Ռուդոլֆ Հաուսներ գերմ.՝ Rudolf Hausner | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1995[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Մյոդլինգ, Ստորին Ավստրիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և քանդակագործ |
Պարգևներ | |
Զավակներ | Քսենյա Հաուսներ, Ջեսիկա Հաուզներ և Տանյա Հաուսներ |
![]() |
Ռուդոլֆ Հաուսներ (գերմ.՝ Rudolf Hausner, դեկտեմբերի 4, 1914[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 25, 1995[1][2][3][…], Մյոդլինգ, Ստորին Ավստրիա), ավստրիացի նկարիչ, փորագրանկարիչ, քանդակագործ։ Ֆանտաստիկ ռեալիզմի ներկայացուցիչ է։
Ռուդոլֆ Հաուսները ծնվել է Վիեննայում։ 1931-1936 թվականներին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում։ Այն բանից հետո, երբ նրա արվեստը համարել են դեգեներատիվ արվեստի դրսևորում, նրա աշխատանքների ցուցադրությունը Գերմանիայում արգելվել է[6]։ Մինչպատերազմյան տարիներին նրա աշխատանքները հիմնականում եղել են էքսպրեսիոնիզմի ազդեցության տակ։ Չհասցնելով իրեն դրսևորել արվեստում` Հաուսները 1941 թվականին զորակոչվել է բանակ և Վերմախտի շարքերում անցել ողջ պատերազմը[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա աշխատանքի է նշանակվել հակաօդային պաշտպանության բաժանմունքում[8][9]։
Հետպատերազմյան տարիներին նկարիչը տարվել է սյուրռեալիզմով և Մաքս Էռնսթի արվեստով։ Իր սեփական ոճի որոնումները հանգեցնում էն Էռնստ Ֆուկսի, Էդգար Ժենեի և Վոլֆգանգ Հուտերի հետ սյուրռեալիստ նկարիչների խումբ ստեղծելուն[10]։ Հաուսները մտնում է Արտ-ակումբ և կազմակերպում իր առաջին անհատական ցուցահանդեսը Վիեննայի համերգասրահում։
Հաուսների նշանավոր նկարը` «Ոդիսևսի տապանը» ավարտին է հասցվել 1956 թվականին վեց տարվա աշխատանքից հետո[6]։ Այդ նկարը նախորդել է Ադամին նվիրված նկարաշարքին։ «Ոդիսևսի տապանում» նկարիչն իրեն պատկերել է «Իթաքեի» նավաստիներից մեկի կերպարում` դրանով նշելով Ոդիսևսի դեգերումների նպատակը։
Իր կերպարներին հեղինակը հաղորդել է իր կերպարանքի նմանություն` կարծես իր վրա փորձելով նրանց դերերը և երբեմն ստեղծելով հեգնական ու գրոտեսկային ինքնադիմանկարներ։ Հաուսների գեղարվեստական տեխնիկան մոտ է հին վարպետների գեղանկարչությանը, հիմնվում է վառ լուսապատկերային գույների և իր աշխատանքներում նկարչության պուանտիլիստական ոճի կիրառման վրա (առանձին կետիկների կամ մանր խորանարդիկների կիրառում)։ Գույնի վերջնական տպավորությունը ձևավորվում է միայն թափանցիկ ներկի մի քանի շերտերի համադրությամբ։
1957 թվականին Հաուսները նկարում է իր` Ադամի առաջին նկարը, որ նրա սիրելի կերպարներից էր։ Նա կոնֆլիկտի մեջ է մտնում օրթոդոքսալ սյուրռեալիստների հետ, ովքեր մեղադրում էին նրան` հերետիկոսություն համարելով արվեստում բանական ու անբանական կերպարների հավասարեցումը։ Այս կոնֆլիկտը հանգեցնում է այն բանին, որ Հաուսները իր հին համախոհների` Էռնստ Ֆուկսի և Անտոն Լեմբենի հետ հիմնում է ֆանտաստիկ ռեալիզմի վիեննական դպրոցը։ Իր արվեստում նկարիչները հենվում էին գերմանական վերածննդի ավանդույթների, նրա միստիկ-կրոնական հիմքերի վրա։
1966 թվականից Ռուդոլֆ Հաուսները եղել է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1968 թվականից` Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։
Ամուսնացած է եղել չորս անգամ, ունեցել է երեք դուստր[11]։
Հաուսների ստեղծագործությունը էական դեր է խաղացել ֆանտաստիկ ռեալիզմի զարգացման գործում, որը 1950-1960-ական թվականների Ավստրիայի գեղարվեստական կյանքի առավել նշանակալից շարժումներից էր։ Ռուդոլֆ Հաուսների արվեստը շաղախված է անտիկ ու աստվածաշնչյան սյուժեների վերաիմաստավորմամբ ու նրանց մոդեռնացմամբ։
Ավստրիական փոստի ու ՄԱԿ-ի փոստային ադմինիստրացիայի համար Հաուսները նախագծել է փոստային նամականիշեր[11][12]։
1970 թվականին Ռուդոլֆ Հաուսներն արժանացել է գեղանկարչության ոլորտում Ավստրիայի պետական մրցանակի։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Հաուսներ» հոդվածին։ |
|