Ջուխտակ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Դիլիջան |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1201 |
Ներկա վիճակ | կիսավեր |
Կազմված է | Գերեզմանոց, Սուրբ Աստվածածին եկեղեցի և Եկեղեցի Սբ. Գրիգոր |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հիմնադրված | 1201 |
Շինանյութ | բազալտ |
Jukhtak Monastery Վիքիպահեստում |
Ջուխտակ վանք (նաև՝ Պետրոսի վանք, Գիշերավանք)[1], հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ ճանապարհի աջ կողմում, անտառապատ բլրի լանջին։
Վանական համալիրը կազմված է երկու առանձին եկեղեցիներից, որոնք կոչվում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, ինչպես նաև վերջինների շուրջ տարածված գերեզմանոցից։
Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը' «Ջուխտ»' նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Եկեղեցիների պատերին կա նաև արձանագրություններ որոնցում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Կենտրոնագմբեթ, որմնամույթերի վրա հենվող 4 կամարով, սրբատաշ քարերով, միջին մեծության (9,7 X 7,5 մ) շինություն է։ Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցուց 15 մ արևելք։ Նրա ավանդատները ձևավորված են նրբաքանդակ, բարձրաճաշակ զարդանախշերով։ Վարպետորեն կերտված եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին փորագրված գրերից կարելի է ենթադրել, որ Սուրբ Գրիգորը ավելի վաղ է կառուցվել քան Սուրբ Աստվածածինը։
Սուրբ Աստվածածին եկեղեցին ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ կառուցվել է 1201 թվականին վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ։ Այն դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարերով շինված քառանկյունի հատակագծով, միանավ բազիլիկի տիպի թաղակապ, երկթեք տանիքով շինություն է (8,6X6,4 մ)։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր, որոնցից մեկը գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու կիսակլոր ճակատակալ քարի վրա՝
Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Վանքի տարածքում նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։
1973-77 թվականներին Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության կողմից վանքային համալիրում որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել, մասնավորապես՝ երկաթե կոնստրուկցիայով ամրացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև վերջինիս արևելյան հիմքը։
Ներկայումս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը քանդված է, պատերի վրա առկա են ճաքեր, արևելյան հիմքը սողանքների պատճառով թուլացել է։ Գերեզմանոցի տապանաքարերը խիստ անմխիթար վիճակում են։
Վանքային համալիրը պարբերաբար ենթարկվում է նաև վանդալիզմի։ Եկեղեցիների ներսում և դրսում տեղադրված խաչքարերը ամբողջությամբ, իսկ խորաններն ու պատերը մասամբ այրված են, քանի որ այցելուներն ու զբոսաշրջիկները հիմնականում մոմերը վառում են հենց դրանց վրա, իսկ 2009 թ.-ին երիտասարդ աղջիկներից ու տղաներից բաղկացած մի խումբ սպիտակ յուղաներկով գրոտել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատերը ներսի կողմից։ Պարբերաբար եկեղեցիների պատերին ավելանում են ժամանակակից փորագրություններ սիրո խոստովանությունների և անհատների անուն-ազգանունների տեսքով։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջուխտակ վանք կատեգորիայում։ |