Սան Ֆելիպե ամրոց (իսպ.՝ Fortaleza de San Felipe), իսպանական առափնյա պաշտպանության ամրոց, որը գտնվում է Դոմինիկյան Հանրապետության հյուսիսում՝ Պուերտո Պլատա նահանգում։ Ամրոցը, որը հայտնի է նաև որպես Էլ Մորրո դե Սան Ֆելիպե (իսպ.՝ El Morro de San Felipe), օգտագործվել է Սան Ֆելիպե դե Պուերտո Պլատա քաղաքը ծովահեններից ու կորսարներից պաշտպանելու համար[1]։ Գտնվում է Պունտիլա դել Մալեկոն բլրի վրա (իսպ.՝ Puntilla Del Malecón), որը նայում է Ատլանտյան օվկիանոսին․ դրա ռազմավարական դիրքը հնարավորություն է տվել պաշտպանել քաղաքի նավահանգստի մուտքը։ Ամրոցի շինարարությունը սկսվել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի հրամանով 1564 թվականին և ավարտվել 1577 թվականին ամրոցի ղեկավար Ռենջիֆո դե Անգուլոյի կողմից[2]։ Ամրոցը համապատասխանաբար կոչվել է թագավորի պատվին, որի օրոք վերակառուցվել է։
Ամրոցը ներկայում վերածվել է թանգարանի, որը ներկայացնում է բերդի կարևոր դերը Պուերտո Պլատայի և Դոմինիկյան Հանրապետության պատմության մեջ։ Թանգարանային հավաքածուն պարունակում է 18-րդ և 19-րդ դարերի ռազմական նմուշներ։
Սան Ֆելիպե ամրոցը դարձել է Քվազիպատերազմի թատերաբեմերից մեկը 1800 թվականի մայիսի 11-ին։ Պուերտո Պլատայի ծովախորշի մոտ տեղի ունեցած մարտում ամերիկյան 2 նավ հետևակայինների հետ միասին հաղթանակ են տարել ֆրանսիական կորվետի և ամրոցի իսպանական կայազորի նկատմամբ, որից հետո լքել են Պուերտո Պլատայի ափը։
Հետագայում ամրոցն օգտագործվել է որպես բանտ, օրինակ՝ Պեդրո Սանտանան այդտեղ բանտարկել է Դոմինիկյան Հանրապետության հիմնադիր հայրերից մեկին՝ Խուան Պաբլո Դուարտին։
Ամրոցը թանգարանի է վերածվել 1965 թվականին, կառույցի վերանորոգումն իրականացվել է 1972 թվականին, իսկ 1983 թվականից այն պաշտոնապես բացվել է հասարակության համար[3][4]։ Ներկայումս Սան Ֆելիպենի ամրոցը 16-րդ դարի Պուերտո Պլատա քաղաքի միակ պահպանված կառույցն է, Պուերտո Պլատան ավերվել է և ոչնչացվել Դոմինիկյան Հանրապետության անկախության վերականգնման համար պատերազմի հրդեհներում[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆելիպե ամրոց» հոդվածին։ |