Ջոն Օրդուեյ | |
Կրթություն՝ | Սթենֆորդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարանի իրավունքի Հասթինգս քոլեջ և Gilroy High School? |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 27, 1950[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Պարգևներ | |
Ջոն Մալքոլմ Օրդուեյ (անգլ.՝ John Malcolm Ordway, հունիսի 27, 1950[1], Կալիֆոռնիա, ԱՄՆ և Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի նախկին դիվանագետ, որը դիվանագիտական ծառայությունը թողել է 2008 թվականին՝ որպես ավագ դիվանագիտական ծառայող։ 2001 թվականի նոյեմբերից մինչև 2004 թվականի օգոստոս ամիսը եղել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը, իսկ 2004 թվականի օգոստոսից 30-ից մինչև 2008 թվականի հոկտեմբերի 7-ը՝ Ղազախստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան[2][3][4]։
Օրդուեյը 1972 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը, իսկ 1975 թվականին՝ Կալիֆոռնիայի համալսարանի Հասթինգսի իրավունքի դպրոցը։ Ազատ խոսում է ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, չեխերեն, ղազախերեն և հայերեն։
Թոշակի անցնելուց հետո՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտն Օրդուեյին առաջարկել է խորհրդականի կարգավիճակում ծառայության անցնել ամերիկյան հինգ դեսպանատներում՝ Կատմանդուում, Նեպալ (դեկտեմբեր, 2009 – հունվար, 2010), Սոֆիայում, Բուլղարիա (օգոստոս, 2009 – նոյեմբեր, 2009), Վիեննայում, Ավստրիա (մայիս, 2009 – հուլիս, 2009), Պրահայում, Չեխիա (մայիս, 2010 – օգոստոս, 2010), և Աստանայում, Ղազախստան (հունվար, 2011 – հուլիս, 2011 և հոկտեմբեր, 2013 - դեկտեմբեր, 2014)։
Ջոն Օրդուեյն իր դիվանագիտական կարիերան սկսել է 1975 թվականին։ Նա մեծ փորձ ունի խորհրդային և ռուսական արտաքին քաղաքականության և հարաբերությունների ոլորտում, ինչպես նաև մասնագիտացած է Եվրոպայի անվտանգության քաղաքականության, կոնֆլիկտների լուծման և խաղաղապահ գործողությունների ոլորտներում։ Դառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին քաղաքականության ավագ ծառայակից՝ Օրդուեյը դիվանագիտական ծառայության է անցել Պրահայի (1978–1981), Մոսկվայի (1985–87) ամերիկյան դեսպանատներում և Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի ամերիկյան առաքելությունում (1993–1995)։ 1996-2001 թվականներին եղել է Մոսկվայում ամերիկյան փոխդեսպան։ Մոսկվայում աշխատելու տարիներին եղել է Անգլո-ամերիկյան դպրոցի խորհրդի նախագահ, որի նախագահության տարիներին դպրոցում կառուցվել է 1200 դպրոցականի համար նախատեսված նոր մասնաշենք։
Վաշինգտոնում Ջոն Օրդուեյը աշխատել է Պետդեպարտամենտի մամլո գրասենյակում, Հարավային Աֆրիկայի հարցերով գրասենյակում և ԽՍՀՄ հարցերով գրասենյակում։ Երկու անգամ նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի Աֆրիկայի հարցերով բաժնի տնօրեն։ Այս ժամանակահատվածում Օրդուեյը եղել է այն հանձնաժողովի անդամ, որը կարգավորել է Անգոլայում Կուբանի հրաժարականի գործընթացը, որի արդյունքում անկախացել է Նամիբիան։ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում 1992-1993 թվականներին Օրդուեյը ներգրավված է եղել որոշումների կայացման գործընթացում, որի արդյունքում ԱՄՆ-ն ռազմական մասնակցություն է ունեցել Սոմալիում կայունության ապահովմանը։
Նախորդող՝ Մայքլ Քրեյգ Լեմոն |
Հայաստանում ԱՄՆ դեսպան 2001–2004 |
Հաջորդող՝ Ջոն Էվանս |
Նախորդող՝ Լարրի Նեփեր |
Ղազախստանում ԱՄՆ դեսպան 2004–2008 |
Հաջորդող՝ Ռիչարդ Հոգլենդ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Օրդուեյ (դիվանագետ)» հոդվածին։ |
|