Ռուհի Սու թուրքերեն՝ Ruhi Su | |
---|---|
Ծնվել է | 1912[1] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1985[1] |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | երգիչ, օպերային երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և երաժիշտ |
Ruhi Su Վիքիպահեստում |
Մեհմեթ Ռուհի Սու (թուրքերեն՝ Mehmet Ruhi Su, 1912[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 20, 1985[1], Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ թուրք օպերային, ֆոլկ երգիչ ու սազի վիրտուոզ[2][3][4]։
Մեհմեթ Ռուհի Սուն ծնվել է 1912 թվականին Վանում[4]։ Իր ծննդյան ու արմատների վերաբերյալ երգիչն այս կերպ է արտահայտվել. «Ես երեխաներից մեկն եմ, որը լքվել էր Առաջին համաշխարհային պատերազմ ժամանակ»։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ընտանիքին կորցնելուց հետո[4]՝ նրան Վանից տանում են Ադանա ու տալիս երեխաներ չունեցող աղքատ մի ընտանիքի[5]։ Այդ ընտանիքի հետ որոշ ժամանակ ապրելուց հետո՝ Ռուհի Սուն ուղարկվել է որբանոց։ Վերջինս Ադանա քաղաքում գործող որբանոց էր, որն ստեղծվել էր Ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերի համար[6]։
1931 թվականին ավարտել է Քուլելիի ռազմական ավագ դպրոցը։
10 տարեկանում սկսել է ջութակ նվագել։ 1936 թվականին ավարտել է Երաժշտական ուսուցիչների դպրոցը, իսկ 1942 թվականին՝ Անկարայի պետական կոնսերվատորիայի օպերայի բաժինը։ Հաջորդած 10 տարիներին, որպես բաս բարիտոն, հանդես է եկել Անկարայի պետական օպերային համերգասրահում։ Նրա խաղացանկում եղել են Մադամ Բաթերֆլայը, Ֆիդելիոն, Տոսկան և Ռիգոլետտոն։ Իր երաժշտական կրթության շրջանակներում ուսանել է նաև թուրքական ֆոլկ երաժշտություն, իսկ օպերայում աշխատելու տարիներին հանդես եկել տարբեր ռադիոհաղորդումներում՝ նվագելով սազ ու երգելով ֆոլկ երգեր։
1952 թվականին Ռուհի Սուն ձերբակալվում է։ Նա մեղադրվում էր Թուրքիայի կոմունիստական կուսակցությանն անդամակցելու մեջ, որի գործունեությունն արգելված էր այդ երկրում։ Նա դատապարտվում է 5 տարի ազատազրկման, ինչը դարձավ օպերայում նրա կարիերայի ավարտը։ «Չկատարած հանցանքի համար» կրելով իր պատիժը՝ Ռուհի Սուն իրեն ամբողջությամբ նվիրում է ֆոլկ երաժշտությանը։
Գյուղից գյուղ ճանապարհորդելով Անատոլիայում՝ Ռուհի Սուն սկսեց հավաքել ֆոլկ տարբեր երգեր։ Նա փորձեց մեծացնել անատոլիական հարուստ մշակույթի վերաբերյալ ազգային իմացության մակարդակը՝ իր կոմպոզիցիաները հիմնելով սուֆի պոետներ Յունուս Էմրեի, Փիր Սուլթան Աբդալի ստեղծագործությունների, Քյոռօղլուի,Քարաջաօղլանի ու Դադալօղլուի մոտիվների վրա։
Ռուհի Սուն մահացել է 1985 թվականի սեպտեմբերի 20-ին ու թաղված է Ստամբուլի Զինջիրլիքույու գերեզմանատանը։ Նրա կինը՝ Սըդըքա Սուն մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 18-ին։ Որդին՝ Իլգին Ռուհի Սուն ապրում է Ստամբուլում[7]։ 2009 թվականին անհայտ անձինք կրակ էին բացել նրա գերեզմանաքարի վրա[8]։
Մահվանից հետո՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուհի Սու» հոդվածին։ |
|