Ջրատար

Շլյուզ

Ջրատար, ջրմուղկառույց, ջրընդունիչից ջուրը սպառողներին հասցնող կառույց։ Սկիզբ է առնում գետից, ջրամբարից, լճից։ Տարբերում են՝ էներգետիկական (դերիվացիոն և տուրբինային)՝ հիդրոէլեկտրակայաններին ջուր մատակարարելու համար, ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ջրատարներ։ ջրատարները կառուցում են փակ լայնական հատվածքի (երկրակեղևի հատվածքում անցկացված խողովակաշարեր և թունելներ) կամ բաց հատվածքի (երկրի մակերևույթի վրա՝ փորվածքներում, հողաթմբերում, կամ հենարանների՝ ջրանցույցների վրա տեղավորված առուներ և վաքեր) արհեստական հուների ձևով։ ջրատարները կառուցում են պողպատից, բետոնից, երկաթբետոնից (այդ թվում՝ նախալարված), ասբեստացեմենտից, փայտից և այլն։ Խողովակներից կառուցված ջրատարներով ջուրը տեղաշարժվում է ճնշման տակ, որը ստեղծվում է պատվարներով, պոմպերով կամ էլ ինքնահոսով՝ օգտագործելով տեղանքի նշագծերի տարբերությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 547