Մանդրագորան Ջենոայի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[5]։ 2015 թվականի հուլիսի 24-ին Մանդրագորան վարձավճարով միացավ Պեսկարային[6]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ փոխարինման մտնելով Զյուդտիրոլի դեմ Իտալիայի գավաթի խաղում[7]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ Բարիի դեմ խաղում[8]։ Նոյեմբերի 20-ին Մանդրագորան գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ավելինոյի դեմ խաղում՝ օգնելով Պեսկարային հաղթել 3-2 հաշվով[9]։
2016 թվականի հունվարի 19-ին Մանդրագորան 5 տարվա պայմանագիր կնքեց Յուվենտուսի հետ[10][11], ինչից հետո վարձավճարով վերադարձավ Պեսկարա։ Ակումբի կազմում անցկացրած 27 խաղերից հետո իտալացին 2016-17 մրցաշրջանում վերադարձավ Յուվենտուս՝ ստանալով 38 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի ապրիլի 23-ին՝ փոխարինելով Կլաուդիո ՄարկիզիոյինՋենոայի դեմ խաղում[12]։
2017 թվականի օգոստոսի 5-ին Մանդրագորան 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Կրոտոնե[13][14][15]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթիՊյաչենցայի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Միլանի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 24-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[18]։ 2018 թվականի փետրվարի 10-ին իտալացին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[19]։ Կրոտոնեի կազմում Մանդրագորան անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[20]։
2018 թվականի հուլիսի 2-ին Մանդրագորան 4 տարվա պայմանագիր կնքեց Ուդինեզեի հետ[21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[23][24]։ Իր դեբյուտը Ուդինեզեի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթիԲենևենտոյի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը Մանդրագորան խփեց դեկտեմբերի 22-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[26]։ Դեկտեմբերի 29-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Կալյարիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 79-րդ րոպեին[27]։ 2019 թվականի ապրիլի 7-ին նա գոլ խփեց Էմպոլիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[28]։ 2018-19 մրցաշրջանում Մանդրագորան անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[29]։
Մանդրագորան ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա որպես Մ20 հավաքականի ավագ մասնակցեց աշխարհի առաջնությանը[31]՝ անցկացնելով 6 հանդիպում[32], իսկ Իտալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 3-րդ տեղի համար խաղի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթելով Ուրուգվային[33][34]։ 2019 թվականի հունիսին Մանդրագորան մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[35][36][37]՝ անցկացնելով 3 հանդիպում[38], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[39][40]։
Իտալիայի ազգային հավաքական Մանդրագորան առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մայիսի 19-ին՝ Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[41][42][43][44]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 1-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[45][46]։