Ջուզեպպե Աբբատի իտալ.՝ Giuseppe Abbati | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1836[1][2][3] |
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա |
Վախճանվել է | փետրվարի 21, 1868[1][2] (32 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Վենետիկի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և Garibaldino |
Ոճ | Մաքիայոլի |
Մեկենասներ | Diego Martelli? |
Ուսուցիչ | Girolamo Michelangelo Grigoletti?[4] |
Անդամակցություն | Մաքիայոլի |
Հայր | Վինչենցո Աբբաթի |
Giuseppe Abbati Վիքիպահեստում |
Ջուզեպպե Աբբատի ( իտալ.՝ Giuseppe Abbati, հունվարի 13, 1836[1][2][3], Նեապոլ, Իտալիա - փետրվարի 21, 1868[1][2], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն), իտալացի գեղանկարիչ, պատկերել է նկարներ մաքիայոլի ոճով։ Եղել է Ռիսորջիմենտոյի մասնակից։
Ջուզեպպե Աբբատին ծնվել է Նեապոլում, 1836 թվականի հունվարի 13-ին՝ նկարիչ Վինչենցո Աբբատիի և Ֆրանչեսկայի (ծննդով հռոմեացի) ընտանիքում[5]։ 1850-1853 թվականներին սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում՝ Ջիրոլամո Միքելանջելո Գրիգոլետտի և Ֆրանչեսկո Բանիարի մոտ։ 1856 թվականին ուսանողական գործուղման ժամանակ ծանոթացել է նկարիչներ Տելեմակո Սինորինիի և Վիտո Անկոնայի հետ։ Այդ ժամանակ Նեապոլում հոր հետ բացել է արհեստանոց[6]։
Պայքարել է Իտալիայի միասնության համար, որի ժամանակ էլ զրկվել է աջ աչքից։ 1860 թվականին հաստատվել է Ֆլորենցիայում, որտեղ ծանոթացել է Սերաֆինո դե Տիվոլի հետ և անդամագրվել մաքիայոլի խմբին։
1861 թվականին Աբբատիի նկարները իտալական ցուցահանդեսում քննադատները բարձր են գնահատել։ 1860-ական թվականներին շատ էր նկարում պլեների ոճով ՝ մենաստաններում և Ֆլորենցիայի հարակից այգիներում։ Հաճախ էր այցելում և աշխատում Կաստիլոնչելոյում գտնվող Դիեգո Մարտելիի տանը։
Աբբատին ուներ հպարտ և անկախ բնավորություն։ 1868 թվականին նա հրաժարվեց նկարիչներին տրվող խրախուսանքներից, Ռիսորջիմենտոյի կրծքանշանից։ Հրաժարվեց նաև հաշմանդամներին տրվող թոշակից[5]։
1866 թվականին նա մասնակցել էր Իտալիայի անկախության համար մղվող Երրորդ պատերազմին, որի ժամանակ գերի էր ընկել։ Վերադառնալով գերությունից՝ հաստատվում է Կաստել դելլա Միզերիկորդիայում։ Մահացել է Ֆլորենցիայում 1868 թվականի փետրվարի 21-ին։ Ջուզեպպեն դարձել էր իր իսկ կատաղի շան հարձակման զոհը[6]։
Աբբատին եղել է պերգենտինյան դպրոցի հետևորդ, որի անդամները ուսումնասիրում էին գույնի և ձևի համադրությունը։ Դպրոցի հետևորդներից են եղել Սերաֆինո դե Տիվոլին, Նինո Կոստան, Ջովաննի Ֆատորին, Վինչեցո Կաբյանկան։ Նկարչական դպրոցը իր անունը ստացել է Ֆլորենցիայի Պերգենտինա այգու անունից, որտեղ նկարիչները սիրում էին աշխատել։ Այս դպրոցում են իրենց գործունեությունը ծավալել Սիլվերստրո Լեգան, Օդոարդո Բորրանին, Ռաֆֆայելո Սերնեզին, Տելեմակո Սինորինին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Աբբատի» հոդվածին։ |
|