Ռոսիտա Մելո իսպ.՝ Rosa Clotilde Mele Luciano | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1897[1][2] |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Մահացել է | օգոստոսի 12, 1981[1][2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Լա Չակարիտա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա և Ուրուգվայ |
Մասնագիտություն | գրող, կոմպոզիտոր և բանաստեղծուհի |
Ռոսիտա Մելո (իրական անունը և ազգանունը՝ Կլոտիլդա Մելե Ռոսա Լուչանո, իսպ.՝ Rosita Melo, հուլիսի 9, 1897[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - օգոստոսի 12, 1981[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինաուրուգվայցի երաժիշտ, դաշնակահարուհի, երգահան և բանաստեղծուհի։
Ամենահայտնի տանգո-վալսերից մեկի՝ «Desde el alma»-ի (1911) հեղինակն է։ Նա նաև հայտնի է որպես աշխարհում առաջին լայնորեն ճանաչված լատինաամերիկացի կին երգահանը և բանաստեղծուհին։
Ռոսիտա Մելոն ծնվել է 1897 թվականի հուլիսի 9-ին Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում[3]։ 1900 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաք։
Մանկուց նա ունեցել է երաժշտական մեծ տաղանդ։ 4 տարեկանում կարողանում էր դաշնամուր նվագել։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է երաժշտություն։ Հետագայում նա Բուենոս Այրեսում դաշնամուր նվագել է սովորել։ Ժամանակի ընթացքում նա դարձել է երաժշտության ուսուցչուհի, դաշնամուրի պրոֆեսոր։
Արգենտինայի հեղինակավոր դահլիճներում և կոնսերվատորիաներում հանդես է եկել դասական և հանրաճանաչ երաժշտության համերգներով, արժանացել է բազմաթիվ մրցանակների։
1922 թվականին ամուսնացել է բանաստեղծ և գրող Վիկտոր Պյում Վելեսի հետ[4][5]։
Հեղինակ է տանգո երաժշտության, տանգո-վալսի, դասական և կրեոլական վալսի, պասադոբլի, պոլկաների և մարշերի։ Դրանցից են՝ «Oración», «Tatita» և «Aquel entonces», ինչպես նաև «Yo te adoro», «Por el camino», «Una lágrima para papá», «Cuando de ti ya lejos» և «Aquellos catorce años»[6]։
Ռոսիտա Մելոյի բանաստեղծությունները տպագրվել են թերթերում և ամսագրերում։ Նրա մի շարք բանաստեղծություններ ներառվել են «Antología de poetas jóvenes»-ում («Երիտասարդ բանաստեղծների անթոլոգիա») այնպիսի հեղինակների կողքին, ինչպես, օրինակ՝ Ալֆոնսիսա Ստորնին և այլ ժամանակակից բանաստեղծներ։
Ռոսիտա Մելոն 14 տարեկանում ստեղծել է կրեոլական երաժշտության ոճով ամենահայտնի տանգո-վալսներից մեկը՝ «Desde el alma» (Բոստոնյան վալս, 1911 թվական)։
Ռոսիտա Մելոն մահացել է 1981 թվականի օգոստոսի 12-ին։ Թաղված է Բուենոս Այրեսի Լա Չակարիտա գերեզմանատանը։
|