Ջովանի Պաոլո Լոմացո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1538 կամ ապրիլի 26, 1538[1][2] |
Ծննդավայր | Միլան, Միլանի դքսություն[2] |
Վախճանվել է | հունվարի 27, 1592[3][4][5][…] (53 տարեկան) կամ փետրվարի 13, 1600[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Միլան[2] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ և արվեստագետ |
Ոճ | Իտալական Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ինքնապատկեր |
Giovanni Paolo Lomazzo Վիքիպահեստում |
Ջովանի Պաոլո Լոմացո (իտալ.՝ Giovanni Paolo Lomazzo, մայիսի 6, 1538 կամ ապրիլի 26, 1538[1][2], Միլան, Միլանի դքսություն[2] - հունվարի 27, 1592[3][4][5][…] կամ փետրվարի 13, 1600[1], Միլան[2]), մաներիզմի դարաշրջանի իտալացի նկարիչ, պոետ, կոլեկցիոներ և արվեստի տեսաբան։
Նկարիչի ծնողները ծագումով Լոմբարդիայի Լոմացո քաղաքից են։ Ջովանին Լոմբարդիայի հայտնի նկարիչ-մաներիստ Գաուդենցիո Ֆերարիի զարմիկն է։ Լոմացոն Միլանում եղել է Ջովանի-Բատիստ դելա Չերվայի աշակերտը, որն ուսանել էր Գաուդենցիո Ֆերարիի մոտ, դարձել էր նրա գլխավոր օգնականը, իսկ ավելի ուշ ժառանգել էր նրա արվեստանոցը[6]։
Ջովանի Պաոլո Լոմացոն աշխատել է Միլանում, Լոդիում և Պյաչենցայում։ Կրել է Ռաֆայելի և Միքելանջելոյի ազդեցությունը։ Նրա առաջին գեղանկարչական աշխատանքներից է եղել հայտնի նկարիչ Բերնարդինո Լուինիի աշխատանքը նմանակող կտավների շարքը (գտնվել է Կարոնո Պերտուզելա քաղաքի Սանտա Մարիա Նուովա եկեղեցում)։ Լոմացոն հայտնի է դարձել այն բանի շնորհիվ, որ նկարել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի ավելի մեծ կրկնօրինակը Միլանի Սանտա Մարիա դելա Պաչե եկեղեցու սեղանատանը (ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)։ Նրան հաջողության է բերել դիմանկարչի գործունեությունը, բայց ստեղծագործությունների մեծ մասը չի պահպանվել։ Ֆլորենցիայում Լոմացոն որոշ ժամանակ ծառայել է որպես կոմս Կոզիմո Մեդիչիի պատկերասրահի վերակացու։
1960-ական թվականների վերջերին և 1970-ական թվականների սկզբին Լոմացոն մոնումենտալ և խիստ ոճով նկարազարդել է Միլանի մի քանի եկեղեցիների բեմերը։ Լոմացոյի ամենանշանակալից գործը որպես գեղանկարիչ համարվում է Միլանի Սան Մարկո եկեղեցում Ֆոպի կապելլայի որմնանկարների շարքը, որի թեման Սուրբ Պետրոսի և Պավելի պատմություններն են (1573)։ Այս նախաձեռնության ավարտից հետո նկարիչն աչքերի հիվանդության պատճառով ստիպված է եղել թողնել գեղանկարչությունը։ Իր կյանքի մնացած մասն անցկացրել է գրականություն և արվեստի տեսություն դասավանդելով։
Ջովան Պաոլո Լոմացոն մահացել է ինը տարի տևած երկարատև հիվանդությունից հետո իր տանը 1592 թվականի հունվարի 27-ին։ Ջովանի Ամբրոջո Ֆիջինոն, Կրիստոֆորո Չոկան և Ջիրոլամո Չոկան եղել են վերջինիս աշակերտները։
Լոմացոն կազմել է գեղանկարչության լոմբարդյան մաներիզմի պատմության հանգամանալից համայնապատկերը, ինչով զգալիորեն լրացրել է Ջորջո Վազարիի ստեղծած նկարը։ Լոմացոն գրել է երկու աշխատություն, որոնք դարձել են արվեստագիտության տեսական պատմության կարևոր ուղենիշերը։ Նրա առաջին «Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության արվեստի մասին աշխատությունը» (Trattato dell'arte della pittura, scultura ed architettura, 1584) «Արվեստի գրականություն» ստեղծագործությունում (Die Kunstliteratur. Ein Handbuch zur Quellenkunde der neueren Kunstgeschichte, 1924) մեկնաբանվել է ավստրիացի արվեստի պատմաբան Հուլիուս ֆոն Շլոսերի կողմից որպես «դեկորի հայեցակարգի ուղեցույց, որը Ռենեսանսը մասամբ ժառանգել է դասական անտիկությունից»։ Աշխատությունում հիմնավորված են մաներիզմի արվեստի գաղափարները՝ մարմինների համամասնության երկարացում, էմոցիոնալ լարվածություն, ճշգրտություն, ուրվագծերի էքսպրեսիվություն, գույների կոնտրաստային հարաբերություն։ Լոմացոն առանձնահատուկ նշանակություն է տվել այսպես կոչված «օձաձև գծին», որն արտահայտել է լարված պլաստիկ շարժումները։ Նման տեաձև ճկված գիծը պատկերված մարմիններին հաղորդել է բնորոշ ճկվածություն, որը դասական համամասնության տեսանկյունից թվում է մաներային, բայց նկարիչ-մաներիստները դրական գնահատական են տվել վերջինիս և սահմանել այն որպես տերմին (լատին․՝ artificio)[7]։
Մյուս՝ «Գեղանկարչության տաճարի գաղափար» (Idea del tempio della pittura, 1590), աշխատությունում Լոմացոն առաջարկում է ստեղծագործող անձի բնավորության մեկնաբանումը համաձայն չորս խառնվածքների թեորիայի։ Աշխատությունում բերվում է նաև տաճար պատկերող նկարի նկարագրությունը, որի յոթ սյունաշարերը խորհրդանշում են «գեղանկարչության յոթ հիմնասյուները», որոնք անձնավորում են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Պոլիդորո դա Կավարաջոն, Անդրեա Մանտենյան, Տիցիանը և Գաուդենցիո Ֆերարին։ Ֆրեդերիկո Ցուկարոյի «Գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների միտքը» աշխատության հետ միասին Լոմացոյի տեսական աշխատանքները կազմում են մաներիզմի արվեստի առաջին ավարտին հասցված էսթետիկ թեորիան[8]։
Լոմացոն երկխոսությունների ձևով գրված անսովոր բանաստեղծությունների հեղինակ է, որոնք իբր թե հորինվել են նկարիչների, երաժիշտների, արհեստավորների և դերասանների խմբերի կողմից, որոնք գաղտնի հավաքվել են Բաքոսի հովանու տակ և հանպատրաստից ստեղծագործել են տարբեր թեմաներով։ Այդ բանաստեղծությունները հրատարակվել են երկու ժողովածուներում՝ «Գրոտեսկներ» (Grotteschi) և «Արաբեսկներ» (Rabìsch)։ Դրանցում Լոմացոն, ցուցադրելով իր խորագիտակությունը, մեջբերումներ է արել Կաբալայից, Ագրիպա Կորնելիուսի «Օկուլտիվ փիլիսոփայությունից» և այլ անսովոր աղբյուրներից)[9][10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Պաոլո Լոմացո» հոդվածին։ |
|