Ջոն Բրեթ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1831[1][2][3] |
Ծննդավայր | Bletchingley, Tandridge, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Վախճանվել է | հունվարի 7, 1902[2][3] (70 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | Պրեռաֆայելիտներ[3] |
Ուշագրավ աշխատանքներ | Glacier of Rosenlaui? և The Stonebreaker? |
Աշակերտներ | Emily Epps Williams? |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Զավակներ | Daisy Watson? |
John Brett Վիքիպահեստում |
Ջոն Բրեթ (անգլ.՝ John Brett, դեկտեմբերի 8, 1831[1][2][3], Bletchingley, Tandridge, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հունվարի 7, 1902[2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), պրեռաֆայելիտների շարժմանը մոտ անգլիացի նկարիչ (ինքն իրեն պրեռաֆայելիտ չի համարել), առավել հայտնի է մանրազնին արված բնանկարներով։
Բրեթը ծնվել է Ռեյգեյթից ոչ հեռու, 1831 թվականի դեկտեմբերի 8-ին, զինվորական վետերանի ընտանիքում։ 1851 թվականին սկսել է գեղանկարչության դասեր ստանալ բնանկարիչ Ջեյմս Դաֆիլդ Հարդինգից։ Բրեթի հետ սովորել է նաև մեկ այլ անգլիացի նկարիչ Ռիչարդ Ռեդգրեյվը։ 1853 թվականին Բրեթն ընդունվել է Թագավորական ակադեմիայի դպրոց, սակայն առավել հետաքրքրված է եղել Ջոն Ռասկինի և Ուիլյամ Հոլման Հանտի գաղափարներով, որոնց հետ ծանոթացել է իր ընկեր բանաստեղծ Քովենթրի Փեթմորի միջոցով։ Ոգեշնչվելով գիտական բնանկարի վերաբերյալ Հանթի գաղափարներով՝ Բրեթն այցելել է Շվեյցարիա, որտեղ աշխատել է տեղագրական բնանկարների վրա, իսկ ավելի ուշ ընկել է նկարիչ Ջոն Ինչբոլդի ազդեցության տակ։
1858 թվականին Բրեթը ներկայացրել է «Քար ջարդողը» նկարը, որը նրան ճանաչում է բերել։ Նկարում պատկերված է տղա, որը ճանապարհների կառուցման նյութ է պատրաստում արևոտ, մանրակրկիտ նկարված հովտի ֆոնին։ Երկրաբանական և բուսաբանական մանրամասների ճշգրտությունը ուժեղ տպավորել են Ջոն Ռասկինին, որը բարձր է գնահատել նկարը և ասել Բրեթին, որ նա գլուխգործոց կնկարի, եթե այցելի Իտալիայի Վալլե Դ'Աոստա։ Բրեթը մեկնել է ճամփորդության (գումարի մի մասը նրան տվել էր Ռասկինը), նոր նկարը ցուցադրության հանել 1859 թվականին՝ կրկին արժանանալով Ռասկինի գնահատանքին, որը նույնիսկ գնել է նկարը։ Մյուս քննադատներն ավելի զուսպ են արտահայտվել։ Նրանցից մեկն ասել է, որ դա «շիրմաքար է հետռասկինության վրա»[4]։
Բրեթը շարունակել է ստեղծել մանրամասն նկարված բնանկարներ, այդ թվում Իտալիայում, որտեղ հաճախ է եղել 1860-ական թվականներին։ Նա միշտ ուշադիր է եղել բնության պատկերման գիտական ճշգրտությանը, սակայն Ռասկինի խորհրդով հաճախ է նկարներում դրել բարոյական և կրոնական թեմաներ։ Վերջին տարիներին Բրեթը տարվել է ծովային բնանկարների առափնյա թեմաներով՝ շնորհիվ սեփական 210 տոննայանոց «Վիկինգ» երկկայմ առագաստանավի, որը կառավարում էր 12 հոգանոց անձնակազմը։ Դրանով Բրեթը ճանապարհորդել է Միջերկրական ծովում[5]։
1880-ական թվականներին Բրեթն ամեն ամառ զբաղեցրել է Փեմբրուքշիրի Նյուպորտ ամրոցը, որտեղ տեղավորվել է նրա ողջ մեծ ընտանիքը, մինչ նա գրում, նկարում և լուսանկարում էր Ուելսի հարավային և արևմտյան ափերը։ Այդ շրջանի նկարները միասին հավաքվել և ներկայացվել են 2001 թվականին «Պրեռաֆայելիտ Ջոն Բրեթը և Ուելսի ափերը» ցուցադրության ժամանակ Քարդիֆի Ուելսյան թանգարանում։
Բրեթը նաև փոքրուց հետաքրքրված է եղել աստղագիտությամբ։ 1871 թվականին նա ընտրվել է Աստղագիտության թագավորական միության անդամ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բրեթ» հոդվածին։ |
|