Տեսակ | բալետ |
---|---|
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Գլազունով |
Լիբրետտոյի հեղինակ | Մարիուս Պետիպա և Իվան Վսևոլոժսկի |
Raymonda Վիքիպահեստում |
Ռայմոնդա, բալետ, բաղկացած է չորս տեսարան ունեցող երեք գործողությունից։ Հեղինակ՝ ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունով։ Լիբրետոյի հեղինակներ՝ Մարիուս Պետիպա և Իվան Վսեվոլոժսկի՝ ըստ Լիդիա Պաշկովայայի սցենարի։ Սյուժեի հիմքում ընկած է ասպետական սիրո մասին հնօրյա մի լեգենդ։
Ռայմոնդան, որ կոմսուհի Սիբիլլա դը Դորիսի ազգականուհին է, կոմսուհու միջնադարյան ամրոցում նշում է իր անվանակոչության տարեդարձը։ Պալատական երիտասարդ տղաները զվարճանում են՝ ոմանք սուսերամարտի հնարքներ ցույց տալով, ոմանք՝ միմյանց հետ մրցելով նվագածությամբ։ Գեղեցիկ երաժշտության հնչյունների ներքո երիտասարներին են միանում պալատական օրիորդները՝ Ռայմոնդայի ընկերուհիները։ Հայտնվում է նաև կոմսուհի Սիբիլլան՝ պալատական տիկնանց հետ։ Այդ պահին ամրոցի պահպանության պետը հայտարարում է, որ սուրհանդակ է ժամանել ասպետ Ժան դը Բրիենից՝ Ռայմոնդայի նշանածից։ Նամակում հայտնվում էր, որ շուտով Ժան դի Բրիենը վերադառնալու է արքա Անդրեա 2-րդի ղեկավարությամբ անհնազանդների դեմ կատարված արշավանքից։ Իսկ Ռայմոնդան ասպետից որպես նվեր է ստանում նրա դիմանկարը, որն իսկույն կախվում է պատից։ Դրանից հետո ամրոցի պահպանության պետը զեկուցում է սարակինոսների արքա Աբդեռահմանի ժամանման մասին։ Հայտնվում է Աբդեռահմանը՝ շքախմբի ուղեկցությամբ։ Նրանք ողջունում են Ռայմոնդային, քանի որ սարակինոսների արքան գերված է վերջինիս գեղեցկությամբ, և հանձնում են թանկարժեք նվերներ։ Տոնահանդեսն ավարտվում է, և Ռայմոնդայի կողքին մնում են միայն մի քանի օրիորդներ ու երիտասարդներ։ Ռայմոնդան վին է նվագում, իսկ երիտասարդները, զույգերի բաժանված, պարում են։ Երաժշտությունը շարունակում է հնչել, իսկ Ռայմոնդան միանում է երիտասարդներին, կատարելով մի հեզաճկուն պար՝ ձեռքերին բռնած սպիտակ քող։
Պարից հետո Ռայմոնդան գնում է իր սենյակը և քնում։ Նա երազում տեսնում է, որ Ժան դը Բրիենը հանկարծ դուրս է գալիս դիմանկարից։ Նա նետվում է նշանածի գիրկը և միասին գնում են մառախուղով պարուրված այգի։ Հանկարծ Ժան դը Բրիենն անհետանում է, և նրա փոխարեն հայտնվում է սարակինոսների արքա Աբդեռահմանը, որը նրան սեր է խոստովանում։ Ռայմոնդան ուշագնաց է լինում և ընկնում։ Արթնանալով, նա հասկանում է, որ իր տեսածը նախազգուշացնող երազ է տեսել։ Այսպիսով ավարտվում է առաջին արարը։
Երկրորդ գործողությունը սկսվում է Դորիսի պալատի ներքին բակում կայացող տոնակատարության տեսարանով։ Կոմսուհին ու Ռայմոնդան կանգնած են՝ շքախմբով շրջապատված։ Ռայմոնդան անհամբերությամբ սպասում է նշանածին։ Մյուս հյուրերի շարքում գալիս է նաև Աբդեռահմանը՝ ճոխ շքախմբի ուղեկցությամբ։ Կոմսուհի Սիբիլլան խորհուրդ է տալիս Ռայմոնդային՝ ընդունել Աբդեռահմանին։ Վերջինս, ինչպես առաջին հանդիպման ժամանակ, հիացած է Ռայմոնդայով։ Սարակինոսների արքան պարի է հրավիրում գեղեցիկ օրիորդին։ Եվ ինչպես երազում, այժմ էլ իրականում նա սեր է խոստովանում Ռայմոնդային և իր շքախմբին հրամայում է հյուրասիրել ներկաներին։ Հյուրերը զվարճանում են և գինի խմում։ Իսկ Աբդեռահմանը, արբեցած Ռայմոնդայի գեղեցկությամբ, իր շքախմբի օգնությամբ փորձում է առևանգել աղջկան։
Հանկարծ հայտնվում են արշավանքից վերադարձող ազնվազարմ ասպետները՝ Ժան դը Բրիենի և արքա Անդրեա 2-րդի հետ։ Ժանը փրկում է Ռայմոնդային և վիճում Աբդեռահմանի հետ։ Արքա Անդրեա 2-րդն առաջարկում է վեճը որոշել մենամարտով։ Մենամարտի ժամանակ Ժանը սրով մահացու վիրավորում է Աբդեռահմանին։ Նրա շքախումբը տանում է արքայի մարմինը, իսկ սիրահարներն ամուր գրկում են միմյանց։
Երրորդ արարում կայանում է Ռայմոնդայի ու ասպետ Ժան դը Բրիենի հարսանիքը՝ կոմսուհու ամրոցում։ Երիտասարդներին օրհնում է արքա Անդրեա 2-րդը։
Բալետի երրորդ գործողության երկրորդ տեսարանում կա մի հատված, որի երաժշտությունը հիշեցնում է ՀՀ պետական օրհներգի մեղեդին։ Դրա շուրջ ծավալվեցին քննարկումներ, թե որն է ստեղծվել ավելի շուտ, և արդյոք Բարսեղ Կանաչյանն է օգտվել Ալեքսանդր Գլազունովի ստեղծագործությունի՞ց, թե՞ հակառակը։ «Ռայմոնդա» բալետը գրվել է 1897 թվականին։ Մինչդեռ Հայաստանի հանրապետության ներկայիս պետական օրհներգն առաջին անգամ որպես երգ հնչել է Թիֆլիսում՝ «Արծրունի» թատրոնում կայացած հայկական առաջին քառաձայն համերգի սկզբում 1885 թվականի մարտի 15-ին, այսինքն ռուս կոմպոզիտորի ստեղծագործությունից դեռևս 12 տարի առաջ։ Որոշ աղբյուրներում նշվում է, թե երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչյանն է, սակայն այլ աղբյուրներ նշում են, որ Կանաչյանը, ինչպես նաև Քրիստափոր Կարա-Մուրզան ընդամենը մշակել են հայ ժողովրդի մեջ տարածված մեղեդին։ Իսկ որտեղի՞ց է Գլազունովը վերցրել այս մեղեդին. նախ հայտնի է, որ կոմպոզիտորները ոչ միայն ստեղծել են նոր երաժշտություն, այլ հաճախ մշակել, հղկել են հենց ժողովրդական մեղեդիները։ Օրինակ Անտոնիո Վիվալդիի, Ալեսանդրո Սկարլատիի ստեղծագործություններում կարելի է որսալ իտալական ժողովրդական մեղեդիներ, Բեթհովենի կամ Շումանի գործերում՝ գերմանական և այլն։ Բայց նրանք չէին սահմանափակվում միայն իրենց ժողովուրդների ազգային երաժշտությամբ. շրջելով հարևան երկրներում, հաճախ գյուղացիների ու քաղաքացիների շուրթերից լսում էին գեղեցիկ մեղեդիներ, որոնք հավանելով՝ իսկույն գրի էին առնում ու հետագայում օգտագործում իրենց ստեղծագործությունների մեջ։ Այդպիսի ստեղծագործություններ ունի, օրինակ, ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուս կրտսերը, որը գրել է պարսկական, եգիպտական, իսպանական քայլերգեր՝ օգտագործելով այդ ժողովուրդների երաժշտական ավանդույթները։ Հետևաբար, բնավ բացառված չէ, որ ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը Բարսեղ Կանաչյանի ու Կարա-Մուրզայի պես մի հայից լսած լիներ այս մեղեդին, հավաներ և ներառեր իր ստեղծագործության մեջ։ Մանավանդ որ այն ժամանակ էլ, ինչպես հիմա, հայերը մեծ թիվ էին կազմում Ռուսաստանում։
Բալետի պրեմիերան կայացել է 1898 թվականի հունվարի 7-ին։ Գլխավոր դերակատարները եղել են իտալուհի Պիեռինա Լենյանին (Ռայմոնդա), Սերգեյ Լեգատը (Ժան դը Բրիեն) և Պավել Գերդտը (Աբդեռահման)։ Ռայմոնդայի ընկերուհիների դերերում հանդես են եկել Կլավդիա Կուլիչևսկայան (Կլեմանս) և Օլգա Պրեոբրաժենսկայան (Հենրիետա)։