«Ռոբինի ճանապարհը դեպի Նոթինգհեմ»[1] (անգլ.՝ Robin Hood's Progress to Nottingham, Child 139, Roud 1790[2]), անգլիական ժողովրդական բալլադ, որը ներառված է Ռոբին Հուդի մասին բալլադների շարքում։ 17-րդ դարի երկրորդ կեսից հայտնի մի քանի բրոդսայդներից մեկն է, տեքստերից ամենահինն ունի Robin Hood and the Forresters խորագիրը։ Բոլոր բրոդսայդներում նշվում է, որ բալլադը պետք է երգել Bold Robin Hood մեղեդով, բայց անհնար է որոշել, թե ինչ երաժշտական մոտիվ է նկատի առնվում այդ խորագրի տակ[3]։
Տասնհինգամյա Ռոբին Հուդն ուղևորվում է Նոթինգհեմ և ճանապարհին հանդիպում տասնհինգ անտառապահների, որ խմում են գարեջուր և գինի։ Նա հարցնում է նորությունների մասին, և իմանալով, որ շուտով պետք է տեղի ունենա նետաձիգների մրցույթ, ցանկություն է հայտնում մասնակցել դրան։ Տղամարդիկ ծիծաղում են նրա վրա, և այդ ժամանակ Ռոբինն առաջարկում է գրազ գալ քսան մարկի վրա՝ ասելով, որ ինքը կհարվածի թիրախին հարյուր սաժեն հեռավորությունից, ինչպես նաև կսպանի եղջերու մեկ նետով։ Անտառահատները համաձայնում են՝ չհավատալով պատանուն։ Վերջինս հաղթում է գրազը և պահանջում տալ իր գումարը, բայց նրան լուրջ չեն ընդունում և խորհուրդ են տալիս հեռանալ։ Ռոբինը ծիծաղում է ու հեռանում մի որոշակի տարածություն, ինչից հետո նետահարում է բոլոր անտառահատներին, բացի նրանից, որն սկսել էր այդ ամենը։ Նա փորձում է հեռանալ, բայց պատանին նետով հարվածում է նրա գլխին։ Նոինգհեմի շարժվում են քաղաքից, որպեսզի վրեժ լուծեն անտառահատների համար, բայց Ռոբին Հուդը վիրավորում է նրանցից շատերին և հեռանում անտառ։ Սպանվածներին շարքով թաղում են եկեղեցու գերեզմանատանը[4]։
Բալլադի սյուժեն բոլորովին հստակ հայտնի է եղել արդեն 16-րդ դարի վերջին, այդ պատճառով էլ պարզ չէ, թե ինչու է Ֆրենսիս Ջեյմս Չայլդն իր ժողովածուում, որում Ռոբին Հուդի մասին բալլադները դասավորել է ըստ ստեղծման ժամանակի, այդ բալլադը տեղադրել բավական հետ՝ 139 համարի ներքո։ Ժամանակագրական առումով այն պետք է տեղ գտներ մոտավորապես «Ուրախ նախրավարն Ուեյքֆիլդից» (անգլ.՝ The Jolly Pinder, Child 124) և «Ռոբին Հուդն ու Փոքրիկ Ջոնը» (անգլ.՝ Robin Hood and Little John, Child 125) բալլադների միջև։ Անտառահատների նկատմամբ ցուցաբերած դաժանության համար այդ բալլադը նման է մեկ այլ բալլադի՝ «Ջոննի Քոք» (անգլ.՝ Johnie Cock, Child 114), որը Չայլդը տեղադրել է Ռոբին Հուդի մասին բալլադներից անմիջապես առաջ[3][5]։