Սարսափ, աֆեկտիվ հուզական վիճակ, վախի բարձր աստիճանը, որն առաջ է գալիս, երբ մարդը հայտնվում է իր կյանքի համար վտանգավոր իրադրության մեջ, կամ երբ իր ինքնագնահատականին լուրջ վտանգ է սպառնում։ Մարդը սարսափ ապրում է նաև այն դեպքում, երբ նման վտանգավոր իրավիճակներում են հայտնվում այն անձինք, որոնց հետ նա ունի հոգեբանական նույնականացման (իդենտիֆիկացիայի) խոր ապրումներ։
Մանկության տարիներին սարսափի վիճակի ապրումը կարող է խոր հիվանդագին ազդեցություն թողնել անձի հետագա զարգացման վրա՝ հանգեցնելով նևրոտիկ խանգարումների։
Սարսափ ապրող մարդը դիմում է ակտիվ կամ պասիվ պաշտպանական գործողությունների։
Սարսափի էլ ավելի բարձր աստիճանները, որոնց նշանակման համար կարելի է օգտագործել «սոսկում» կամ «զարհուրանք» բառերը, որպես կանոն աստենիկ վիճակներ են առաջ բերում։