Ռումինիայի և Ուկրաինայի միջև տարածքային վեճ

Սև ծովում ծովային սահմանները համաձայն՝
Ռումինիայի պահանջների
Ուկրաինայի պահանջների
Արդարադատության միջազգային դատարանի որոշման

Ռումինիայի և Ուկրաինայի միջև տարածքային վեճ (ուկրաիներեն՝ Процес «Румунія проти України»), սևծովյան երկու միջև դատական գոործընթաց, որը 2004-2009 թվականներին քննվել է ՄԱԿԱրդարադատության միջազգային դատարանի կողմից։

2004 թվականի սեպտեմբերի 16-ին Ռումինիան դատական հայց ներկայացրեց Ուկրաինայի դեմ, որը վերաբերում էր բացառիկ տնտեսական գոտում ծովային սահմանների սահմանազատմանը և Սև ծովում մայրցամաքային ծանծաղուտի բաժանմանը։ 2009 թվականի փետրվարի 3-ին դատարանը հրապարակեց վճիռը, որով սահմանվեց երկու երկրների միջև առկա ծովային սահմանը և որոշվեցին Ռումինիայի և Ուկրաինայի բացառիկ տնտեսական գոտիները։ Ընդ որում երկու երկրներն էլ բավարարված էին որոշումից և հայտարարեցին դատական վեճում իրենց հաղթանակի մասին[1]։

2002 թվականին Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատեց մինչև 2006 թվականը Զմիյնի կղզում տնտեսական գործունեության ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում կղզին փոխանցվեց Օդեսայի մարզի Կիլիյայի շրջանին, ինչպես նաև մասամբ ապառազմականացվեց։ Զուգահեռաբար իրականացվեցին նաև բարեկարգման աշխատանքներ։ Զմիյնի կղզում բացվեց փոստատուն, «РайффайзенБанкАваль»-ի մասնաճյուղ, բջջային կապի վերահաղորդիչ։ 2003 թվականից սկսած կղզում մշտապես գործում են Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարանի գիտնականները։

2004 թվականի սեպտեմբերի 16-ին Ռումինիան ՄԱԿ-ի Միջազգային դատարան հայց ներկայացրեց։ Խնդիրն այն էր, որ ռումինական կողմը ցանկանում էր պարզել, թե արդյոք պետք է Զմիյնին դիտարկել որպես կղզի, թե ժայռ։ Այս հարցի պատասխանը մեծ ազդեցություն պետք է ունենար այս շրջանում մայրցամաքային ծանծաղուտի բաժանման սխեմայի վրա։ 2006 թվականի մայիսի 19-ին Ուկրաինան հակընդդեմ հայց ներկայացրեց, ինչից հետո նույն տարվա դեկտեմբերին Ռումինիան դատարանին ուղարկեց ուկրաինական պահանջներին իր արձագանքը։ Մինչև 2007 թվականի հուլիս ամիսն ուկրաինական կողմն իրավունք ուներ արձագանքել ռումինական պատասխանին, ինչից հետո դատարանը սկսեց գործի ըստ էության քննությունը։

2007 թվականի սկզբին կղզու տարածքում գտնվող բնակելի համալիրը ստացավ Օդեսայի մարզի Կիլիյայի շրջանում գյուղի պաշտոնական կարգավիճակ (Բելոե (ուկրաիներեն՝ Біле))[2]։ Այս քայլն արժանացավ ռումինական կողմի քննադատությանը[3]։

Գործի քննություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայի դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին նիստի ժամանակ ձայնի իրավունքը տրվեց ռումինական կողմին։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Բոգդան Աուրեսկուն հայտարարեց, որ Ուկրաինան, միջազգային նորմերի խախտման ճանապարհով, փորձում է ընդլայնել Սև ծովում իր սահմանները։ Ռումինական պատվիրակության հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ, իբր, 1949 թվականից Խորհրային միության և Ռումինիայի միջև պայմանավորվածություն է եղել Զմիյնի կղզու շրջակայքում 12 մղոն տարածքային ջրերով սահմանափակել Ուկրաինական ԽՍՀ-ին պատկանող ծովային տարածքները։ Ուկրաինայի օգտին չէր նաև այն փաստը, որ Զմիյնիում չկան խմելու ջրի աղբյուրներ։ Ու հենց այս հիմնական հատկանիշն է հաճախ կիրառվում կղզին ժայռից տարբերելու հարցում։

Բացի այդ, Ռումինիան պնդում էր, որ սահմանազատման ժամանակ դատարանը չպետք է հաշվի առնի Ուկրաինայի ափամերձ հատվածների էական՝ գրեթե 630 կիլոմետր երկարությամբ հատվածը, ինչը ներառում էր Օդեսայից մինչև Ղրիմի Տարխանկուտ հրվանդան տարածքը։

Ուկրաինայի դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանում ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում էր ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ, Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Վլադիմիր Վասիլենկոն։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ այդ երկրում չկա որևէ իրավաբանական ընկերություն, որը կարող է նման տեսակի գործ վարել։ «Այդ իսկ պատճառով Հաագայում աշխատում են արտասահմանյան իրավաբանական ընկերությունները, որոնք մասնագիտացավ են նման տեսակի գործերի մեջ»,- նշել էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից[4]։

Գործի ընթացք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանի որոշումն ընդունվում է ձայների մեծամասնությամբ։ Դատարանը բաղկացած է 15 դատավորից, բայց քանի որ Ուկրաինան և Ռումինիան Դատարանի կազմում չունեին իրենց ներկայացուցիչներին, ապա երկու կողմերն էլ օգտվեցին այս գործով լսումների համար լրացուցիչ մեկական դատավոր նշանակելու իրենց իրավունքից։ Ուկրաինան ընտրեց ամերիկացի իրավաբան, Մայամիի համալսարանի իրավունքի պրոֆեսոր, միջազգային-իրավական հարցերով American Journal of International Law պարբերականի համախմբագիր Բերնարդ Օքսմանին, իսկ Ռումինիան՝ Փարիզ-I համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեր Կոտտային։ Երկու թեկնածուներն էլ համապատասխանում էին ՄԱԿ-ի բարձր իրավական մարմնի դատավորների համար սահմանված պահանջներին ու Դատարանի հիմնական կազմի հետ պետք է օբյեկտիվորեն և անաչառ քննեին գործը։ Գործի քննության ընթացքում գերմանացի դատավոր Բ. Սիման հայտարարեց իր ինքնաբացարկի մասին։ Այդպիսով, գործի քննությանը մասնակցեց 16 դատավոր։

Որոշման հրապարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 2-ին Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փաստացի սկսեց գործի բուն քննությունը։ Այն ավարտվեց սեպտեմբերի 19-ին, իսկ 2009 թվականի փետրվարի 3-ին Միջազգային դատարանը հրապարակեց սահմանների սահմանազատման հարցով որոշումը։ Դատարանը չհամաձայնվեց կողմերից և ոչ մեկի պահանջների հետ ու ինքնուրույն որոշեց Ուկրաինայի և Ռումինիայի բացառիկ տնտեսական գոտիների սահմանները։ Նոր գիծը հաշվի էր առնում Զմիյնի կղզու շուրջ 12 ծովային մղոն չափով ոչ մեծ ջրատարածությունը, իսկ այնուհետև անցնում Ռումինիայի 248 կիլոմետր երկարությամբ և Ուկրաինայի 705 կիլոմետր երկարությամբ ափերի միջև: Դատարանը Զմիյնին ճանաչեց որպես կղզի, բայց նշեց, որ այն չպետք է հաշվի առնվի հօգուտ Ուկրաինայի՝ նրա բացառիկ տնտեսական գոտին որոշելու և մայրցամաքային ծանծաղուտը բաժանելու ժամանակ[5]:

Շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր ծանծաղուտից Ռումինիան ստացավ 9,7 հազար քառակուսի կիլոմետրը[6]։

Դատարանի որոշմանը կողմերի արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումինիայի ներկայացուցիչների խոսքով՝ իրենց պահանջների շուրջ 80%-ը Դատարանը բավարարել է։ Երկու կողմերն էլ իրենց համաձայնությունը հայտնեցին Դատարանի որոշմանը և հայտարարեցին իրեն օգտին վճռի կայացման մասին[1][7][8]։ Դրանից ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը կկատարի Զմիյնիի հետ կապված ցանկացած որոշում, որը կընդունի Միջազգային դատարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Суд ООН решил спор вокруг острова Змеиный». BBC. Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին. Վերցված է 2009-02-05-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Украина превратила скалу в Чёрном море в населённый пункт». Лента.Ру. Արխիվացված է օրիգինալից 2010-10-24-ին. Վերցված է 2009-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Румыния просит Украину искусственно не заселять остров Змеиный». Лента.Ру. Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին. Վերցված է 2009-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Новини NEWSru.ua :: Румунія висунула аргументи проти України в Міжнародному суді ООН». web.archive.org. 2009-01-29. Արխիվացված է օրիգինալից 2009-01-29-ին. Վերցված է 2020-09-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Решение Международного суда ООН по делу Румыния против Украины» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-10-31-ին. Վերցված է 2018-06-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Гаагская капитуляция». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Украина отсудила остров, где похоронен Ахиллес Արխիվացված է Փետրվար 5, 2009 Wayback Machine-ի միջոցով:(ռուս.)
  8. «Змеиный — больше не часть береговой линии Украины». Արխիվացված է օրիգինալից 2009-02-06-ին. Վերցված է 2009-02-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 8 (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]