Ռիտա Պողոսովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սեղանի թենիսիստ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 6, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ռիտա Լևոնի Պողոսովա (դեկտեմբերի 6, 1948, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային սեղանի թենիսիստուհի, մենախաղի (1969), զուգախաղի (1968-1970) և խառը զուգախաղի (1967, 1968, 1970, 1975) ԽՍՀՄ ութակի չեմպիոն, թիմային մրցումներում սեղանի թենիսի Եվրոպայի չեմպիոն (1970) և աշխարհի չեմպիոն (1969)։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1969)[1]։
Ռիտա Պողոսովան ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 6-ին Բաքվում։ Սեղանի թենիս սկսել է խաղալ 10 տարեկանում՝ Ռուսլան Կոտևի ղեկավարությամբ։ ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր 1966 թվականից։ Ռիտա Պողոսովայի կարիերայում առավել հաջողակ էր 1969 թվականը, երբ նա դարձավ ԽՍՀՄ չեմպիոն մենախաղում և զուգախաղում, ինչպես նաև ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այս հաջողությունը Մյունխենի աշխարհի առաջնությունում եղավ ԽՍՀՄ սեղանի թենիսի պատմության մեջ առաջին և միակ հաղթանակը աշխարհի թիմային առաջնություններում (ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց)։ 1970 թվականին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում Ռիտա Պողոսովան նվաճեց բոլոր արժողության մեդալները. թիմային մրցումներում՝ ոսկե, խառը զուգախաղում՝ արծաթե և մենախաղում՝ բրոնզե։
1971 թվականին Պողոսովան տեղափոխվել է Երևան, որտեղ նրա մարզիչը դարձել է Յուրի Ղազարյանը։ 1972 թվականին Պողոսովան ավարտել է Երևանի պետական համալսարանը[1]։ 1976 թվականին որդու ծնվելուց հետո նա ավարտել է կարիերան։ 1978-1990 թվականներին մարզչական գործունեություն է ծավալել «Սպարտակ» մարզական ընկերությունում[1]։ 2001-2007 թվականներին եղել է Իտալիայի Մեսինա քաղաքի համալսարանական թիմի խաղացող մարզիչը։ 2007 թվականից Ռիտա Պողոսովան աշխատում է որպես մանկական մարզիչ Բինասկո քաղաքի մարզական ակումբում[2]։