Ռենե Մալեզ շվեդ.՝ René Edmond Malaise | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1892[1] Ստոկհոլմ, Շվեդիա |
Մահացել է | հուլիսի 1, 1978[1] (85 տարեկան) Rasta |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և միջատաբան |
Տիրապետում է լեզուներին | շվեդերեն[2] |
Ամուսին(ներ) | Էսթեր Նորդստրյոմ |
René Malais Վիքիպահեստում |
Ռենե Էդմոն Մալեզ (շվեդ.՝ René Edmond Malaise, սեպտեմբերի 29, 1892[1], Ստոկհոլմ, Շվեդիա - հուլիսի 1, 1978[1], Rasta), շվեդ միջատաբան, սղոցողների դասակարգման մասնագետ, Մալեզի որոգայթի գյուտարար։
Ռենե Մալեզը ծնվել է Ստոկհոլմում։ Նրա հայրը՝ Էդմոնդ Մալեզը, եղել է խոհարար, ով Ֆրանսիայից տեղափոխվել էր Շվեդիա։ Մայրը՝ Ավգուստա Սեդերկվիստը, այգեպանի դուստր էր[3]։ 1910-ական թվականներին թռչնաբան Ստեն Բերգմանի հետ միասին նա մի քանի գիտարշավներ է կատարել դեպի Լապլանդիա[4]։ 1912 թվականին ավարտել է Ստոկհոլմի միջնակարգ դպրոցը։ Բանակում ծառայելուց հետո ընդունվել է Ստոկհոլմի համալսարանի քոլեջ, որտեղ 1918 թվականին ստացել է բակալավրի կոչում[3]։
1920-1922 թվականներին Մալեզը, Բերգմանը և բուսաբան Էրիկ Հուլտենը գիտարշավ են կազմակերպել դեպի Կամչատկա[4]։ 1922 թվականին նրա ուղեկիցները վերադարձել են տուն, իսկ Մալեզը մնացել է Կամչատկայում։ 1923 թվականի փետրվարին այստեղ նա փրկվել է երկրաշարժից և ցունամիից, որոնք օվկիանոս են տարել նրա նավը, սննդի պաշարները, հավաքածուները և լուսանկարները։ 1923 թվականի սեպտեմբերին Ճապոնիայում գտնվելու ժամանակ Մալեզը քիչ էր մնում հզոր երկրաշարժի զոհ դառնար։ Այս երկրաշարժի արդյունքում զոհվել է ավելի քան 100000 մարդ։ Նույն 1923 թվականին Մալեզը հայտնվել է Վլադիվոստոկում, ապա գնացքով ուղևորվել է Մոսկվա տրանսսիբիրյան երկաթուղով, չունենալով իր հետ անհրաժեշտ փաստաթղթերը ԽՍՀՄ-ում գտնվելու համար։ 1923 թվականի աշնանը Մալեզը Ֆինլանդիայի տարածքով վերադարձել է Շվեդիա։
1924 թվականին Մալեզը Էսթեր Նորդստրյոմի հետ վերադարձել է Կամչատկա։ Նրանք ամուսնացել են 1925 թվականին, իսկ 1927 թվականին ամուսնալուծվել են։ 1927-1930 թվականներին Մալեզեն ղեկավարել է սամույրների ֆերմա։ 1930 թվականին նա Վլադիվոստոկ – Մոսկվա- Լենինգրադ ճանապարհով վերադարձել է Շվեդիա՝ այդ ընթացքում հավաքելով կենդանաբանական նյութեր[3]։
1933 թվականին Մալեզն ամուսնացել է Էբբե Սոդերհելի հետ[3]։ Նույն թվականին նրանք արշավախմբի հետ մեկնել են Բիրմա։ Ամուսինները լավ հարաբերություններ են պահպանել տեղի բնակչության հետ՝ նրանց մատուցելով ամենապարզ բժշկական օգնություն։ Այս արշավախմբի ժամանակ Մալեզը քիչ է մնացել դառնա ափիոնի մաքսանենգների զոհ[3]։
1935-1959 թվականներին Մալեզը աշխատել է Շվեդիայի բնության պատմության թանգարանի միջատաբանական բաժնում։ Թանգարանում աշխատանքի ընթացքում նա պատասխանատու է եղել միջազգային կապերի համար, քանի որ սահուն խոսել է գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն։ 1938 թվականին Ուփսալայի համալսարանից ստացել է լիցենիատի գիտական աստիճան։ 1945 թվականի մայիսին փիլիսոփայության դոկտորի կոչման համար Լունդի համալսարանում պաշտպանել է թեզ[3]։ 1950-ականներից Մալեզը սկսել է հետաքրքրվել երկրաբանությամբ և պաշտպանել է երկրի ընդերքի սեղմման վերաբերյալ Նիլս Օդների մերժված վարկածը։ Ըստ այդ գաղափարների՝ երկրի ընդերքը փականների համակարգ է, որոնք ջերմաստիճանից կախված բարձրանում կամ իջնում են և չեն շարժվում միմյանց համեմատ։ Մալեզը կարծում էր, որ այդ վարկածով կարելի է բացատրել առասպելական Ատլանտիդա կղզու գտնվելու վայրը Միջատլանտյան լեռնաշղթայի շրջանում։ Օդների և Մալեզի այս տեսակետները մերժվեցին ժամանակակից երկրաբանների և երկրաֆիզիկոսների կողմից[3]։
Ռենե Մալեզը մահացել է 1978 թվականի հուլիսի 1-ին, սրտի կաթվածից՝ 86 տարեկան հասակում[3]։
1934 թվականին Բիրմայում գիտարշավի ժամանակ Մալեզը հնարել է միջատներ որսալու նոր տիպի որոգայթ՝ վրանի տեսքով։ Դրա նկարագրությունը նա հրապարակել է 1937 թվականին «Entomologisk tidskrift» ամսագրում[4]։ Կամչատկա և Հարավարևելյան Ասիա կատարած գիտարշավների ընթացքում Մալեզը հավաքել է հսկայական քանակությամբ բուսաբանական, կենդանաբանական, հնէաբանական և ազգագրական նյութեր։ Միայն Բիրմա կատարած գիտարշավների ընթացքում հավաքվել է միջատների մոտ 100000 նմուշ, մոտ 600 չորացրած բույսերի հավաքածու, մոտ 1700 քաղցրահամ ջրերի ձուկ, մոտ 100 սողուն և երկկենցաղ։ Նրա հավաքած սղոցողների 75%-ը (միջատների խումբ, որոնցում Մալեզը մասնագիտանում էր որպես դասակարգող) նկարագրվում է որպես գիտության համար նոր տեսակներ։ Եղել է «Entomologisk Tidskrift» ամսագրի խմբագիրը[3]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Մալեզ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենե Մալեզ» հոդվածին։ |
|