Ռոբերտ Սքալ | |
---|---|
Ծնվել է | 1917[1][2] |
Ծննդավայր | Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Մահացել է | հունվարի 1, 1986[3] |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ և ղեկավար |
Ամուսին | Էթել Սքալ[4] |
Ռոբերտ Սքալ (անգլ.՝ Robert Scull, 1917[1][2], Ստորին Իսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - հունվարի 1, 1986[3]), ամերիկացի արվեստի գործերի հավաքորդ, առավել հայտնի է իր «փոփ արտի և մինիմալիզմի ստեղծագործությունների աշխարհահռչակ հավաքածուով»[5]։
Ռոբերտ Սքալը ծնվել է Նյու Յորքում՝ ռուսկան հրեա-արտագաղթյալների ընտանիքում, որոնք անգլիացրել են իրենց Սոկոլնիկով ազգանունը[6]։ Նրա մանկությունն անցել է Մանհեթենի Ստորին Իսթ Սայդում։ Ժամանակակից արվեստի նկատմամբ նրա հետաքրքրությունը ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նա 10 տարեկանում այցելել է Մետրոպոլիտեն թանգարան[7]։
Ռոբերտ Սքալը կիսատ է թողել միջնակարգ դպրոցը, սակայն հաճախել է արվեստի մի շարք դասընթացների, այդ թվում՝ տարբեր աշխատանքներ կատարելով։ Նա աշխատել է արտահաստիքային նկարազարդող և արդյունաբերական դիզայներ, մինչև իր կնոջ՝ Էթելի հորը մահը, որը նրանց բաժին է թողել իր հաջողակ տաքսի բիզնեսում[5]։ Սքալը իր ժառանգած բիզնեսի մասը ներդրել է իր սեփական «Super Operating Corporation» բիզնեսի մեջ, որտեղ աշխատում էր 400 վարորդ և կար 130 ավտոմեքենա։ Ավելի ուշ նրա ֆիրման ստացել է «Սքալի հրեշտակներ» (անգլ.՝ Scull’s Angels) անվանումը։ Սքալը անգամ վարձել է Էմմի Վանդերբիլթին՝ վարվելակարգի մասնագետի, որ իր վարորդներին հաճախորդների հետ հաղորդակցման քաղաքավարություն սովորեցնի[5]։
Հաջողակ բիզնեսի շնորհիվ Սքալը կնոջ հետ կարողացել է գնել աբստրակտ էքսպրեսիոնիստների աշխատանքներ՝ ներառյալ Վիլլեմ դե Կունինգի, Բարնետ Նյումանի, Մարկ Ռոթկոյի, Ֆրանց Քլայնի աշխատանքները[5]։ 1965 թվականին նրանք աճուրդի են դրել այդ աշխատանքներից 25-ը, քանի որ սկսել էին փոփ արտի գործիչների աշխատանքների հավաքորդությունը, այդ թվում՝ Ջասպեր Ջոնսի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Էնդի Ուորհոլի և Ջեյմս Ռոզենքվիսթի։ Այդ գործում նրանց օգնում էր արտ դիլլեր Լեո Կաստելին[5]։ Վաճառքից ստացված հասույթը գնացել է «Ռոբերտ և Էթել Սքալների ֆոնդի» ստեղծմանը, որի նպատակն էր գումար հավաքել անհայտ նկարիչներին օգնելու համար[8]։
1960-1965 թվականներին Սքալը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել արտ դիլլեր Ռիչարդ Բելամիին և նրա՝ Նյու Յորքի «նորարարական» Կանաչ պատկերասրահին[5]։
1973 թվականին Սոթբիսի աճուրդում ներկայացված «Ռոբերտ Սքալի հավաքածուն», որը բաղկացած էր 50 լոտից՝ գերազանցապես փոփ արտի ստեղծագործություններ, բերել է 2,2 միլիոն դոլարի հասույթ։ Այն դարձել է ժամանակակից ամերիկյան արվեստի առաջին աճուրդը մեկ վաճառողով[5][7]։
Ռոբերտ Սքալը ամուսնացած է եղել Էթել Սքալի հետ, որը լույս աշխարհ է բերել նրա երեք որդիներին՝ Ջոնաթան, Սթիվեն, Ադամ։ Զույգը բաժանվել է 1975 թվականին։ Սքալի երկրորդ կնոջը անվանել են Սթեֆանի[5]։
2010 թվականին Մանհեթենի Ակվավելի պատկերասրահներում անցկացվել է «Ռոբերտ և Էթել Սքալ․ հավաքածուի դիմանկար» (անգլ.՝ Robert & Ethel Scull: Portrait Of A Collection) ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են նկարներ, քանդակներ այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Վիլլեմ դե Կունինգը, Ջասպեր Ջոնսը, Էնդի Ուորհոլը, Ֆրենկ Ստելլան, Կլես Օլդենբուրգը, Ռոբերտ Մորիսը և ուրիշներ[9]։