Ռոբերտ Զեեթալեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա[2] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | դերասան, գրող, սցենարիստ և վիպասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | robert-seethaler.de |
Robert Seethaler Վիքիպահեստում |
Ռոբերտ Զեեթալեր (օգոստոսի 7, 1966[1], Վիեննա, Ավստրիա[2]), ավստրիացի գրող, սցենարիստ և դերասան։
Ռոբերտ Զեեթալերը մեծացել է Վիեննայում[3]։ Աչքերի ի ծնե հիվանդության (–17 դիոպտրիա) պատճառով այցելել է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների համար նախատեսված տարրական դպրոց[3]։ Այնուհետև հաճախել է Վիեննայի ազգային թատրոնի դերասանական դպրոցն ու աշխատել կինոյի և հեռուստատեսության բազմաթիվ արտադրություններում, ինչպես նաև Վիեննայի, Բեռլինի, Շտուտգարտի և Համբուրգի թատրոններում[4] ։ Հեռուստալսարանին հայտնի է «Ուժեղ թիմ» սերիալում բժիշկ Քնայսլերի դերով։ 2015 թվականին Ռեյչլ Ուայզի հետ խաղացել է Պաոլո Սորրենտինոյի «Երիտասարդություն» ֆիլմում, որը նույն թվականին արժանացել է Եվրոպական մրցանակի (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր)։ Իր աշխատանքների համար Զեեթալերը արժանացել է մի շարք մրցանակների և դրամաշնորհների։ 2016 թվականին «Ամբողջ կյանք» վեպը ընդգրկվել է Բուքերյան միջազգային մրցանակ 2016 թվականի ցուցակում։ Ռոբերտ Զեեթալերը ապրում է Բեռլինում և Վիեննայում։
2006 թվականին որպես "Heartbreaking" սցենարի գրական ադապտացիա հրատարակել է իր առաջին վեպը՝ «Բինեն և Կուրթը»։ 2006-ից-2012 թվականներին "Kein & Aber" հրատարակչությունում լույս են տեսնում «Բինեն և Կուրթը», «Հետագա հեռանկարներ», «Լրջանալու պահը», ինչպես նաև «Ծխախոտագործը» վեպերը։ 2014 թվականին լույս է տեսնում ճոպանագործ Անդրեաս Էգգերի մասին պատմող «Ամբողջ կյանք» վեպը։ Վեպը ձեռք է բերում համաշխարհային հռչակ և թարգմանվում ավելի քան 40 լեզվով։ «Դաշտը» վեպում փոքր քաղաքի գերեզմանոցի 29 մեռյալներ պատմում են միմյանց փողկապակցված պատմությունները։ 2016 թվականից ի վեր «Բինեն և Կուրթը», «Ծխախոտագործը», «Ամբողջ կյանք» ինչպես նաև «Դաշտը» վեպերը դրամատիզացվել են թատրոնի համար և ներկայացվել գերմանախոս երկրների բեմերում։ Իր «Երկրորդ կինը» սցենարի հիման վրա Հանս Շթայնբիշլերի նկարահանած ֆիլմի պրեմիերան տեղի է ունենում Մյունխենյան կինոփառատոնի շրջանակներում և 2009 թվականին արժանանում Գրիմմի 3 մրցանակի։ Համանուն վեպի հիման վրա նկարահանված «Ծխախոտագործը» ֆիլմի պրեմիերան կայանում է 2018 թվականին և ցուցադրվում գերմանական և միջազգային կինոթատրոններում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Զեեթալեր» հոդվածին։ |
|