Սերգեյ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1985[1] (39 տարեկան) Երևան, Հայաստան |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց |
Պարգևներ | |
Կայք | sergeykhachatryan.com |
Սերգեյ Վլադիմիրի Խաչատրյան (ապրիլի 5, 1985[1], Երևան, Հայաստան), հայ ջութակահար։ 1993 թվականից բնակվում է Գերմանիայում։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2012)։
Ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ–դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում[2], Երևանի Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանն առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։
15 տարեկանում նա դառնում է Հելսինկիի Սիբելիուսի անվան մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցն ու հաղթողը, նաև ստանում «կոնցերտի լավագույն կատարում» մրցանակը։ Նա դափնեկիր է դարձել նաև Ֆրից Կրեյսլերի և Ինդիանապոլիսի ու այլ միջազգային մրցույթներում։ 2005 թվականին, հաղթելով Բելգիայի Էլիզաբեթ թագուհու անվան մրցույթը, 4 տարով ստանում է Ստրադիվարիուսի 1704 թվականին պատրաստած «Հագգինս» ջութակը նվագելու իրավունքը։ Այժմ նվագում է Գվարներիի 1740 թվականին պատրաստած «Իզայի» ջութակը, որը նվագել են այնպիսի ջութակահարներ, ինչպիսիք են Իզաակ Ստեռնը և Էժեն Իզային։
Սերգեյը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի բոլոր խոշոր նվագախմբերի հետ, ներառյալ Բիրմինգհամյան սիմֆոնիկ, BBC ֆիլհարմոնիկ, և մշտական համագործակցությամբ՝ Ֆիլհարմոնիա նվագախմբերի հետ նաև Տոկիոյի NHK Symphony, Թագավորական Կոնցերտգեբաու, Ֆրանսիայի ազգային, Ֆրանկֆուրտի Ռադիո-սիմֆոնիկ, Բալտիմուրի սիմֆոնիկ, Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Բամբերգի սիմֆոնիկ, Մյունխենի ֆիլհարմոնիկ, Շվեդիայի ռադիո-սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի նվագախմբերի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Ամստերդամի սիմֆոնիետայի, Ռոտերդամի Ֆիլհարմոնիկ, Փարիզի սիմֆոնիկ, Սիատլի սիմֆոնիկ, Նյու Յորքի սիմֆոնիկ, Բոստոնի սիմֆոնիկ, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ։ Հանդես է եկել դիրիժորներ Գուստավո Դուդամելի, Կուրտ Մազուրի, Ռուդոլֆ Բարշայի, Վալերի Գերգիևի, Մայքլ Թիլսոն Թոմասի, Ջուկա-Պեկկա Սարաստեի, Յուրի Տեմիրկանովի, Դանիել Հարդինգի, Հերբերտ Բլոմսթեդի, Ջոնաթան Նոթի, Ջեյմս Գաֆիգանի, Անդրիս Նելսոնսի, Սըր Չարլզ Մակկերասի, Քրիստոֆ ֆոն Դոհնանյի, Ռաֆայել Ֆրուհբեկ դե Բորգոյի, Յուրա Վալչուհայի, Տուգան Սոխիևի և այլոց հետ։ 2013/14 համերգաշրջանում ծրագրվում է Բերգի կոնցերտի կատարումը Դավիդ Աֆքհամի հետ։ Ծրագրվում են նաև համերգներ Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Նիդեռլանդների Ռադիոյի ֆիլհարմոնիկ, Վիեննայի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Հանդես է գալիս քրոջ՝ տաղանդավոր դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ որպես դուետ։ Միասին ելույթ են ունեցել Ամստերդամի Կոնցերգեբաուում, Քարնեգի հուլում, Լոնդոնի Ուիգմոր հոլում, Մարիինյան թատրոնում, Theatre des Champs Elysees-ում, Cite de la Musique-ում (Փարիզ), Auditori Nacional Madrid-ում, Palais des Beaux Arts-ում (Բրյուսել), Լյուքսեմբուրգի ֆիլհարմունիայում, Alice Tully Hall-ում (Նյու Յորք) և այլուր։ Բրամսի բոլոր սոնատների կատարումով հանդես են եկել բազմաթիվ քաղաքներում։ Հանդես է եկել նաև տրիոյի կազմում Նարեկ Հախնազարյանի և Լուսինե Խաչատրյանի հետ։
Սերգեյի ձայնասկավառակները ներառում են Ֆրանկի և Շոստակովիչի սոնատները ջութակի և դաշնամուրի համար, Սիբելիուսի և Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտները։
Վաղ տարիքից մենահամերգներով և որպես մենակատար՝ սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում, որպես կանոն տարեկան 1–2 համերգով հանդես է գալիս Հայաստանում։ Պարբերաբար մասնակցում է Վերադարձի փառատոնին, որի ընթացքում հանդես է գալիս հայրենիքում այլ հայազգի երաժիշտների հետ։
Սերգեյ Խաչատրյանը 2013 թվականին ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»[6]։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Խաչատրյան (ջութակահար)» հոդվածին։ |
|