Ռապունցել։ Նոր պատմություն (անգլ.՝ Tangled: The Series), ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ, որն ստեղծվել է «Disney Television Animation» ստուդիայի կողմից։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 24-ին։
Մուլտսերիալի իրադարձությունները զարգանում են Ռապունցել։ Խճճված պատմություն մուլտֆիլմի իրադարձություններից կես տարի անց և պատմում են արքայադուստր Ռապունցելի, նրա սիրելիի` Յուջինի, սպասուհի Կասանդրայի, քամելեոն Պասկալի և ձիու` Մաքսիմուսի, արկածների մասին։
Ռապունցելի և նրա ընկերների արկածները շարունակվում են։ Կես տարի է անցել այն բանից հետո, երբ աղջիկը վերադարձել է տուն և վերագտնել է իր ծնողներին։ Շատ շուտով պետք է տեղի ունենա նրա թագադրումը։ Քանի դեռ բոլորը պալատում պատրաստվում են ճոխ տոնակատարությանը, Ռապունցելը պետք է կյանքի շատ դասեր սովորի և գլուխ հանի արքայադստեր նոր պարտականություններից։ Այդ դժվար գործում Ռապունցելին օգնում են նրա հավատարիմ ընկերները։
Ռապունցել (անգլ.՝ Rapunzel), հետաքրքրասեր և նպատակասլաց աղջիկ, կախարդական մազերի տիրուհի, 18 տարի ապրել է բարձր աշտարակում, բայց մի օր դուրս է եկել այնտեղից։ Արքայադուստր է։
Ֆլին Ռայդեր (Յուջին Ֆիցերբերդ) (անգլ.՝ Flynn Rider/Eugene Fitzherbert), առավել հայտնի է որպես Ֆլին Ռայդեր, մինչ Ռապունցելին հանդիպելը գլխավոր գողի կասկածելի համբավ ուներ թագավորությունում։
Պասկալ (անգլ.՝ Pascal), հմայիչ քամելեոն և Ռապունցելի լավագույն ընկերը։ Նա հանուն արքայադստեր պատրաստ է ամեն ինչի և ոչ ոքի չի թողնի նրան նեղացնել։ Իր տրամադրությունը նա արտահայտում է գույնի և դիմախաղի փոփոխությամբ։
Մաքսիմուս (անգլ.՝ Maximus), պահակախմբի պետի ձի, որոշում է անպայման բռնել վտանգավոր հանցագործ Ֆլին Ռայդերին։ Նրա շնորհիվ Յուջինը ծանոթանում է Ռապունցելի հետ։
Կասանդրա (անգլ.՝ Cassandra), արքայադստեր աղախինը և պահակախմբի պետի աղջիկը։ Խիզախ և անզիջող լինելով` նա դառնում է Ռապունցելի հավատարիմ ընկերուհին և վստահելի օգնականը։ Կասանդրան ոչ միայն սովորեցնում է արքայադստերը պալատական վարվելակարգի բոլոր նրբությունները, այլ նաև օգնում է նրան հավատալ ինքն իրեն և իր ուժերին։
Արիաննա թագուհի (անգլ.՝ Queen Arianna), թագավորի կինը և Ռապունցելի մայրը
Ֆրեդերիկ արքա (անգլ.՝ King Frederick), թագավորության արքան և ղեկավարը, որի սահմաններում տեղի են ունենում հեքիաթի գործողությունները։ Ռապունցելի հայրն է։
Վերիան (անգլ.՝ Varian), 14-ամյա տղա։ Բարի (մինչև այն պահը, քանի դեռ Ռապունցելը չէր համաձայնվել վերցնել լուսնային ծաղիկը` իր հորը փրկելու համար) ինքնավստահ և անփույթ։ Գլուխ է հանում քիմիայի հետ կապված ամեն ինչից, ինչպես նաև լավ գյուտարար է։
2015 թվականի հունիսի 3-ին Disney Channelը հայտարարել է, որ սերիալը մշակման փուլում է[4]։ 2017 թվականի փետրվարի 15-ին սերիալի պրեմիերայից առաջ հայտարարվել է, որ այն կշարունակվի երկրորդ եթերաշրջանով[5]։ Սերիալում ներկայացված են Գլեն Սլեյթերի և Ալան Մենկենի նոր երգերը. վերջինս երգեր է գրել սկզբնական ֆիլմի համար[6]։
«Ռապունցել. Երազանքի ճանապարհը» ու ևս 4 դրվագ 2017 թվականի ապրիլի 11-ին թողարկվել են DVD ձևաչափով[10]։ «Թագուհի մեկ օրով» դրվագը DVD ձևաչափով թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 12-ին[11]։