Ջորջ ՄակՔոլ Թիլ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1837[1] |
Ծննդավայր | Սենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա |
Մահացել է | ապրիլի 17, 1919[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Wynberg, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | պատմաբան, գրող և արխիվագետ |
George McCall Theal Վիքիպահեստում |
Ջորջ ՄակՔոլ Թիլ (անգլ.՝ George McCall Theal, ապրիլի 11, 1837[1], Սենտ Ջոն, Saint John County, Նյու Բրանսուիկ, Կանադա - ապրիլի 17, 1919[1], Wynberg, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ), Հարավային Աֆրիկայի նշանավոր բրիտանացի պատմաբան, արխիվագետ և ծագումնաբան։
Ծագումով կանադացի է, բժիշկ Ուիլյամ Յանգ Թիլի որդին։ Վաղ տարիքից լքել է տունը, նավարկել քեռու՝ կապիտան Լիվիտի հետ, բնակվել է Միացյալ Նահանգներում և Սիերա Լեոնեում, 1970 թվականին արտագաղթել է Հարավային Աֆրիկա։ Այստեղ դարձել է ուսուցիչ, բայց շուտով անցել է լրագրության և հրատարակչական գործի, անհաջող փորձ կատարել ադամանդի արդյունահանման բնագավառում։ 1875 թվականին Լավդեյլի միսիայում դասավանդում էր պատմություն, աշխարհագրություն, անգլերեն քերականություն, կրոնի պատմություն, ինչպես նաև պատասխանատու էր միսիայի հրատարակչական բաժնի աշխատանքների կազմակերպման համար։ Մինչև 1877 թվականն աշխատել է Լավդեյլի միսիայում (Կապի գաղութի արևելյան գավառ)։ 1877-1878 թվականներին եղել է Կապի գաղութի տեղաբնակների գործերով վարչության պաշտոնյա, 1879 թվականին արխիվի աշխատակից, 1891 թվականից գաղութի պաշտոնական պատմագիր[2]։
Հարավաֆրիկյան արխիվներում, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի երկրների արխիվներում նյութեր էր հավաքագրում Հարավային Աֆրիկայի պատմության վերաբերյալ։ Հարավային Աֆրիկայի պատմության բազմահատորյակի հեղինակն է, որը ընդգրկում է 1486 թվականից մինչև 19-րդ դարի վերջն ընկած ժամանակաշրջանը, ինչպես նաև գրել է հարավաֆրիկյան պատմության վերաբերյալ մի շարք այլ աշխատություններ։
Հրատարակել է Կապի գաղութի վերաբերյալ 35 հատորանոց արխիվային փաստաթղթեր, ինչպես նաև Հարավարևելյան Աֆրիկայի պատմության վերաբերյալ փաստաթղթերի 9 հատորանոց ժողովածու։ Հարավային Աֆրիկայի պատմության պրոբլեմների վերաբերյալ Թիլի մեկնաբանությունները պահպանվել են ՀԱՀ պաշտոնական պատմագրության մեջ։ Իր աշխատություններում հիմնականում դիտարկելով Հարավային Աֆրիկայի «սպիտակ մարդու» պատմությունը, նա զգալի նյութեր է հավաքագրել նաև տեղական բնակչության պատմության վերաբերյալ։
Հեղինակ է բուրերի ներգաղթի վերաբերյալ մի շարք աշխատությունների, ինչպես նաև կոսա լեզվով ժողովրդական բանահյուսության, որը համարվում է ՀԱՀ պաշտոնական լեզուներից մեկը, որով խոսում են շուրջ 7,9 միլիոն մարդ (երկրի բնակչության շուրջ 18 % -ը)։
Պատմական հետազոտությունների հանդեպ նրա ունեցած հետաքրքրասիրության արդյունքում բացահայտվել են բազմաթիվ անհայտ և մոռացված փաստաթղթեր, որոնք մեծ արժեք ունեն, բայց նրա աշխատանքները ծանրաբեռնված են մի շարք մանրամասներով և ոչ միշտ են անաչառ։ 1899 թվականին Թիլին շնորհվեց Քեյփթաունի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Ավելի վաղ նրան շնորհվել էր Կանադայի Քինգստոնի թագավորական համալսարանի իրավագիտության դոկտորի կոչում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ ՄակՔոլ Թիլ» հոդվածին։ |
|