Ռոլա Դաշտի | |
---|---|
Ծնվել է | 1964[1] |
Ծննդավայր | Քուվեյթ |
Քաղաքացիություն | Քուվեյթ |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Ջոնս Հոփքինսի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the National Assembly of Kuwait? |
Պարգևներ և մրցանակներ |
Ռոլյա Աբդուլլա ադ-Դաշտի (արաբ․՝ رولا عبدالله علي حاجيه دشتي, 1964[1], Քուվեյթ), քուվեյթցի կին քաղաքական գործիչ, տնտեսագետ և կանանց իրավունքների և գենդերային հավասարության ջատագով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և Արևմտյան Ասիայի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար (ESCWA) 2019 թվականից[2][3]։ Քուվեյթի պլանավորման և զարգացման Գերագույն խորհրդի (Supreme Council for Planning & Development, SCPD) անդամ մինչև 2019 թվականը։ Պլանավորման և զարգացման հարցերով նախարար, միաժամանակ Ազգային ժողովի հարցերով նախարար՝ 2012-2014 թվականներին, Քուվեյթի Ազգային ժողովի պատգամավոր 2009-2012 թվականներին։ Ազգային ժողովում ընտրված առաջին չորս կին պատգամավորներից մեկը[4]։
Ռոլա Դաշտին ծնվել է 1964 թվականին, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբդուլլահ Դաշտիի ընտանիքում։ 1984 թվականին ստացել է գյուղատնտեսական տնտեսագիտության բակալավրի աստիճան Կալիֆոռնիայի նահանգի համալսարանից։ 1985 թվականին ստացել է տնտեսագիտության և ֆինանսների մագիստրոսի կոչում Սակրամենտոյի Կալիֆոռնիայի համալսարանից։ 1993 թվականին ստացել է Ջոնս Հոփքինսի համալսարանի փիլիսոփայության դոկտորի աստիճան ժողովրդագրական դինամիկայի բնագավառում[4]։
Առանցքային պաշտոններ է զբաղեցրել գիտահետազոտական հաստատություններում, ինչպիսիք են Քուվեյթի գիտական հետազոտությունների ինստիտուտը և աշխատել է տեղական և միջազգային խոշոր ֆինանսական և զարգացման հաստատություններում, ինչպիսիք են Քուվեյթի Ազգային բանկը և Համաշխարհային բանկը[4]։
Քուվեյթցի կանայք մինչ 2015 թվականի մայիսը քվեարկելու և ընտրվելու իրավունք չեն ունեցել։ 2005 թվականի մայիսի 16-ին Ազգային ժողովը կանանց տվել է ընտրելու և ընտրվելու իրավունք այնքանով, որքանով դա չի հակասում շարիաթի օրենքներին։ Ռոլյա Դաշտին կարևոր դեր է խաղացել այդ օրենքի լոբբինգի հարցում[4]։ Ռոլա Դաշտին մասնակցել է 2006 թվականի ընտրություններին, ստացել 1539 ձայն և պարտվել ընտրություններում։ 2008 թվականի ընտրություններում նա ստացել է 4464 ձայն և կրկին պարտվել։ 2009 թվականի մայիսի 16-ին կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքում չորս կին ընտրվել է Ազգային ժողովում՝ Ասիլ ալ-Ավադին, Ռոլյա Դաշտին, Մաասումա ալ-Մուբարակը և Սալվա ալ-Ջասսարը[5][6][7]։ Ռոլյա Դաշտին հավաքել է 7666 ձայն։
2012 թվականի հուլիսի 31-ին նա Նախարարների կաբինետում ստացել է Պլանավորման և զարգացման հարցերով նախարարի, միաժամանակ Ազգային ժողովի հարցերով նախարարի պորտֆելները։ 2012 թվականի դեկտեմբերի 11-ին և 2013 թվականի օգոստոսի 4-ին վերանշանակվել և կատարել է պարտականությունները մինչև 2014 թվականի հունվարի 6-ը[4]։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը 2019 թվականի հունվարի 21-ին Ռոլյա Դաշտիին հայտարարել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի տարածաշրջանային հանձնաժողովի Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCWA) գործադիր քարտուղարի նշանակման մասին։ Այդ պաշտոնում նա փոխարինել է իրաքցի Մուհամեդ Ալի ալ-Հաքիմին[4]։