Ռոնալդ Գրիգոր Սյունի անգլ.՝ Ronald Grigor Suny | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1940 (84 տարեկան) Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքագետ և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Չիկագոյի համալսարան, Միչիգանի համալսարան և Օբերլինի քոլեջ |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան և Սուորթմոր քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Պարգևներ |
Ռոնալդ Գրիգոր Սյունի (անգլ.՝ Ronald Grigor Suny, սեպտեմբերի 25, 1940, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի պատմաբան, Միչիգանի համալսարանի քաղաքական և սոցիալական պատմության պրոֆեսոր, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր։ «Ռուսաստանի քեմբրիջյան պատմության» 3-րդ հատորի գլխավոր խմբագիրն է[5]։
Նա հայ կոմպոզիտոր Գրիգոր Սյունու թոռն է[6]։
Սյունին ավարտել է Սուորսմորի քոլեջը և 1968 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Կոլումբիայի համալսարանում։ Նրա հետաքրքրությունների ոլորտում են ԽՍՀՄ-ն ու հետխորհրդային Ռուսաստանը, ազգայնականությունը և էթնիկական հակամարտությունները, Հարավային Կովկասը և ռուսական ու խորհրդային պատմագրությունը։ Նա եղել է Չիկագոյի համալսարանի Ալեք Մանուկյանի անվան հայ նոր պատմության ֆակուլտետի առաջին ղեկավարը (1981-1995), որտեղ նա հիմնել և ղեկավարել է հայագիտական ուսումնասիրությունների ծրագիր։
1998 թվականին Ռոնալդ Սյունին դասախոսությամբ է հանդես եկել Ստամբուլի Քոչ համալսարանում` «Հայոց ցեղասպանություն» թեմայով։ Այս դասախոսության և թուրք պատմաբանների հետ դրան հաջորդած կապերի արդյունքում 2000 թվականին նախաձեռնվել է «Հայերը և Օսմանյան կայսրության մայրամուտը» թեմայով եռօրյա սեմինար, որին մասնակցել են հայկական ծագման ամերիկացի գիտնականներ և թուրք գիտնականներ և որն անց է կացվել Միչիգանի համալսարանում և նվիրվել է Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձություններին[7]։
Ցեղասպանությանը նվիրված Սյունիի աշխատություններից մեկը "Նրանք կարող են ապրել միայն անապատում" (They Can Live in Desert and Nowhere Else) գիրքն է, որի հայերեն թարգմանությունը 2022 թվականին լույս է ընծայել "Մագաղաթ" հրատարակչությունը, թարգմանիչ՝ Մարիա Սադոյան։
Հայաստանի մի շարք պատմաբաններ և հրապարակախոսներ, մասնավորապես` Արմեն Այվազյանը, մեղադրում են արևմտյան առաջատար հայագետներին, այդ թվում և` Սյունիին, ԱՄՆ կառավարության հանձնարարությամբ Հայաստանի պատմության կեղծարարության համար[8]։ Զորի Բալայանը Սյունիի «Հայացք Արարատին. Հայաստանը նոր պատմության մեջ» աշխատությունը «պասկվիլ» է համարում[9]։
|