Սենտո (ճապ.՝ 銭湯), հանրային բաղնիքներ Ճապոնիայում։ Սովորաբար այդ բաղնիքները բարձրաբերձ խողովակներով մեկ, երկու հարկանի հսկայական շենքեր են։ Այդպիսի մի բաղնիք օրական հաճախում են հազարավոր քաղաքացիներ։ Այցելուների թիվը հատկապես նկատելի է իրիկնային ժամերին։ Կանայք, երեխաներն ու ծերունիները հասցնում են լողանալ մինչև այցելուների երեկոյան հոսքը։ Որպես կանոն, սենտոները բաց են ժամը 15։00-ից մինչև կեսգիշեր։
Ճապոնիայում բաղնիքն ավելին է, քան հիգենիկ արարողությունը։ Դա մարմնական և հոգևոր մաքրման պահ է՝ միսոգի (ջրով մաքրվելու ծես)։ Այստեղ զրուցում են, վիճում, կարևոր խնդիրներ լուծում։ Համարվում է, որ բարդ հարցերի լուծման, փիլիսոփայական վեճերի և քաղաքական բանավեճերի լավագույն վայրը բաղնիքն է, ավելի ստույգ՝ խաշող ջրով ավազանը։ Լոգանքի բաժանմունքի առջև հաճախորդը հանում է կոշիկները, վճարում մուտքի համար և մտնում հանդերձարան։ Այստեղ նա հագուստը դարսում է հատուկ զամբյուղում, որը դնում է դարակին[1]։