Սանդրա Սանչես Խայմե (իսպ.՝ Sandra Sánchez Jaime, սեպտեմբերի 16, 1981(1981-09-16)[1], Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի կարատեիստ։ 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն։ Կանանց կատայի անհատական մրցումներում աշխարհի չեմպիոն (Մադրիդ, 2018 թվական)[2][3], Եվրոպայի վեցակի չեմպիոն (2015-2021)։ Սանդրա Սանչեսն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես կարատեի Կարատե1 Պրեմիեր լիգայում ամենաշատ մեդալներ նվաճած անձ․ 2014 թվականի հունվարից մինչև 2020 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում նա նվաճել է 35 մեդալ բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել է[4]։
2015 թվականին ոսկե մեդալ է նվաճել Ստամբուլում 2015 թվականի Եվրոպայի առաջնության կատայի կանանց մրցաշարում։ Նույն թվականին նա ոսկե մեդալ է նվաճել 2015 թվականի Եվրոպական խաղերում, որը տեղի է ունեցել Բաքվում[6]։ Եզրափակչում նա հաղթել է ֆրանսիացի Սենդի Սկորդոյին[6]։
Լինցում կայացած 2016 թվականի կարատեի աշխարհի առաջնությունում Սանչեսը բրոնզե մեդալ է նվաճել կատայի անհատական մրցումներում[7]։ 2017 թվականին նա արծաթե մեդալ է նվաճել Վրոցլավում կայացած 2017 թվականի Համաշխարհային խաղերի կանանց կատայի մրցումներում[8][9]։ Եզրափակիչում նա պարտվել է ճապոնացի Կիյոու Սիմիձուին[9]։
2018 թվականին նա ոսկե մեդալներ է նվաճել Նովի Սադի Եվրոպայի առաջնությունում և Մադրիդի աշխարհի առաջնությունում[10][11]։
2019 թվականին ոսկե մեդալ է նվաճել Իսպանիայի Գվադալախարա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում[12]։ Նույն թվականին նա ներկայացրել է Իսպանիան Մինսկում անցկացված 2019 թվականի Եվրոպական խաղերում և ոսկե մեդալ նվաճել կատայի անհատական մրցումներում[13][14]։ Ի վերջո, նա նաև ոսկե մեդալ է նվաճել Դոհայում կայացած 2019 թվականի համաշխարհային լողափային խաղերի կատայի անհատական մրցումներում[15][16]։
2021 թվականին Սանչեսը ոսկե մեդալ է նվաճել Պորեչում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնությունում[17][18]։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում դուրս է եկել կատայի մրցումների եզրափակիչ, որտեղ հաղթել է ճապոնացի Կիեու Սիմիձուին[19] և դարձել կարատեի օլիմպիական չեմպիոն[20]։