Ռուբեն Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | արևելագետ, դիվանագետ, պետական գործիչ, պատմաբան և գրող |
Ruben Karapetyan Վիքիպահեստում |
Ռուբեն Կառլենի Կարապետյան (սեպտեմբերի 10, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դիվանագետ, պատմաբան։ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1][2]։
Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1963թ. սեպտեմբերի 10-ին՝ Երևանում։ Ավարտել է Ա․Չեխովի անվան համար 55 դպրոցը։ Տիրապետում է անգլերեն, արաբերեն, իտալերեն և ռուսերեն լեզուների։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և թոռնիկ։
1980-1986 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, ստացել է մագիստրոսի կոչում՝ արաբերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ։
1993 թվականի փետրվարից հուլիսը Լիբանանում` Բեյրութի Հայկազեան համալսարանում անցել է Քաղաքագիտության հատուկ դասընթաց /Intensive Political Science Course: 1994 թվականի մայիսից օգոստոսը Միացյալ Թագավորությունում` Օքսֆորդի, Լիդսի, Էդինբուրգի համալսարաններում մասնակցել է դիվանագիտություն և միջազգային իրավունք թեմաներով Դիվանագիտական դասընթացների /Diplomats Course/:
1999 թվականին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ «Սիրիա-ամերիկյան հարաբերությունները․ 1967-1996թթ.» թեմայով` ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։
2009 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան՝ «Սիրիայի տեղն ու դերը արաբ-իսրայելական հակամարտությունում 1946- 2000թթ.» թեմայով գիտական ատենախոսության պաշտպանության համար[3]։
2013 թվականից զբաղեցնում է Հայ-իտալական «Դադիվանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը։
2019-2020 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնը[3]։
2020-2022 թթ.՝ ՀՀ նախագահի դիվանագիտական խորհրդական։
Ռուբեն Կարապետյանը սկսել է դասավանդել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում 1999 թվականի սեպտեմբերից։
2003-2004 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նորաստեղծ Հարավարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ (ԱԳՆ-ում համատեղության կարգով)։
Արտերկրում դիվանագիտական ծառայության ավարտից հետո 2013թ. սեպտեմբերից մինչև 2015 թվականը շարունակել է դասախոսել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի, արաբագիտության ամբիոնում։
Ռուբեն Կարապետյանը 2014թ. սեպտեմբերից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։ Նույն համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի, Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր է։
2016-2019 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի խորհրդական միջազգային համագործակցության հարցերով և «Ընդհանուր պատմության» բաժնի առաջատար գիտաշխատող։
Հայ-ռուսական համալսարանի, Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ է։
2019 թ․ Ռուբեն Կարապետյանին շնորհվել է Հայ-ռուսական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում։
2019-2020թթ. եղել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդի անդամ։
ՀՀ ԳԱԱ «Լրաբեր Հասարակական գիտությունների» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։
2011 թվականից Հռոմի Աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների և Հարակից գիտությունների ինստիտուտի (Istituto di Alti Studi in Geopolitica e Scienze Ausiliare, IsAG) միջազգային գիտական կոմիտեի անդամ է։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Արևելագիտության հարցեր» /Journal of Oriental Studies/ եւ «Արաբագիտական ուսումնասիրություններ» /Journal of Arabic Studies/ գիտական պարբերականների խմբագրական խորհուրդների անդամ է[4]։
Ռ.Կարապետյանը ղեկավարել է հինգ ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունները՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և պատմության ինստիտուտներում։
Տարբեր դասախոսություններով հանդես է եկել Եգիպտոսի, Լիբանանի, Սիրիայի, Իտալիայի համալսարաններում։
Հեղինակ է 7 մենագրությունների և երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների։ Ինչպես նաև, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ԲՈՒՀ-երի ուսանողների համար «Արաբական երկրների նոր և նորագյուն պատմություն» բուհական առաջին դասագրքի հեղինակն է։ (գրքի հղումը՝ http://publishing.ysu.am/hy/1579238485 Երևան, ԵՊՀ հրատարակչություն)․[2]
|