստիկանության դետեկտիվների ապագա ղեկավար) այն հարցին, թե չի վախենում արդյոք առանց փաստաբանի պատասխանել, Կոլոմբոն պատասխանել է. «Ես առաջին կարգի ամերիկյան քաղաքացի եմ։ Ես չունեմ կրծքանշան, որը պաշտոնապես հավաստիացնում է, որ ես ձեզ նման լավ տղա եմ, բայց ես պարզապես զբաղվում եմ ազնիվ աշխատանքով, որպեսզի կարողանամ ապրել»[5]։
Իր ողջ կյանքի ընթացքում նա կալանքի է ենթարկվել միայն մեկ անգամ՝ 1966 թվականին՝ 30 օրով՝ իր ֆինանսական գործողությունների մասին դատարանին ցուցմունք չտալու համար։ Կոլոմբոյի «ընտանիք»-ը նրա ղեկավարության օրոք վերահսկել է Բրուքլինյան կյանքի այնպիսի քրեական ոլորտներ, ինչպիսիք են վաշխառությունը, գողացված իրերի ու գողացված ավտոմեքենաների իրացումը, ձիարշավի հետ կապված անօրինական տոտալիզատորները, բայց միաժամանակ տիրապետտել է նաև առնվազն քսան օրինական գործող ձեռնարկությունների։
1970 թվականի ապրիլի 23-ին նրա որդին ձերբակալվել էր ՀԴԲ-ի կողմից շորթագործության մեղադրանքով։ Դրանից վրդովված, Կոլոմբոն նույն ժամանակ հիմնադրել է այսպես կոչված իտալական ծագում ունեցող ամերիկացիների քաղաքացիական իրավունքների լիգան՝ պնդելով, որ իր որդին անօրինական կերպով է ձերբակալվել։ Նույն թվականի հուլիսի 29-ին «իտալա-ամերիկյան միասնության օր» հայտարարված լիգայի անդամների հանրահավաքին եկել էր 15000 մարդ, այդ թվում՝ մի քանի կոնգրեսականներ և հայտնի դերասաններ։ Այդ կազմակերպության փոխնախագահը նրա որդիներից մեկն է եղել՝ Էնդրյուն։ 1971 թվականին նա փորձել է հրեաների լիգայի հետ համաձայնագիր կնքել խտրականության դեմ համատեղ պայքարի մասին[6]։ 1971 թվականի հունիսի 28-ին, ելույթ ունենալով լիգայի հերթական ժողովում, Կոլոմբոն ծանր վիրավորվել է անհայտ երիտասարդ սևամորթների կողմից, որոնք հասցրել էին երեք անգամ կրակել նրա գլխին և պարանոցին։ Նրան շուտ հասցրել են հիվանդանոց տեղափոխել։ Ենթադրվում է, որ այդ սևամորթ երիտասարդները գործել են 1971 թվականի սկզբին բանտից դուրս եկած Ջո Գալոյի հրամանով, որը Կոլոմբոյի թշնամին է եղել։ Միևնույն ժամանակ վարկած կա, որ մահափորձի հետևում կանգնած են եղել Գամբինոյի մաֆիոզ ընտանիքի մարդիկ[7]։
Կոլոմբոն ողջ է մնացել, սակայն մինչև կյանքի վերջը մնացել է կաթվածահար վիճակում և գտնվել կոմայի մեջ։ 1975 թվականին տեղեկություններ են տարածվել, որ նա կարողացել է ձեռքի երկու մատերը շարժել, իսկ 1976 թվականին նա նույնիսկ գիտակցության է եկել և ճանաչել որոշ մարդկանց, սակայն երկու տարի անց Կոլոմբոն մահացել է սրտի կանգից[4]։
|