Ռոբին Հուդի մահը

Նյուել Քոնվերսի նկարը, որում պատկերված է լեգենդի եզրափակիչ տեսարանը (1917)

«Ռոբին Հուդի Մահը» (անգլ.՝ Robin Hood's Death, Child 120, Roud 3299[1]), անգլիական ժողովրդական բալլադ Ռոբին Հուդի մասին բալլադների շարքից։ Նրա առաջին հայտնի գրավոր տարբերակը պարունակվում է վատ պահպանված ձեռագրում, որը հայտնաբերվել է Թոմաս Պերսիի կողմից և թվագրվում է XVII դարի կեսերով, իսկ ամբողջական տեքստն առաջին անգամ հրատարակվել է 1786 թվականին the English Archer հրատարակությունում[2][3]։

Ռոբին Հուդը փոքրիկ Ջոնին հայտնում է, որ իրեն վատ է զգում և մտադիր է մեկնել Քիրքլիս վանք, որպեսզի այնտեղ իրենից արյուն առնեն։ Սակայն մայրապետը, արյունահոսություն առաջացնելով, Ռոբինին փակում է սենյակում։ Վերջինս հասկանում է, որ դավաճանության զոհ է դարձել և փչում է իր որսորդական եղջյուրը։ Փոքրիկ Ջոնը, որը դրսում էր, ներխուժում է սենյակ, բայց արդեն ուշ է։ Ռոբինը մահանում է։ Վշտահար սրտով Ջոնը թույլտվություն է խնդրում որպես վրեժ հիմնահատակ ավերելու Քիրքլիսը, սակայն նրա զինակիցն արգելում է, որովհետև իր ողջ կյանքի ընթացքում Ռոբին Հուդը ոչ մի կնոջ վնաս չի պատճառել։ Նա խնդրում է տալ իր աղեղը, որպեսզի վերջին անգամ նետ արձակի և պատվիրում է իրեն թաղել այնտեղ, որտեղ կխրվի նետը[2][4]։

Ռոբին Հուդի դավաճանության և նրա մահվան մասին պատմությունը առկա է նաև «Ռոբին Հուդի մասին փոքր ժեստի» (անգլ.՝ A Gest of Robyn Hode, Child 117) վերջին երգում, որի պահպանված օրինակները թվագրվում են 16-րդ դարի սկզբով։ Եթե երկու տեքստերի միջև գոյություն ունի կախվածություն, ապա փոխառությունը, անկասկած, գնում է բալլադից ժեստին, ինչը փաստում է բալլադի՝ շատ ավելի վաղ ստեղծված լինելու մասին։ «Փոքր ժեստը» և «Ռոբին Հուդի մահը» բալլադն ավանդաբար (Չայլդից սկսած) ուսումնասիրողների կողմից դասվում են Ռոբին Հուդի մասին պատմող հինգ «հիմնական» բալլադների շարքում, որի մյուս երեք գործերն են՝ «Ռոբին Հուդը և Գայ Գիսբորնը» (անգլ.՝ Robin Hood and Guy of Gisbourne, Child 118), «Ռոբին Հուդը և վանականը» (անգլ.՝ Robin Hood and the Monk, Child 119) և «Ռոբին Հուդը և բրուտը» (անգլ.՝ Robin Hood and the Potter, Child 121)[2][4][5]:

Ֆրենսիս Ջեյմս Չայլդը նշում է այս և մեկ այլ սյուժեի նմանությունը, որն առկա է «Sheath and Knife» բալլադում (Child 17), սակայն այնտեղ առաջնային է թաղման վայրի ընտրությունը, այլ ոչ թե աղեղի՝ որպես զենքի դերը։ Իսկ այս բալլադում աղեղն ու նետը կազմում են սյուժեի անբաժանելի տարր, և այն տեղը, որտեղ ընկնում է նետը, պատահական է[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Vaughan Williams Memorial Library
  2. 2,0 2,1 2,2 Robert B. Waltz The Gest of Robyn Hode: A Critical and Textual Commentary. — 2013.
  3. The Death of Robin Hood: Introduction, комментарий к балладе(անգլ.).
  4. 4,0 4,1 Эрлихман В. В. Робин Гуд. — М.: Молодая гвардия, 2012. — 254 с. — (Жизнь замечательных людей: малая серия). — 5000 экз. — ISBN 978-5-235-03529-4
  5. 5,0 5,1 «Robin Hood's Death [Child 120]». The Traditional Ballad Index. An annotated source to folk song from the English-speaking world (անգլերեն). Robert B. Waltz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.