Սալտո Գրանդե կամուրջ | |
---|---|
Երկիր | Ուրուգվայ և Արգենտինա |
Տեսակ | ճանապարհային կամուրջ, միջազգային կամուրջ և երկաթուղային կամուրջ |
Հատում է | Ուրուգվայ |
Ճանապարհ | Argentina–Uruguay border? |
Բացման տարեթիվ | օգոստոսի 25, 1982 |
Սալտո Գրանդե կամուրջ (իսպ՝. Puente Salto Grande, թարգմանաբար նշանակում է «Մեծ ցատկ»), կամուրջ Արգենտինայի և Ուրուգվայի միջև սահմանային համարվող Ռիո Ուրուգվայ գետի վրա
Կամուրջը գցվել է Ռիո Ուրուգվայ գետի միջին հոսանքում 1974-1979 թվականներին գլխավորապես էներգետիկ նպատակներով կառուցված, շուրջ երեք հազար մետր երկարություն ունեցող ամբարտակի վրայով (ամբարտակի վաթսունինը մետր բարձրությունից գահավիժող ջրի հսկայական զանգվածն աշխատեցնում է տասնչորս գերհզոր գեներատորներ, որոնք, ընդհանուր հաշվով ապահովելով 1890 մեգավատտ հզորություն, բավարարում են երկու սահմանակից պետությունների էլեկտրաէներգիայի պահանջարկի զգալի մասը)։
Կամրջի շինարարությունն ավարտվել է 1982 թվականին։ Այդ նույն տարվա օգոստոսի 25-ին տեղի է ունեցել «Մեծ ցատկ» համարվող կառույցի բացման հանդիսավոր արարողությունը[1]։ Նրա վրայով գցվել են երկաթգիծ և ավտոմայրուղի, որոնք հնարավոր ամենակարճ ճանապարհով միմյանց են կապում ուղիղ գծով իրարից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող արգենտինական Կոնկորդիա (Էնտրե Ռիոս պրովինցիա) և ուրուգվայական Սալտո (Սալտո դեպարտամենտ) քաղաքները։
Քանի որ կամուրջը բավարար լայնություն չունի, դրանով գնացք անցնելու ժամանակ ավտոմեքենաների երթևեկությունը դադարեցվում է (այդ նպատակով կամրջի երկու ծայրերին արգելափակոցներ են տեղադրված)։ Թեև այն էլ պետք է ասել, որ դա տեղի է ունենում ամսվա մեջ ընդամենը երեք-չորս անգամ, երբ բեռնատար գնացքով մեծածավալ բեռներ փոխադրելու անհրաժեշտություն է առաջանում։
Կամուրջը սպասարկում և դրա անխափան շահագործման համար պատասխանատվությունը կրում է Comisión Técnica Mixta de Salto Grande ընկերությունը։