Սե Լինյու | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 385[1] |
Ծննդավայր | Taikang County, Jin dynasty |
Վախճանվել է | 433[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Չինաստան |
Զավակներ | Xie Feng? |
![]() |
Սե Լինյու (չինարեն՝ 謝靈運, 385[1], Taikang County, Jin dynasty - 433[1]), չինական պետական գործիչ, բանաստեղծ Չինաստանի Ծին կայսրության շրջանում (265-420):
Սե Լինյուն ծնվել է 385 թվականին Յանսյա գավառում, Չենծզյուն շրջանում (ժամանակակից Թայկան գավառ, Չժոուկոու քաղաքի շրջան, Հենան նահանգ)։ Ծագել է արիստոկրատական ընտանիքից[2], որի անդամները ժառանգաբար զբաղեցրել են ռազմական և վարչական պաշտոններ։ Վաղ տարիքում կորցրել է հորը՝ Սե Հուանին։ Այս իրադարձության ազդեցության տակ նա հեռացել է բուդդայական մենաստան[3], որտեղ մնացել է մինչև 399 թվականը։
406 թվականին, նա ընդունվել է պետական ծառայության և ստացել գունի տիտղոս։ Նույն թվականին նրան նշանակել են Հենան նահանգում պաշտոնի։ Սակայն ծառայությունը երկար չի տևել։ Այդ շրջանում սկսվել են ապստամբություններ, որոնք զգալիորեն թուլացրել են կայսրությունը։ 413 թվականին նա օգնել է գեներալ Լյու Յույին ճնշել հարավում սկսված ապստամբությունը։ Հետագայում Լյու Յուն գրավել է իշխանությունը՝ դառնալով կայսրության փաստացի կառավարիչ։ Սակայն Սե Լինյուն շարունակել է աջակցել Սիմա դինաստիայի կայսրերին, ինչի շնորհիվ որոշ ժամանակ պահպանել է իր ազդեցությունը արքունիքում և 416 թվականին ընդգրկվել կառավարության կազմում։ Սակայն, երբ 420 թվականին Լյու Յուն տապալել է Ցզին դինաստիան և հիմնել Լյու Սուն կայսրությունը, Սե ընտանիքը կորցրել է իր ազդեցությունը։ Ինքը՝ Սե Լինյունը, կորցրել է տիտղոսը՝ գունից դառնալով հոու։ Որից հետո նրան աքսորել են Յունցզի քաղաք (ժամանակակից Վենչժոու, Չժեցզյան նահանգ)։ 421 թվականին Սեն հրաժարվել է պետական ծառայությունից՝ պատճառաբանելով առողջական վիճակի վատթարացումը։
Նա հաստատվել է իր կալվածքում և այնտեղ ապրել մինչև 426 թվականը, երբ նոր կառավարիչ Վեն-դին նրան կանչել է արքունիք։ Այստեղ նա մնացել է մինչև 428 թվականը, ապա վերադարձել տուն։
Սակայն 430 թվականին Սե Լինյուն ստիպված է եղել կրկին վերադառնալ արքունիք՝ հերքելու դավադրության մեջ ներգրավված լինելու կասկածները։ 431 թվականին նրան աքսորել են ժամանակակից Ցզյանսի նահանգ, իսկ 432 թվականին՝ Գուանչժոու։ 433 թվականին Լյու Սուն կայսրության կառավարիչ Վեն-դին նրան մեղադրել է Գուանչժոուում կազմակերպված ապստամբությանը մասնակցելու մեջ և դատապարտել մահվան։ Շուտով վճիռը կայացվել է, և Սե Լինյունը մահապատժի է ենթարկվել։
Սե Լինյունի հիմնական ստեղծագործական ժանրը «քամի և հոսանք» (风流) ուղղությունն էր։ Նա բնապատկերային լիրիկայի վարպետ է եղել՝ իր բանաստեղծություններում պատկերելով լեռներ, առվակներ, դաշտեր և այգիներ։ Նրա ամենահայտնի գործերից են «Ֆու լեռներից վերադարձի մասին» (归园田居)։
Նա նաև հեղինակել է «Երբ բարձրանում էի քաղաքային աշտարակ»[4] բանաստեղծությունը, որից հայտնի դարձած արտահայտությունը՝ «Գարնանային խոտը աճում է ջրամբարի ափին», դարձել է թևավոր խոսք, որը խորհրդանշում է եղբայրական բարեկամությունն ու փոխօգնությունը[5]։ Սե Լինյունը այս տողը գրել է այն բանից հետո, երբ երազում տեսել է իր եղբորը՝ Սե Հուեյլյանին[6]։ Այս պատմությունը հիշատակվում է Չժուն Ժունի «Բանաստեղծությունների կարգեր» («Շի Պին», 诗品) տրակտատում։
Նրա ժառանգության մի մասը կազմում են քաղաքական թեմաներով գրված բանաստեղծությունները, որոնք արտացոլում են ժամանակաշրջանի իրադարձությունները։ Նրա առաջին ստեղծագործությունների ժողովածուն տպագրվել է Սուն դինաստիայի օրոք և կազմված էր 19 փաթեթ-ցզյուաններից։
Սե Լինյուն պետական պաշտոններից ազատ կամ արքունիքում չեղած ժամանակ շատ է ճանապարհորդել` լինելով տարբեր վայրերում։ Հարմարավետության համար նա ստեղծել է հատուկ փայտե կոշիկներ՝ մետաղյա սեպերով, որոնք կարող էր կարգավորել՝ կախված նրանից իջնում էր, թե բարձրանում լեռան լանջով[7]։ Այս մասին պատմվում է «Սե Լինյու կենսագրություն» գլխում, որը ընդգրկված է «Սունի գրքում» («Սուն Շու») 67-րդ ցզյուանում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սե Լինյու» հոդվածին։ |
|