Ճապոնիայում սեռական թրաֆիքինգը սեռական շահագործման և ստրկության նպատակով մարդկանց թրաֆիքինգն է, որը տեղի է ունենում հենց երկրում։ Ճապոնիան սեռական առևտրի զոհ դարձած անձանց ծագման, նշանակման և տարանցման երկիրն է։
Ճապոնիայի քաղաքացիները, առաջին հերթին կանայք և աղջիկները, սեռական շահագործման զոհ են դառնում Ճապոնիայում և, ավելի փոքր չափով, արտերկրում։ Երկրում սեռական շահագործման զոհ են դառնում օտարերկրացիները[1][2]։ Անչափահասները[3] և աղքատ ընտանիքների անձինք[4] հատկապես խոցելի են սեռական շահագործման համար։ Սեռական թրաֆիքինգի զոհերը ենթարկվում են խաբեության[1][2][5][6], սպառնալիքների[1][5][6] և պոռնկությամբ զբաղվելու հարկադրանքի։ Նրանց անձնագրերը և բանկային փաստաթղթերը հաճախ առգրավվում են[1]։ Զոհերը տառապում են ֆիզիկական և հոգեբանական տրավմաներից[3][6]։ Նրանցից շատերը բռնաբարության հետևանքով վարակվում են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով և ապրում են վատ պայմաններում։ Փրկված որոշ զոհեր ենթարկվում են օստրակիզմի, ընկճվում են[3] և կամ ինքնասպանություն են գործում[6]։
Ճապոնիայում մարդկանց առևտրով զբաղվող տղամարդիկ և կանայք պատկանում են հասարակության ամենատարբեր շերտերին։ Թրաֆիքինգ իրականացնողները հաճախ հանդիսանում են հանցավոր սինդիկատների անդամներ[1], այդ թվում՝ յակուձա։ Սեռական թրաֆիքինգը Ճապոնիայում կապված է զվարճանքի և զբոսաշրջության արդյունաբերության հետ, և կանայք և աղջիկները «մատակարարվում» Միացյալ Նահանգների Զինված ուժերի զինծառայողներին և պայմանագրային զինծառայողներին սպասարկող ձեռնարկություններին։ Թրաֆիքինգ իրականացնողները զոհերին գայթակղելու համար օգտագործում են ինտերնետային կայքեր, էլեկտրոնային փոստեր և ծրագրեր[6]։ Ճապոնիայի քաղաքացիները զբաղվում են կիբեռսեռական թրաֆիքինգով[7][8]։
Ճապոնիայում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի ծավալները դժվար է գնահատել՝ կապված սեռական շահագործման հանցագործությունների ընդհատակյա բնույթի, այն փաստի հետ, որ իշխանություններին հաղորդվում է միայն չնչին թվով դեպքերի մասին և այլ գործոնների հետ։ Ճապոնիայի կառավարությունը քննադատության է ենթարկվում սեռական թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերի և օրենքների բացակայության համար[3][5][6]։ Ճապոնացի որոշ պաշտոնյաների մեղադրել են այդ հարցի նկատմամբ անտարբերության մեջ[5][9][10]։ 2014 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ «Ճապոնիան մանկական պոռնոգրաֆիայի արտադրության և շրջանառության միջազգային կենտրոն է»[11]։
Ճապոնիայում աղջիկներին հրապուրում են, ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել[6]։ Ճապոնիայում մանկական պոռնոգրաֆիայի ստեղծումն ու վաճառքը տարածված խնդիր է[3][6]։
Ճապոնացի որոշ ուսանողներ Տոկիոյում և այլ քաղաքներում մասնակցում են enjo kōsai-ին («վճարովի ժամադրություն»)[4][3]։ Ապացույցները ցույց են տալիս, որ նման ժամադրությունները նախապատրաստական փուլեր են երեխաների մարմնավաճառության և երեխաների չարաշահման հնարավոր ձևերի համար։ Քննադատները պնդում են, որ ոստիկանությունը բավականաչափ միջոցառումներ չի իրականացնում կանանց պաշտպանելու համար, ովքեր հայտնվում են նման իրավիճակներում[12]։
Բացի երիտասարդ ճապոնացի կանանցից և աղջիկներից, սեռական շահագործման են ենթարկվում նաև այն օտարերկրացիները, որոնք աշխատում են Ճապոնիայում կամ գաղթում են այնտեղ, հատկապես Կամբոջայից, Թաիլանդից և Ֆիլիպիններից[1]։ Այս զոհերը, որոնք հաճախ գայթակղվում են Ճապոնիայում աշխատանք գտնելու կեղծ խոստումներով, գալիս են կարճաժամկետ վիզաներով։ Ճապոնիա ժամանելուն պես նրանք հետագայում ստիպված են լինում զբաղվել սեռական «բիզնեսով», սակայն մեծահասակների զվարճանքի արդյունաբերության մեջ նրանց ներգրավվածությունը սովորաբար դիտվում է որպես կամավոր՝ անկախ հանգամանքներից[13]։ Վիզայի կարգավիճակի պատճառով այս օտարերկրյա աշխատողները դժկամությամբ են դիմում տեղական իշխանությունների օգնությանը, քանի որ ըստ վերջիններիս՝ վիզան նրանց օրինական իրավունք չի տվել աշխատել Ճապոնիայում։ Զուգորդված այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են հոգեբանական ահաբեկումը, լեզվական խոչընդոտները և մշակութային տարբերությունները, օտարերկրացիները գտնվում են ծայրահեղ խոցելի վիճակում[1]։
Բացի օտարերկրացիներից, Ճապոնիայի քաղաքացիները ևս խաբեության են ենթարկվում չարագործների կողմից, որոնք ներկայանում են որպես ֆոտոմոդելային գործակալներ։ Նրանք զոհերին համոզում են ստորագրել կեղծ պայմանագրեր, որոնք իրավաբանորեն պարտավորեցնում են նրանց մասնակցել մարմնավաճառության և պոռնոգրաֆիայի արտադրությանը[6][5]։ Եթե զոհերը փորձում են հրաժարվել, գործակալները սպառնում են, որ նրանք ստիպված կլինեն տուգանքներ վճարել կամ տեսանյութեր կցուցադրեն զոհի ընտանիքին։ Տուժածներին նաև ստիպում են պայմանագրեր կնքել, որոնց համաձայն նրանք հրաժարվում են որոշակի իրավական իրավունքներից, ինչպիսիք են, օրինակ, իրենց նկարահանած ֆիլմերի հեղինակային իրավունքը[14]։
Տոկիոյում հիմնադրված Lighthouse։ Center for Human Trafficking Victims-ը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, իր ողջ գործունեությունն ուղղել է Ճապոնիայում սեքս-առևտրի զոհերին փրկելուն և աջակցելուն՝ օգնելով նրանց իրավաբանական խորհրդատվության, բնակարանային և բժշկական օգնության հարցում[1][5][4][6]։ Կազմակերպությունը ստեղծել և տարածել է նյութեր՝ մարդկանց թրաֆիքինգի մասին իրազեկությունը բարձրացնելու համար[5]։
Ճապոնիայի իշխանությունները իրավապահ միջոցներ են ձեռնարկել մեծահասակների և երեխաների սեռական առևտրի դեմ։ Աշխատանքի անվտանգության մասին օրենքը (ESA) և աշխատանքային ստանդարտների մասին օրենքը (LSA) քրեականացրել են հարկադիր աշխատանքը, որը պաշտպանում է աշխատողների մտավոր և ֆիզիկական ազատությունը և ծառայում է որպես սեռական թրաֆիքինգի դեմ պայքարի միջոց[15]։ 2016 թվականի մարտի 29-ին ընդունվել է կառավարության որոշում «Երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի միջոցառումների հետ կապված գործունեության քաղաքականության հիմնական ուղղությունների մասին»[16]։
Այս որոշումը նպատակ ուներ վերացնել երեխաների սեռական զոհաբերությունը մանկական մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի արտադրության արդյունքում։ Հասարակական անվտանգության ազգային հանձնաժողովին հանձնարարված է ղեկավարել երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի ընդհանուր միջոցառումները[15]։ Ոստիկանությունը սերտորեն համագործակցում է նաև համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ՝ մանկական մարմնավաճառության հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում։ Յոթ խոշոր պրեֆեկտուրաներում գործում են կանոնակարգեր, որոնք արգելում էին JK ընկերությունների գործունեությունը, արգելում էին մինչև 18 տարեկան աղջիկներին աշխատել վճարովի ծանոթությունների ծառայություններում[17]։