«Ռոբին Հուդը և Գայ Գիսբորնը» (անգլ.՝ Robin Hood and Guy of Gisborne, Child 118, Roud 3977[1]), անգլիական ժողովրդական բալլադ[2], որը ներառված է Ռոբին Հուդի մասին պատմող բալլադների շարքում։ Նրա միակ հայտնի տարբերակը ընդգրկված է 17-րդ դարի կեսերով թվագրվող և վատ պահպանված ձեռագրում, որը գտել է Թոմաս Պերսին. վերջինս այն հրատարակել է իր հին «Անգլիական հնագույն պոեզիայի հուշարձաններ» ժողովածուում։ Բալլադը չի արձանագրվել բանավոր ավանդությունով։ Սակայն հայտնի է մոտավորապես 1475 թվականով թվագրվող պիեսի հատված, որը, ամենայն հավանականությամբ, հիմնված է նույն պատմության վրա։ Դրա հիման վրա Ֆրենսիս Ջեյմս Չայլդը և այլ հետազոտողներ հակված են բալլադի ձևավորումը վերագրել 15-րդ դարին։ Այն համարվում է Ռոբին Հուդի մասին պատմող այսպես կոչված «հիմնական» հինգ բալլադներից մեկը (բացի նրանից, այդ բալլադների թվում են «Ռոբին Հուդի մասին փոքր ժեստը», «Ռոբին Հուդը և հնոցապանը», «Ռոբին Հուդը և վանականը», ինչպես նաև «Ռոբին Հուդի մահը», որոնք Չայլդի ժողովածուում կրում են 117, 119, 120 և 121 համարները համապատասխանաբար)[3][4]։
Փոքրիկ Ջոնի և Ռոբին Հուդի միջև վիճաբանություն է տեղի ունենում, և նրանք բաժանվում են։ Ջոնն իմանում է, որ Շերիֆն իր մարդկանց հետ հարձակում է նախապատրաստում անտառի վրա, և փորձում է կանգնեցնել նրանց, բայց գերի է ընկնում։ Այդ նույն ժամանակ Ռոբինը հանդիպում է Գայ Գիսբորնին՝ յոմենին, որ հետապնդում է նրան՝ ցանկանալով ստանալ նրա գլխի համար խոստացված պարգևը։ Նրանք մրցում են նետաձգությամբ, և Ռոբինը, իրեն դրսևորելով որպես լավագույններից լավագույննը, բացահայտում է իր ինքնությունը։ Հաջորդ մենամարտում նա սպանում է Գիսբորնին, ապա հագնում նրա հագուստը և վերցնում նրա եղջյուրը։ Իր հակառակորդի անվան տակ նա միանում է Շերիֆի ջոկատին և փրկում Ջոնին[3]։
Չնայած Ռոբին Հուդի մասին լեգենդի ժամանակակից տարբերակում Գայ Գիսբորնը հաճախ կոչվում է սըր Գայ, բալլադում ուղղակիորեն ասվում է, որ նա, ինչպես Ռոբինը, սերել է յոմեններից՝ փոքր հողատերերից[4]։