Սթիվեն Սոթլոֆ անգլ.՝ Steven Joel Sotloff | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1983[1] |
Ծննդավայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 2, 2014[1] (31 տարեկան) |
Մահվան վայր | Սիրիական անապատ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Ֆլորիդայի Կենտրոնական համալսարան, Reichman University? և Kimball Union Academy? |
Մասնագիտություն | լրագրող |
Պարգևներ և մրցանակներ |
Սթիվեն Ջոել Սոթլոֆ (անգլ.՝ Steven Joel Sotloff, մայիսի 11, 1983[1], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ - սեպտեմբերի 2, 2014[1], Սիրիական անապատ), ամերիկացի լրագրող, աշխատել էTime շաբաթաթերթում[2]։ 2013 թվականի օգոստոսի 4-ին Հալեպում գերի ընկնելով իսլամիստներին[3], Սոթլոֆը 2014 թվականի սեպտեմբերի 2-ին մահապատժի է ենթարկվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական ջիհադիստական խմբավորման զինյալների կողմից[4][5]։
Սթիվեն Սոթլոֆը ծնվել է Արթուր և Շիրլի Սոթլոֆիների ընտանիքում[6][7], Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Ուներ քույր՝ Լորենը[6]։ Սթիվենը համարվում է հոլոքոստից փրկվածների թոռը[8]։ Ավարտել է Քիմբալի Միացյալ ակադեմիան, այնուհետև սովորել է Նյու Հեմփշիրի Մերիդենի մասնավոր գիշերօթիկ դպրոցում[9], իսկ 2002 թվականից մինչև 2004 թվականը՝ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում՝ մասնագիտանալով լրագրության ոլորտում[10]։ Որոշ ժամանակ, Սթիվենը սովորել է Իսրայելի Հերզիլա միջդիսցիպլինար քոլեջում[11]։ Նա ուներ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիություն[12][13]։
Սկսելով աշխատել Եմենում՝ Սոթլոֆը սովորել է արաբերեն խոսել և Եմենի համարով բջջային հեռախոս ստացավ, հենց արաբական գարնան ժամանակ[14]։ Նա աշխատել է Time ամսագրում, ինչպես նաև Christian Science Monitor-ում[15], The National Interest-ում, Media Line-ում[2], Foreign Policy-ում, հայտնվել է նաև CNN-ում և Fox News-ում[6]։ Աշխատանքի բերումով մի քանի անգամ եղել Է Սիրիայում, ինչպես նաև Եգիպտոսում, Թուրքիայում, Լիբիայում և Բահրեյնում[16]։ Ավելի ուշ «Newsweek»-ի խմբագիր Ջանին դի Ջովաննին ասել է, որ իր իսկ խոստովանությամբ, Սոթլոֆը այն մարդկանց ցուցակում էր, որոնց վարքը զայրացնում էր ապստամբներին[14]։
Հադսոնի ինստիտուտի հրավիրված գիտաշխատող Էն Մարլոուն, ով Լիբիայի իրադարձությունների ժամանակ աշխատել է Սոթլոֆի հետ, նշել է, որ «նա հավատում էր արաբական գարնանը։ Հավատում էր ժողովրդավարությանը։ Նա կարծում էր, որ արաբներն ու մուսուլմանները արժանի են այն նույն հնարավորություններին, որոնք առկա են Արևմուտքում»[17]։ Միաժամանակ, նշել է, որ լիբիացիներն իրենց հեղափոխությունն արտահանել են Սիրիա[18]։
2013 թվականի օգոստոսի 4-ին, Հալեպի մոտակայքում, Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը հատելուց հետո, Սոթլոֆը առևանգվել էր[6][16], իսկ ավելի ուշ տեղափոխվել Ռակկա։ Նրա ընտանիքը չի հրապարակել այդ տեղեկությունը՝ վախենալո, որ կարող են նրան վնաս պատճառել և ԱՄՆ կառավարության հետ համատեղ մեկ տարվա ծավալած գործունեությունից հետո, մասնավոր կարգով ազատ է արձակվել[19]։ 2014 թվականի օգոստոսի 19-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը տեսանյութ է հրապարակել «Ուղերձ Ամերիկային» վերնագրով՝ լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխավորությամբ[20]։ Տեսանյութի վերջում ԻԼԻՊ-ի անդամը սպառնացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ ասելով, որ «իր հաջորդ քայլը» կորոշի Սոթլոֆի ճակատագիրը[21]։ Այնուամենայնիվ, մի քանի օր անց ԱՄՆ ՌՕՈՒ-ն ակտիվացրել են ավիահարվածները ԻՊ-ի դեմ, մասնավորապես, Մոսուլի ամբարտակի մերձակայքում, արձակելով ավելի քան 14 հրթիռ[22]։
Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Սպիտակ տան կայքում ստորագրահավաք է տեղադրվել, որում կոչ է արվել նախագահ Օբամային փրկել Սոթլոֆին։ Մի քանի օրվա ընթացքում հավաքվեց հազարավոր ստորագրություններ[23]։ Օգոստոսի 27-ին Սոթլոֆի մայրը՝ Շիրլին, կարճ տեսանյութ է հրապարակել՝ խնդրելով ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին ազատ արձակել իր որդուն[7], քանի որ նա չպետք է պատիժ կրի այն բաների համար, որոնց վրա նա ի զորու չէ ազդել[24]։
2014 թվականի սեպտեմբերի 2-ին[25][26] «SITE Intelligence Group» կայքը[27][28] հաղորդել է «Ամերիկային երկրորդ ուղերձ» վերնագրով տեսանյութի հրապարակման մասին (անգլ.՝ A Second Message to America), որտեղ Սոթլոֆին գլխատում է այն նույն մարդը, ով սպանել է Ջեյմս Ֆոլին[29][30]։ Մահապատժից առաջ Սոթլոֆը նարնջագույն կամբինեզոնով գտնվում էր անապատում[31] նա դանակը ձեռքին[32], ասել է «ես վերադարձա Օբամա։ Եվ ես վերադարձա Իսլամական պետության նկատմամբ ձեր ամբարտավան արտաքին քաղաքականության պատճառով[33][34]։
Ես Սթիվեն Ջոել Սոթլոֆն եմ։ Ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե ով եմ ես, և ինչու եմ ներկայանում ձեր առաջ։ Եվ հիմա եկել է իմ հաղորդագրության ժամանակը։ Օբամայի, Իրաք ներխուժելու պատրվակը ամերիկյան կյանքի ու շահերի պաշտպանությունն էր, ինչու՞ եմ հիմա լաց լինում իմ կյանքին՝ ձեր միջամտության համար։ Ես ԱՄՆ քաղաքացի չե՞մ։ Մենք ծախսել ենք ամերիկացի հարկատուների միլիարդավոր դոլարներ և հազարավոր զինվորներ ենք կորցրել ԻՊ-ի դեմ նախորդ մարտերում, ուրեմն ինչո՞ւմն է ժողովրդի հետաքրքրությունը նոր սկսված պատերազմում։ Չնայած ես քիչ բան գիտեմ արտաքին քաղաքականության մասին, բայց հիշում եմ այն ժամանակը, երբ ընտրություններում ձեր ոչ մի հաղթանակ չի եղել առանց Իրաքից ու Աֆղանստանից մեր զինվորներին ետ վերադարձնելու ու Գուանտանամոյի բանտը փակելու խոստումների։ Այժմ, Օբամա մոտենում է ձեր ժամկետի ավարտը, վերը նշվածներից ոչ մեկին դուք չեք հասել։ Դուք խաբեությամբ առաջնորդում եք մեզ՝ ամերիկյան ժողովրդին, դեպի բաց կրակը[35][36]։ Բնօրինակ տեքստ (անգլ.)
I am Steven Joel Sotloff. I'm sure you know exactly who I am by now and why I am appearing before you. And now this time for my message: Obama, your foreign policy of intervention in Iraq was supposed to be for the preservation of American lives and interests, so why is it that I am paying the price of your interference with my life. Am I not an American citizen? You've spent billions of U.S. tax payers dollars and we've lost thousands of our troops in our previous fighting against the Islamic State, so where is the people's interest in reigniting this war? From what little I know about foreign policy, I remember a time you could not win an election without promising to bring our troops back home from Iraq and Afghanistan and to close down Guantanamo. Here you are now, Obama, nearing the end of your term, and having achieving none of the above, and deceivingly marching us the American people in the blazing fire[37]։ |
Տեսանյութը ավարտվում է զոհի պարանոցին դանակի բարձրացմամբ, որից հետո վերսկսվում են այն կադրերը, որոնցում Սոթլոֆի գլուխն ընկած է նրա մարմնի վրա[38][39]։ Տեսանյութի վերջում գրոհայինը լրագրողի սպանությունը կրկին համարել է ԻՊ-ի դիրքերին ԱՄՆ-ի ավիահարվածների պատասխան[40], բրիտանացի Դեյվիդ Քոութն Հայնեսին անվանելով հաջորդ թիրախ[41]։ Եվ ասելով, որ «Մենք առիթից օգտնվելով՝ կոչ ենք անում այն կառավարություններին, որոնք մտել են Ամերիկայի այս սատանայական դաշինքի մեջ՝ ընդդեմ Իսլամական պետության, նահանջել և մեր ժողովրդին հանգիստ թողնել»[42][43]։
Ֆլորիդայի Պինեկրես քաղաքում բնակվող Սթիվեն Սոտլոֆի ընտանիքը գրեթե անմիջապես տեղեկացավ սպանության մասին, և, ինչպես հաղորդել է նրանց խոսնակ Բարաք Բուֆին, ընտանիքը «սգում է առանձնապես»[44], և որևէ մեկնաբանություն չի լինի[45]։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստն ասել է, որ «առայժմ ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները այս ամբիոնից, բայց մենք լրջորեն ընկալում ենք Իսլամական պետությունից բխող սպառնալիքը»[46], իսկ «թողարկված տեսանյութը շատ մանրակրկիտ վերլուծվելու է»[47]։ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին ասել է, որ աշխատանքներ են տարվում տեսանյութը ստուգելու ուղղությամբ՝ հավելելով, «մենք ցավակցում ենք»[37] և «մեր սրտերը Սոթլոֆի ընտանիքի հետ են»[48][49]։ Ավելի ուշ, Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Բերնադետ Միխենը հայտնել է, որ «մենք տեսել ենք Իրաքի և Լևանտի իսլամական պետության գրոհայինների կողմից ԱՄՆ քաղաքացու ենթադրյալ սպանության տեսանյութը»։ Հետախուզական հանրությունը աշխատում է հնարավորինս շուտ բացահայտել դրա իսկությունը։ «Եթե տեսանյութը ճշմարիտ է, ապա մենք վրդովված ենք անմեղ ամերիկացի լրագրողի դաժան սպանությունից և խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին ու ընկերներին։ Մենք տեսանյութի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք»[50][51]։ Մի քանի ժամ անց անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հեյդենը հայտնել է, «որ ԱՄՆ-ի հետախուզական գերատեսչությունն ուսումնասիրել է ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Սոթլոֆի հետ կապված վերջերս հրապարակված տեսանյութը և եկել այն եզրահանգմանը, որ այն իրական է։»[52][53]։
Դրանից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը պետական այցով գտնվում էր Էստոնիայում[54], Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հարգանքի տուրք մատուցեց Սոթլոֆին՝ նրան անվանելով նվիրված և խիզախ լրագրող, իսկ նրա մահը նկարագրելով որպես բռնության սարսափելի ակտ։ Դիմելով Սոթլոֆի ընտանիքին՝ Օբաման ասել է, որ «այսօր մեր երկիրը սգում է նրանց հետ միասին», հավելելով, որ ԱՄՆ-ն երբեք չի մոռանա այդ երկու հրաշալի երիտասարդների դեմ կատարված սարսափելի հանցագործությունը[55], իսկ ԻԼԻՊ-ը կոչնչանա[56]։ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ «աշխարհը կրկին տեսավ ԻՊ-ի մարդասպան ահաբեկիչների անըմբռնելի դաժանությունը, երբ մենք տեսանք Սթիվեն Սոթլոֆին՝ ամերիկացի լրագրող, ով լքեց իր տունը Ֆլորիդայում՝ պատմելու համար Մերձավոր Արևելքում խիզախ մարդկանց պատմությունը։ Դա ուժեղ հարված էր, սակայն նրա մարդասպանները պետք է իմանան, որ ԱՄՆ-ն նրանց պատասխանատվության կենթարկի՝ կարևոր չէ, թե որքան ժամանակ դա կտևի»[57][58]։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոել Սայմոնն ասել է, որ «մենք վճռականորեն դատապարտում ենք լրագրող Սթիվեն Սոթլոֆի սպանությունը։ Լրագրողները գիտեն, որ պատերազմ լուսաբանելն ինքնին վտանգավոր է։ Բայց հաշվեհարդար տեսնելը, միայն այն բանի համար որ դու լրագրող ես պարզապես բարբարոսություն է»[59]։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Սոթլոֆի սպանությունը անվանել է «բացարձակ զզվելի, արհամարհելի ակտ»[60], քանի որ ԻԼԻՊ-ի մարտիկները սպառնում են սիրիացիներին, իրաքցիներին, ամերիկացիներին և բրիտանացիներին, քանի որ նրանք չեն տարբերակում մուսուլմաններից, քրիստոնյաներից կամ որևէ այլ հավատքի տեր մարդկանցից», հավելելով, որ «իմ մտքերն ու աղոթքները այսօր երեկոյան Սոթլոֆի ընտանիքի և ընկերների հետ են[61], որոնք գործ ունեն այս սարսափելի և ողբերգական իրադրության հետ։ Մենք աշխատում ենք բրիտանացի ժողովրդին անվտանգ պահելու ուղղությամբ և շարունակելու ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր երկիրն ու մեր ժողովրդին այդ բարբարոսական ահաբեկիչներից»[62]։ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը նշել է, որ Սոթլոֆի մահապատիժը ցույց է տվել ԻՊ-ի «մարդասպան բարբարոսությունը» և, որ խումբը դարձել է սպառնալիք, որին չի կարելի անտեսել»[63]։ Ավելի ուշ նա կառավարության արտակարգ իրավիճակների կոմիտեի՝ «Կոբրա»-ի արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, քանի որ տեսանյութում Մեծ Բրիտանիայի քաղաքացի պատանդի սպանության սպառնալիք կա[64][65], որից հետո արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդն ասել է, որ ԻՊ-ի դեմ Մեծ Բրիտանիայի պայքարի ընդհանուր ռազմավարության մեջ ոչ մի փոփոխություն չի լինի[66]։ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն ասել է, որ «հերթական անգամ մենք տեսնում ենք բարբարոսական գործողություն, որը ձեռնարկվել է ԻԼԻՊ-ի կողմից, այն արյունռուշտ խելագարների խումբ է։ Նրանց դաժանությունը պարզ է։ Մեր մտքերն այսօր այս շատ դժվար պահին, պետք է լինեն Սթիվեն Սոթլոֆի ընտանիքի և ընկերների հետ»[67]։
Ավելի ուշ, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում, Քեմերոնը, բրիտանացի հպատակին սպանելու սպառնալիքների կապակցությամբ, ասել է.
G8-ի գագաթնաժողովում ես հանդես եմ եկել առաջարկությամբ՝ միավորվել և ստորագրել համաձայնագիր այն մասին, որ պատանդներ վերցնելու և փրկագին պահանջելու դեպքում մենք չենք վճարելու։ Մեծ Բրիտանիան հավատարիմ է հենց նման քաղաքականությանը։ Ամերիկան աջակցել է նման քաղաքականությանը։ Բայց մենք պետք է կրկնապատկենք ջանքերը և վստահ լինենք, որ այլ երկրներ կհետևեն այդ սկզբունքին[68]։ |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դատապարտել է ամերիկացի լրագրողի սարսափելի ու զզվելի սպանությունը։ Իր հերթին, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ «ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի սպանությունը Իսլամական պետության ահաբեկիչների կողմից հաստատման դեպքում, նողկալի հանցագործություն է։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»[69]։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել է.
Ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի դաժան սպանությունը ևս մեկ ապացույց է այն բանի, որ ԻՊ-ը վճռական է շարունակելու և տարածելու ահաբեկչական իր ռազմավարությունը։ ԵՄ-ն իր պարտքն է համարում աջակցել ԻՊ-ի միջազգային ջանքերին և բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարներին։ Այս դաժան արարքը, ինչպես և Իսլամական պետության մարդկային իրավունքների այլ խախտումները, վիրավորանք է համաշխարհային ճանաչում ունեցող արժեքների և իրավունքների համար։ ԵՄ-ն աջակցում է Մարդու իրավունքների խորհրդին՝ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար[70]։ |
Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիյար Զեբարին ասել է, որ «այս սպանությունը վայրենության և չարիքի օրինակ է, նշելով, որ «այն վկայում է Իրաքի և Արևմուտքի միավորման անհրաժեշտության մասին, քանի որ մենք ունենք ընդհանուր թշնամի, և ամբողջ աշխարհը շարժվում է ճիշտ ուղղությամբ, որպեսզի կանգնեցնի այդ վայրենությունն ու դաժանությունը։ Ամբողջ աշխարհը ԻՊ-ի դեմ է։ Նրանք պետք է պարտվեն, որպեսզի այդ սարսափելի տեսարանները չկրկնվեն»[71]։
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը պատմել է, որ «Սոթլոֆի սպանությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք մաքուր չարության հետ։ Սա զզվելի շարժում է, ոչ միայն համարվում է պարզապես չարիք , այլ այն իրոք չարիք է»[72]։ Իր հերթին Ավստրալիայի արտգործնախարար Բիշոփն ասել է, որ սպանությունն իրենից ներկայացնում է ծանր հանցագործություն և արհամարհական ակտ[73]։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ «մենք բոլորս զայրացած ենք Իրաքի լուրերից՝ ԻՊ-ի ձեռքում խաղաղ բնակիչների դաժան սպանությունների մասին,, ներառյալ երեկվա հաղորդումները ևս մեկ լրագրողի գազանաբար գլխատելու մասին»[74]։
2014 թվականին Սոթլոֆի անունը հավերժացվել է Վաշինգտոնի լրագրության և նորությունների թանգարանի լրագրողների հուշահամալիրում[75]։